Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1169-18.05.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. (2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն) «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ եւ 4-րդ մասով`

«3.Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող հայերը` Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են գտնվել սույն հոդվածի 1-ին մասում սահմանված 90 օրյա ժամկետը գերազանցող անորոշ ժամկետով` առանց սույն օրենքով օտարերկրացիների համար սահմանված, կացության կարգավիճակ ձեռք բերելու:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց սեփականության իրավունքով պատկանող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները կարող են իրենց հետ միաժամանակ գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում` առանց  Հայաստանի Հանրապետության Մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածով սահմանված սահմանափակման:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

««Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Վրաստանում բնակվող մեր հայրենակիցների եւ Մայր հայրենիքի կենսական կապի ապահովմամբ, որն ունի անքակտելի բնույթ եւ վերաբերում է առօրյա եւ շարունակական կենսաապահովման գործընթացներին, ինչպիսիք են` աշխատանքը, ուսումը, բուժօգնությունը, ամուսնությունը եւ այլն:

Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռնի վերացնել Վրաստանում բնակվող հայերի` մասնավորապես Սամցխե-Ջավախք եւ Քվեմո- Քարթլի նահանգներում գրանցված եւ բնակվող ազգությամբ հայ քաղաքացիների Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր բնակության հետ կապված ավելորդ ու անհարգի խոչընդոտները:

Այս նախագծի ընդունումը պայմանավորված է ինչպես հայասիրական եւ հայրենասիրական մղումներով, այնպես էլ արտաքին քաղաքական շարժառիթներով, կապված Ջավախքի հայաթափության կասեցման արդիական հարցի հետ: