Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-11712-18.05.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186  օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 18-րդ կետը լրացնել 18.8.1 ենթակետով` հետեւյալ բովանդակությամբ:

«18.8.1 «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման համար` տարեկան բազային տուրքի 15000-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «LԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Անհրաժեշտությունը

 «Ներքին շուկայի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Lիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում» լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը բխում է օղու տեղական արտադրողների եւ ներմուծողների միջեւ ներկայումս անհավասար մրցակցային դաշտի վերացման եւ վերջիններիս հանդեպ միանման մոտեցման կիրառման անհրաժեշտությունից:

Միաժամանակ նախագծերն ուղղված են ներքին շուկան պաշտպանելու անորակ եւ կեղծ արտադրանքից` ապահովելով նաեւ սպառողի եւ ներքին արտադրողի շահերի պաշտպանությունը:

2. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները եւ տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Օղու տեղական արտադրությունը ենթակա է լիցենզավորման համաձայն «Lիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 18.3 կետի, որի համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսվում է տարեկան պետական տուրքի վճարում` 15.0 մլն ՀՀ դրամի չափով:

Նույն արտադրանքի համար «Ներքին շուկայի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17.1 հոդվածով սահմանված է քանակ (ծավալ), որի շրջանակներում ապրանքների ներմուծումը կարող է իրականացվել, եթե ներմուծողը վճարել է այդ քանակով ապրանքների ներմուծման թույլտվության վճարը` յուրաքանչյուր  250 հազար լիտրի ներմուծման թույլատվության համար 30.0 մլն ՀՀ դրամ:

Առաջարկվող քաղաքականությունը նպատակաուղղված է տեղական եւ ներմուծված օղու արտադրանքի նկատմամբ միանման մոտեցման ապահովմանը: Միաժամանակ  վերջիններիս հանդեպ լիցենզավորման պահանջի ներդնումը թույլ կտա ապահովել տվյալ արտադրանքի որակին ներկայացվող պահանջների կատարումը` արդյունքում ապահովելով նաեւ սպառողի անվտանգությունը:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծերով առաջարկվում է տեղական եւ ներմուծվող օղու նկատմամբ կիրառվող խտրական մոտեցման վերացում եւ հավասար մրցակցային դաշտ ապահովում օղու տեղական արտադրողների եւ ներմուծողների միջեւ` օղու ներմուծման հանդեպ կիրառվող սակագնային քվոտավորման փոխարեն օղու ներմուծումը դասակարգելով որպես լիցենզավորման գործունեություն եւ սահմանելով հավասար պետական տուրքի դրույքաչափ:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Օրենքի նախագծի մշակումը իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

«Lիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ներքին շուկայի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունմամբ կապահովվի ոչ խտրական մոտեցում օղու տեղական եւ ներմուծվող արտադրանքների նկատմամբ, կապահովվի հավասար մրցակցային դաշտ եւ կպաշտպանի ներքին շուկան անորակ եւ կեղծ արտադրանքից: