Հոդված 1. «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի /8 դեկտեմբերի 1999թ, ՀՕ-28/ 28-րդ հոդվածի վերջում ավելացնել երկու նոր մասեր, հետեւյալ բովանդակությամբ.
«Հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը սահմանվում են ՀՀ կառավարության կողմից` hիմք ընդունելով նվազագույն աշխատավարձի չափը:
Եթե հեղինակային պայմանագրում ստեղծագործության հրատարակման կամ այլ ձեւով վերարտադրության մասին նախատեսվում է հատուցում՝ ֆիքսված գումարի տեսքով, ապա պայմանագրում սահմանվում է ստեղծագործության առավելագույն տիրաժը:»։
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
«Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի /այսուհետ՝ օրենք/ 28-րդ հոդվածում ներկայացված լրացումների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ օրենքը հետամուտ լինելով ՀՀ Սահմանադրությամբ հռչակված սոցիալական պետության գաղափարին, կնախատեսի հեղինակների նյութական շահերի պաշտպանության նվազագույն երաշխիքներ՝ խթանելով նրանց ստեղծագործական գործունեությանը եւ արդարացի փոխհատուցմանը: