Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-1170-18.05.2011,23.05.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 15-րդ գլխում «ընդհանուր իրավասության» բառերը փոխարինել «առաջին ատյանի» բառերով։

Հոդված 2. Օրենսգրքի 115-րդ հոդվածում 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Արդարադատության խորհուրդը` արդարադատության խորհրդի աշխատակազմի միջոցով, մինչեւ յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը պարզելով հաջորդ տարվա ընթացքում առաջին ատյանի դատարանում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ քանակը, որոշում է կայացնում  դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացմամբ բաժնի համալրման մասին, եթե դատավորների թեկնածությունների ցուցակում առկա թեկնածուների թվաքանակը համապատասխանաբար քրեական եւ քաղաքացիական մասնագիտացմամբ բաժնում չի գերազանցում թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը 2-ով, իսկ վարչական մասնագիտացմամբ բաժնում՝ 1-ով: Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների թվաքանակի հաշվարկը կատարվում է քրեական եւ քաղաքացիական մասնագիտացմամբ բաժիններում համալրման համար անհրաժեշտ քանակը 2 թեկնածուով, իսկ վարչական մասնագիտացմամբ բաժնում՝ 1 թեկնածուով գերազանցող թվաքանակի հաշվարկով: Վճռաբեկ դատարանի նախագահը ոչ ուշ, քան մինչեւ սեպտեմբերի 10-ը հրապարակում է հայտարարություն` դատավորների թեկնածությունների ցուցակի hամալրման նպատակով որակավորման ստուգումներ անցկացնելու մասին:»:

Հոդված 3. Օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունում «ամենաբարձր հանրագումարային միավորներ ստացած 16» բառերը փոխարինել «դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների թվաքանակը 4-ով գերազանցող թվաքանակի ամենաբարձր հանրագումարային միավորներ հավաքած» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 117-րդ հոդվածում`

1) 2-րդ մասում 1-ին նախադասությունում «ցուցակի» բառից հետո լրացնել «համապատասխան բաժնի»  բառերը:

2) 2-րդ մասում 3-րդ նախադասությունում «Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի 10 ձայնի իրավունք» բառերը փոխարինել   «Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների թվաքանակին հավասար ձայնի իրավունք» բառերով:

3) 2-րդ մասում 4-րդ նախադասությունում «10 ձայնից» բառերը փոխարինել «Անհրաժեշտ թեկնածուների քանակից» բառերով,

4) 2-րդ մասում 6-րդ նախադասությունը շարադել հետեւյալ խմբագրությամբ.

«Քվեարկության արդյունքներով կազմվում է թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների թվաքանակին հավասար թվաքանակի առավելագույն ձայներ ստացած անձանց ցուցակ:»:

Հոդված 6. Օրենսգրքի 118-րդ հոդվածում՝

1) վերնագրից հանել «դատախազների փաստաբանների եւ քննիչների» բառերը։

2) 2-րդ  մասն ուժը կորցրած ճանաչել։

3) 3-րդ եւ 6-րդ մասերում «եւ երկրորդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառով։

4) 5-րդ մասում «ցուցակի» բառից հետո լրացնել «համապատասխան բաժնի» բառերը:

5)  7-րդ մասից հանել «կամ փաստաբան կամ դատախազ կամ քննիչ» բառերը։

6) 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 7. Օրենսգրքի 120-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել ։

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 8. Օրենսգրքի 122-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետում «մասնագիտացված առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի» բառերը փոխարինել «համապատասխան մասնագիտացման»  բառերով։

2) 1-ին մասի 2-րդ  կետում «(բացառությամբ սույն օրենսգրքի 139-րդ հոդվածով նախատեսված անձանց)» բառերից հետո լրացնել «եւ ունի թափուր տեղին համապատասխան մասնագիտացում» բառերը։

3) 1-ին մասի 3-րդ կետի 1-ին նախադասությունում  «պաշտոնում»  բառից հետո լրացնել «եւ ունի թափուր տեղին համապտասխան մասնագիտացում» բառերը։

4) 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) չորրորդ հերթին առաջարկում է դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում ընդգրկված անձանց՝ անկախ ցուցակում ընդգրկվելու տարեթվից, բացառությամբ այդ պահին պարտադիր զինվորական ծառայության պարտականություններ կատարող անձանցից։».

5) 1-ին մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

6) 2-րդ մասից հանել «նախկին դատավորներին» բառերը, իսկ «5-րդ» բառերը փոխարինել «4-րդ» բառերով։

Հոդված 9. Օրենսգրքի 123-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 123. Առաջին ատյանի  դատարանի դատավորների թափուր տեղի համար առաջարկված թեկնածուների կողմից առաջարկն ընդունելու կարգը եւ չընդունելու հետեւանքները

1. Սույն օրենսգրքի 122-րդ հոդվածի  1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված թեկնածուն ծանուցումը ստանալու պահից մեկշաբաթյա ժամկետում պարտավոր է վճռաբեկ դատարանի նախագահի նստավայր ներկայացնել իր գրավոր համաձայնությունը կամ հայտնել անհամաձայնությունը նշանակման վերաբերյալ, իսկ 122-րդ հոդվածի  1-ին մասի 4-րդ կետով նախատեսված անձինք՝ իրենց թեկնածությունը Արդարադատության խորհրդի նիստում քվեարկության դնելու համաձայնության  մասին։  Սահմանված ժամկետում համաձայնություն չտալը դիտվում է որպես անհամաձայնություն։

2. Սույն օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձի համաձայնության դեպքում նա սկսում է ստանալ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող աշխատավարձ:

3. Սույն օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքում անձի անհամաձայնությունը նրա համար որեւէ բացասական հետեւանք չի առաջացնում։

4. Սույն օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերում վերաքննիչ դատարանի կամ վճռաբեկ դատարանի դատավորի համաձայնությունը չի վերացնում նրա` համապատասխանաբար ռեզերվային կամ կրճատված դատավորի կարգավիճակը, իսկ առաջին ատյանի դատարանի դատավորների համար վերացնում է։

5. Սույն օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված դեպքերում դատավորի անհամաձայնությունը հանգեցնում է նրա լիազորությունների դադարեցման։

6. Սույն օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված թեկնածուի կողմից իր թեկնածությունը քվեարկության դնելուց 2-րդ անգամ հրաժարվելու դեպքում նա հանվում է դատավորների թեկնածությունների  ցուցակից ։ Այս հիմքով դատավորների թեկնածությունների ցուցակից հանվելու դեպքում թեկնածուն չի կարող հաջորդող երեք տարվա ընթացքում կրկին դիմել ցուցակում ընդգրկվելու նպատակով։

7. Սույն օրենսգրքի 122-րդ հոդվածի  1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված թեկնածուի համաձայնության դեպքում վճռաբեկ դատարանի նախագահը նրա թեկնածությունը ներկայացնում է Արդարադատության խորհրդին։ Արդարադատության խորհուրդը ներկայացրած թեկնածության վերաբերյալ բաց քվեարկությամբ տալիս է դրական եզրակացություն, եթե խախտված չեն սույն օրենսգրքով սահմանված ընթացակարգերը։ Թեկնածությունը խորհրդի դրական եզրակացության դեպքում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահին։ Եթե Հանրապետության Նախագահը առաջարկությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, չի նշանակում ներկայացված անձին համապատասխան դատավորի պաշտոնում, ապա սույն հոդվածով սահմանված կարգով վճռաբեկ դատարանի նախագահի հայտարարության հիման վրա սկսվում են նոր առաջադրումներ:

Արդարադատության խորհրդի բացասական եզրակացության դեպքում թափուր տեղի համար առաջադրումը սկսվում է նորից։

8. Սույն օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ մասով նախատեսված թեկնածուների թեկնածուների համաձայնության դեպքում նրանց թեկնածությունները  ընդգրկվում են համապատասխան թափուր տեղի համար նախատեսված քվեարկության քվեաթերթիկում։ Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է հայտ ներկայացրած անձանց անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։ Արդարադատության խորհուրդը անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն։ Յուրաքանչյուրի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեuված դատարկ քառանկյունով: Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ յուրաքանչյուր թափուր տեղի համար ունի մեկ ձայն։ Մեկ ձայնից ավելի ձայներ պարունակող քվեաթերթիկները համարվում են անվավեր: Ձայների հավաuարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն` քվեաթերթիկում ընդգրկելով միայն առավելագույն հավաuար ձայներ uտացած անձանց։ Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավաuարության դեպքում նախապատվությունը տրվում է առավել շատ աշխատանքային ստաժ ունեցող թեկնածուին։

9. Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով անցկացված քվեարկության արդյունքում Հանրապետության Նախագահին առաջարկվում է առավել ձայներ ստացած թեկնածուն, իսկ եթե առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղի համար դիմել է մեկ թեկնածու, ապա նրա թեկնածությունը  առաջադրկվում է, եթե նա ստացել է Արդարադատության խորհրդի` քվեարկությանը մասնակցած անդամների ձայների կեսից ավելին: Սահմանված քանակի ձայներ չստանալու դեպքում վճռաբեկ դատարանի նախագահի հայտարարության հիման վրա սկսվում են նոր առաջադրումներ:

10.Եթե Հանրապետության Նախագահը երկշաբաթյա ժամկետում, ներկայացված թեկնածուին չի նշանակում դատավորի պաշտոնում, ապա այդ թեկնածությունը համարվում է մերժված, անձը հանվում է դատավորների թեկնածությունների ցուցակից, իսկ թափուր տեղի համար առաջադրումը սկսվում է սույն օրենսգրքի 122-րդ հոդվածով սահմանված կարգով։ Դատավորների թեկնածությունների ցուցակից հանվելու դեպքում անձը չի կարող կրկին դիմել ցուցակում ընդգրկվելու համար համար ցուցակից հանվելու պահից երեք տարվա ընթացքում, իսկ սույն օրենսգրքի 118-րդ հոդվածով սահմանված կարգով ցուցակում ընդգրկված անձիք այլեւս չեն կարող դիմել ցուցակում 118-րդ հոդվածով սահմանված կարգով ընդգրկվելու խնդրանքով»։

Հոդված 10. Օրենսգրքի 128-րդ, 129-րդ, 130-րդ, 131-րդ, 132-րդ, 133-րդ, 134-րդ եւ 183-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել ։

Հոդված 11. Օրենսգրքի 136-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 2-րդ կետում «ցուցակը» բառից հետո լրացնել «` քրեական մասնագիտացման ու քաղաքացիական եւ վարչական մասնագիտացման բաժիններով» բառերը։

2) 2-րդ մասի 2-րդ կետից հետո լրացնել նոր պարբերությու հետեւյալ բովանդակությամբ.

«Ծառայողական առաջխաղացման ցուցակի յուրաքանչյուր բաժին բաղկացած է 5 հոգուց։»։

Հոդված 12. Օրենսգրքի 137-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

2)  2-րդ մասում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով, ավելացնել 3-րդ ենթակետ հետեւյալ բավանդակությամբ. «3) վարչական մասնագիտացում»:

3) 3-րդ մասում «ցուցակը սպառվել է, կամ եթե ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ որեւէ մասնագիտացման գծով ծառայողական առաջխաղացման ցուցակի բաժնում առկա է ոչ ավելի, քան հինգ դատավոր» բառերը փոխարինել «ցուցակում առկա դատավորների թիվը պակաս է սույն օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված թվից» բառերով։

4) 7-րդ մասում «6 թվի եւ առաջխաղացման ցուցակի համապատասխան բաժնում քվեարկության օրվա դրությամբ առկա անձանց թվի տարբերությանը» բառերը փոխարինել  «ցուցակի լրացման համար անհրաժեշտ թեկնածուների քանակին» բառերով։

Հոդված 13. Օրենսգրքի 138-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «ցուցակում» բառը փոխարինել «ցուցակի համապատասխան բաժնում» բառերով.

2) 1-ին մասի 1-ին կետում «վերաքննիչ» բառը փոխարինել «համապատասխան մասնագիտացման վերաքննիչ» բառերով.

3) 1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

4) 2-րդ մասում 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ «Եթե ծառայողական առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինում առկա դատավորների թիվը պակաս է սույն օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված թվից, ապա վճռաբեկ դատարանի նախագահը Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքի միջոցով հրապարակում է դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի կազմման մասին հայտարարություն։ » ։

Հոդված 14. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչեւ դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնի համալրումն առաջին ատյանի վարչական դատարանի դատավորի թափուր պաշտոնին կարող է հավակնել ցանկացած դատավոր։ Այս դեպքում թափուր պաշտոնում նշանակումը կատարվում է է սույն Օրենսգրքի  125-րդ հոդվածով սահմանված կարգին համապտասխան։

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասնօրյա ժամկետում դատավորների թեկնածությունների ցուցակում, ինչպես նաեւ վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձինք դիմում են ներկայացնում Արդարադատության խորհրդին` ցուցակի` իրենց նախընտրած համապատասխան մասնագիտացման բաժնում ընդգրկվելու համար։

4. Արդարադատության խորհուրդը դատավորների թեկնածուների դիմումները ստանալու ժամկետի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում հաստատում է թեկնածուների ցուցակը` համապատասխան մասնագիտացման բաժիններով։

5.  Արդարադատության խորհուրդը վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց դիմումները ստանալու ժամկետի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում հաստատում է վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը` համապատասխան մասնագիտացման բաժիններով։

6. Դատավորների ծառայողական առաջխաղացման եւ  դատավորների թեկնածությունների ցուցակը Արդարադատության խորհրդի կողմից կազմվելուց հետո մեկշաբաթյա ժամկետում ներկայացվում է Հանրապետության Նախագահի հաստատմանը։

7. Հանրապետության Նախագահի կողմից դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակը եւ  դատավորների թեկնածությունների ցուցակը հաստատելու պահից նախկին ցուցակները ճանչվում են ուժը կորցրած:»:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները.

«Դատական օրենսգրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի ապրիլի 21-ի թիվ ՆԿ-59-Ն կարգադրությամբ հաստատված դատաիրավական բարեփոխումների 2009-2011 թվականների ռազմավարական գործողությունների ծրագրի 1.1 կետը, որով նախատեսվում է դատավորների նշանակման ներկայիս ընթացակարգի կատարելագործում` արդարադատության խորհրդի գործունեության սկզբունքների, ինչպես նաեւ պիտանիության ու առաջխաղացման ցուցակների ձեւավորման ընթացակարգերի վերանայմամբ։

Ներկայումս գործում է դատավորների թեկնածուների եւ վերաքննիչ դատարանի դատավորների առաջխաղացման մեկ միասնական ցուցակ` առանց մասնագիտացումների։ Մինչդեռ ի կատարումն ՀՀ նախագահի 2009 թվականի ապրիլի 21-ի թիվ ՆԿ-59-Ն կարգադրությամբ հաստատված դատաիրավական բարեփոխումների 2009-2011 թվականների ռազմավարական գործողությունների ծրագրի 3.3 կետի` առաջին ատյանի դատավորները ունեն հստակ մասնագիտացումներ։ Ստացվում է, որ օրինակ` դատավորների թեկնածուների ցուցակ ընդգրկված քրեական մասնագիտացում ունեցող դատախազը կարող է նշանակվել որպես քաղաքացիական,սնանկության գործեր քննող դատավոր, կամ քրեական վերաքննիչ դատարանի դատավորը վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում դատավորի թափուր տեղ առաջանալու դեպքում կնշանակվի որպես քաղաքացիական գործեր քննող դատավոր։ Նման ռիսկերը բացառելու համար անհրաժեշտ է ապահովվել դատավորների թեկնածուների եւ առաջխաղացման ցուցակների հստակ մասնագիտացումը, որն էլ իր հերթին կնպաստի դատարանների դերի բարձրացմանը։

Առաջարկվող լուծումները.

1. Նախագծի ընդունմամբ կլուծվի պրակտիկայում առաջացող մի շարք խնդիրներ, որոնք էլ հաշվի են առնվել ՀՀ Նախագահի 2009 թվականի ապրիլի 21-ի թիվ ՆԿ-59-Ն կարգադրության 1.1 կետը նախատեսելու համար։ Մասնավորապես նախագծով առաջարկվում է կազմել առանձին մասնագիտացված ցուցակներ, որում կընդգրկվեն համապատասխան դատավորների թեկնածուները։ Նշված փոփոխության արդյունքում համապատասխան գործերի քննությունը կիրականացնի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորը, այլ ոչ թե, օրինակ, քրեական գործերի քննությունը կհանձնվի մեկ այլ` վարչական մասնագիտացում ունեցող դատավորին։ Նշված փոփոխությունը մեծապես կնապստի նաեւ դատավորների գիտելքների, փորձի եւ հմտությունների ամրապնդմանը համապատասխան մասնագիտացման գործերի քննության հարցում, ինչը արագ եւ արդյունավետ արադարադատության իրականացման  եւ որակյալ դատական ակտերի կայացման նախապայման է։

2. Նախագծով սահմանվել է նաեւ թեկնածությունների յուրաքանչյուր ցուցակում ընդգրկվող թեկնածուների թիվը, այն է` քաղաքացիական եւ քրեական մասնագիտացման բաժիններից յուրաքանչյուրը կազմված է 10, իսկ վարչական բաժինը` 5 հոգուց, այսինքն սահմանվել է առավելագույն թիվ, որի արդյունքում ցուցակները կունենան հստակ սահմանված անձանց թիվ եւ չի կարող կրկնվել նախկին տարիների փորձը, երբ ցուցակ էին ընդգրկվում  անհրաժեշտ քանակը էապես գերազանցող թվով թեկնածուներ` առանց նշանակման ռեալ հնարավորության։ Ներկայացված տարբերակում անձանց համար ցուցակ ընդգրկվելուց հետո իրական կդառնա թափուր տեղ առաջանալու դեպքում նշանակման հնարավորությունը։

3. Առաջարկվող փոփոխություններով վերացվում է նաեւ դատավորի թափուր պաշտոնում դատական դպրոցն ավարտած թեկնածուների նշանակման համար ՀՀ դատական օրենսգքով նախատեսված հերթականությունը, որը հիմնվում է դպրոցում թեկնածուի ուսումնռության առաջադիմության վրա։ Նշված մոտեցումը գործնականում դրսեւորվում է որպես բավական ոչ ճկուն եւ անարյդունավետ մեխանիզմ` խնդիրներ  ստեղծելով հատկապես մարզերի առաջին ատյանի դատարաններում նշանակումներ կատարման ժամանակ։ Մասնավորապես, դատավորի թափուր պաշտոնի համալրման համար կա տվյալ մարզի բնակիչ հադիսացող թեկանածու, որն ցանկանում է զբագհեցնել այդ պաշտոնը, սակայն, ըստ օրենքի թափուր տեղը զբաղեցնելու առաջարկ պետք է արվի մեկ այլ մարզի բնակիչ հանդիսացող թեկնածուի` ելնելով նրա առաջադիմությոամբ պայմանավորված հերթականությունից։  Առաջարկվող փոփոխությամբ, Արդարադատության խորհրդին է վերապահվում կոնկրետ հանգամանքնեի հաշվառմամբ թափուր տեղում թեկնածությունների ցուցակից թեկնածուի առաջադրման իրավասությունը։

4. ՀՀ դատական օրենսգիրքը նախատեսում է դատավորների թեկնածությունների ցուցակում վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 2 տարի դատախազ« փաստաբան կամ քննիչ աշխատած եւ դիմումը ներկայացնելու պահին դատախազ« փաստաբան կամ քննիչ աշխատող անձանց ընդգրկման հնարավորությունը։ Ներկա կարգավորմամբ շարդարացված խտրականություն է դրսեւորվում իրավաբանական կրթություն ունեցող այն անձանց նկատմամբ, որոնք իրականացնում են իրավաբանական մասնագիտական աշխատանք, իրենց ունակություններով, մասնագիտական հմտություններով եւ կատարած աշխատանքի բնույթով չեն զիջում քննիչներին, փաստաբաններին, դատախազներին։

Նախագծում առաջարկված կարգավորմամբ նման սահմանափակում չկա, քանզի օրենքից առաջարկվում է հանել դատախազներին, փաստաբաններին եւ քննիչներին, որոնց, գործող կարգավորմամբ առավելություն էր տրված։

5. Առաջարկվող փոփոխությունների փաթեթով օրենսգքի տեքստից հանվել են նաեւ ընդհանուր իրավասության եւ առաջին ատյանի մասնագիտացված դատարանների դատավորների նշանակման կարգին վերաբերվող նորմերի տարբերությունները:
 

Ակնկալվող արդյունք.

Ակնկալվում է նախագծի ընդունամբ կատարելագործել դատավորների նշանակման ներկայիս ընթացակարգը` արդարադատության խորհրդի գործունեության սկզբունքների, ինչպես նաեւ պիտանիության ու առաջխաղացման ցուցակների ձեւավորման ընթացակարգերի վերանայմամբ:

Նախագծով նախատեսված դատավորների թեկնածուների եւ առաջխաղացման ցուցակների հստակ մասնագիտացման վերաբերյալ դրույթները իրենց հերթին կնպաստեն դատարանների դերի բարձրացմանը։

Նախատեսված փոփոխությունները մեծապես կնապստի նաեւ դատավորների գիտելքների, փորձի եւ հմտությունների ամրապնդմանը համապատասխան մասնագիտացման գործերի քննության հարցում, ինչը արագ եւ արդյունավետ արադարադատության իրականացման  եւ որակյալ դատական ակտերի կայացման նախապայման է։

Օրենսգրքի տեքստից նախատեսվում է հանել նաեւ ընդհանուր իրավասության եւ առաջին ատյանի մասնագիտացված դատարանների դատավորների նշանակման կարգին վերաբերվող նորմերի տարբերությունները, որոնք իմաստազուրկ էին դարձել 2010թ. հոկտեմբերի 28-ի օրենքով առավել բարդ քաղաքացիական եւ քրեական գործերը առաջին ատյանի կարգով քննող մասնագիտացված դատարանների վերացումից հետո։ Առաջին ատյանի դատարանների գործող համակարգի պայամաններում, երբ ընդհանուր իրավասության եւ մասնագիտացված վարչական դատարնները կազմում են առաջին ատյանի դատարանների համակարգը, վեջիններիս դատավորների նշանակման կարգի տարբերակում իմաստազուրկ է եւ նպատակահարմար է սահմանել միասնական կագավորումներ բոոր առաջին ատյանի դատարանի դատավորների նշանակման կարգի վերաբերյալ` անկախ մասնագիտացումից։