Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1168-17.05.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի 15.1-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.

«3) 2011 հուլիսի 1-ից նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 58.35 միլիոն դրամից ավելի ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառություն ունեցող (ավելացված արժեքի հարկի շեմը գերազանցած) կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Մինչեւ 2011 թվականի հուլիսի 1-ը ավարտված հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը եւ տեղեկությունները հարկային մարմիններին կարող են ներկայացվել մինչեւ 2011 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով: 

Հիմնավորում

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը . Նախագծի անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին հավանություն տալու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի թիվ 97-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1768-Ն որոշման 1-ին կետով հավանության արժանացած` Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի 1.1 կետից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. Գործող օրենսդրության համաձայն, էլեկտրոնային եղանակով հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների, այլ փաստաթղթերի եւ տեղեկությունների ներկայացումը պարտադիր է հետեւյալ ժամանակացույցին համապատասխան`

1) 2010 թվականի հունվարի 1-ից`

ա) բանկերի, վարկային կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, արժեթղթերի շուկայում հաշվետու թողարկողների, ներդրումային ընկերությունների, կարգավորող շուկայի օպերատորի, կենտրոնական դեպոզիտարիայի, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների համար,

բ) «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն խոշոր համարվող կազմակերպությունների համար,

գ) նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 100 միլիոն դրամ եւ ավելի իրացման շրջանառություն (համախառն եկամուտ) ունեցող պետական կառավարչական հիմնարկների, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների համար,

դ) նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 100 միլիոն դրամ եւ ավելի իրացման շրջանառություն (համախառն եկամուտ) ունեցող` 50 տոկոս եւ ավելի պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների համար.

2) 2010 թվականի հուլիսի 1-ից նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 100 միլիոն դրամ եւ ավելի իրացման շրջանառություն (համախառն եկամուտ) ունեցող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար:

Խնդիրը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է ընդլայնել հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, այլ փաստաթղթերը եւ տեղեկությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու շրջանակները:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, այլ փաստաթղթերը եւ տեղեկությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու շրջանակների ընդլայնմանը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը. Նախագծի կարգավորման նպատակը հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, այլ փաստաթղթերը եւ տեղեկությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու շրջանակն է:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը. Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է ընդլայնել հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, այլ փաստաթղթերը եւ տեղեկությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու շրջանակները` դրանով իսկ բարելավերով Հայաստանի Հանրապետության ցուցանիշը գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքների շրջանակներում: