Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-791-08.04.2009,20.05.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված1. «Սննդամթերքի անվտանգության մասին»  Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 27 թիվ ՀՕ-193-Ն օրենքի /այսուհետ` օրենք/ 2-րդ հոդվածը լրացնել  նոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ`

«Դասիչ` նիշավորում ըստ սննդային հավելումների կոդավորման միջազգային թվային համակարգի»:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում`

1) «բ» ենթակետից հետո լրացնել «բ1 » նոր ենթակետ հետեւյալ բովանդակությամբ`

«Կաթի եւ կաթնամթերքի դեպքում` տեղեկատվություն պարենային հումքի մշակման ենթարկված լինելու վերաբերյալ»:

2) «գ» ենթակետը լրացնել «եւ դասիչները» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտության

Կաթից ստացվող արտադրանքի մեջ, որպես հիմնական պարենային հումք հաճախ օգտագործվում է ոչ թե բնական թարմ հեղուկ կաթ, այլ նրա մշակման ենթարկված տեսակները (չորացրած, խտացրած եւ այլն), որը մակնշման մեջ չի արտացոլվում: Օրենքի նախագծով առաջարկվում է գնորդին մատուցել ամբողջական տեղեկատվություն, որը կարող է նպաստել նաեւ թարմ կաթից պատրաստվող մթերքների սպառման աճին եւ հանրապետությունում ստացվող կաթի պահանջարկի մեծացմանը:

Օրենքի նախագծով առաջարկվում է նաեւ բարձրացնել սպառողների իրազեկվածության մակարդակը սննդային հավելումների վերաբերյալ: