Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1180-24.05.2011-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. « Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մայիսի 20-ի ՀՕ-114-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածից հանել «տեխնիկական զննում» հասկացությունը:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«2. Գյուղատնտեսական տեխնիկան հաշվառվում է գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կողմից գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վկայագրում, իսկ տեխնիկական վկայագիրը տրված չլինելու դեպքում սույն օրենքի  5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կամ «գ» կամ «դ» կետերով նախատեսված փաստաթղթերում նշված տվյալների համապատասխանությունը փաստացի վիճակին ստուգելու համար զննում կատարելուց հետո:»:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 8. Գյուղատնտեսական տեխնիկայի վիճակը եւ շահագործումը

1. Գյուղատնտեսական տեխնիկայի անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով տրակտորիստ-մեքենավարը պարտավոր է սարքին վիճակում պահել արգելակները, անիվները եւ թրթուրները, ղեկային մեխանիզմը, լուսավորման եւ ազդանշանային համակարգերը:

2. Տրակտորիստ-մեքենավարներն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում գյուղատնտեսական տեխնիկայի անվտանգ շահագործման եւ ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնները խախտելու համար:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Անհրաժեշտությունը -  «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է հանրապետության տարածքում գյուղատնտեսական տեխնիկայի պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու վերաբերյալ օրենքով սահմանված դրույթի պահանջի վերացմամբ:

Օրենքում փոփոխություններ կատարելու նպատակն է - Հնարավորություն ընձեռել գյուղացուն զերծ մնալու գյուղատնտեսական տեխնիկայի պարտադիր տեխնիկական զննության գործընթացի համար լրացուցիչ ֆինանսական միջոցների վատնումից եւ ժամանակատար այլ աշխատանքների իրականացումից:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները - Ներկայումս գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննությունն իրականացնում է ղեկավարվելով «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, որում հստակ սահմանված չեն գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննման չափանիշները, ստուգման համար կիրառվող մեթոդները, ստանդարտները, ինչպես նաեւ տեխնիկական զննում անցկացնելու համար սեփականատիրոջ կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը: Տեխնիկական զննությունը պետական տեսուչների կողմից իրականացվում է դաշտային պայմաններում (շահագործման վայրում), որի հետեւանքով հնարավոր չէ այն լիարժեք կատարել: Գործընթացի իրականացումը հաճախ խոչընդոտում է գյուղատնտեսական մեքենայացված աշխատանքների կատարմանը:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը - Օրենքի նախագծի ընդունման դեպքում բնագավառում ներկայումս տարվող քաղաքականության փոփոխություն չի ակնկալվում:

Կարգավորման նպատակը եւ բնույթը - Օրենքի նախագծի ընդունման դեպքում կվերացվի յուրաքանչյուր տարի գյուղատնտեսական տեխնիկայի պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու օրենքով սահմանված պահանջը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք - Օրենքի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը:

Ակնկալվող արդյունքը - Նշված օրենքի ընդունման դեպքում կվերացվի գյուղատնտեսական տեխնիկայի պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու օրենքով սահմանված պահանջը` հնարավորություն ընձեռելով գյուղացուն զերծ մնալու տվյալ գործընթացի համար լրացուցիչ ֆինանսական միջոցների վատնումից եւ ժամանակատար այլ աշխատանքների իրականացումից: