ՀՈԴՎԱԾ 1. «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 31-ի ՀՕ-409-Ն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունում «պալատում» բառից հետո լրացնել «ինչպես նաեւ օրենքով նախատեսված դեպքերում այլ մարմիններում» բառերը:
ՀՈԴՎԱԾ 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
Իրավական ակտի հիմնավորում
1. Անհրաժեշտությունը
«Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը բխում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծից: «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով հնարավորություն է ընձեռվում առավել օպտիմալացնել համակարգը` կենտրոնացված գրանցումով, տեղեկատվության միասնական բազայի ստեղծումով, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին: Ամբողջ փաստաթղթաշրջանառությունը կիրականացվի էլեկտրոնային համակարգի միջոցով, շրջանառությունից կհանվեն հսկայածավալ պետական գրանցման մատյանները, իսկ իրավունքի վկայականները կպարունակեն սեղմ, առավել անհրաժեշտ տեղեկություններ, եւ կլինեն միայն էլեկտրոնային տարբերակով, տեղեկատվության տրամադրումը, հետագայում նաեւ` իրավունքի գրանցումը կարող է իրականացվել ինչպես թղթային տարբերակով` դիմում ներկայացնելով, այնպես էլ` էլեկտրոնային ձեւով:
Օրենքի նախագծով նախատեսվող համակարգի օպտիմալացման առումով նախատեսվում է ներկայումս Երեւան քաղաքում գործող 9-ը տարածքային ստորաբաժանումների փոխարեն թողնել 1-ը` եւ դիմումների ընդունման եւ կազմված փաստաթղթերի տրամադրման նպատակով ստեղծել 5 տարածքային սպասարկման գրասենյակներ, իսկ մարզերի տարածքներում ներկայումս գործող 40 տարածքային ստորաբաժանումների փոխարեն միայն մարզկենտրոններում թողնել մեկական` ընդամենը 10 տարածքային ստորաբաժանումներ, իսկ նախկին շրջկենտրոններում ներկայումս գործող տարածքային ստորաբաժանումների փոխարեն ստեղծել սպասարկման գրասենյակներ:
Օրենքի նախագծով նախատեսվում է նաեւ էականորեն բարձրացնել համակարգի աշխատողների աշխատավարձը, քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը սահմանել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հարկային եւ մաքսային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափերի միջինի կրկնապատիկի չափով եւ հաշվի առնելով վերը շարադրվածը անհրաժեշտություն է առաջանում «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել լրացում:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համակարգը` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից, իր գործառույթներով տարեկան շփվում է հանրապետության ազգաբնակչության ավելի քան կեսի հետ, որի կապակցությամբ առանձին կարեւորություն է ստանում պետության հեղինակության ապահովման, պետական առաջնային խնդիրներից մեկը հանդիսացող կոռուպցիոն ռիսկերի նվազեցման` ընդհուպ մինչեւ ամբողջությամբ բացառման հարցը:
Հաշվի առնելով վերը նշվածը եւ բարեփոխումների հիմնական սկզբունքներից ելնելով, անհրաժեշտություն է առաջանում համակարգում կարգավորել աշխատակիցների, քաղաքացիական ծառայողների վարձատրության, պարգեւատրման եւ դրամական օգնության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
Համակարգում արմատական բարեփոխումների իրականացումը պահանջում է նաեւ որակյալ կադրերի ներգրավման ապահովում, որն առանց համարժեք աշխատանքի եւ փորձառության համար համարժեք վարձատրության հնարավոր չէ իրականացնել, աշխատավարձի բարձրացումը խթան կհանդիսանա աշխատանքների բարեխիղճ եւ որակյալ կատարման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Համակարգի գործառույթների իրականացման ընթացքում վարչարարության բարելավումը, այդ թվում` այդ գործառույթներից օգտվող անձանց սպասարկման որակի բարձրացումը, գործառույթների իրականացման թափանցիկության եւ վերահսկելիության մակարդակի բարձրացումը, բյուրոկրատական քաշքշուկի առավելագույնս բացառումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը:
Առկա աշխատանքային եւ նյութական ռեսուրսների օգտագործման օպտիմալացումը եւ արդյունավետության բարձրացումը:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Նախագծի կարգավորման նպատակն է` բարձրացնել համակարգի աշխատողների աշխատավարձը, հետեւաբար «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասում կատարելով համապատասխան լրացում, քանի որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է համակարգի աշխատողների բազային պաշտոնային դրույքաչափը սահմանել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հարկային եւ մաքսային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափերի միջինի կրկնապատիկի չափով:
«Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը բխում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի պահանջներից:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունմամբ, որպես ակնկալվող արդյունք կադաստրի պետական կոմիտեի համակարգում քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը կկազմի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հարկային եւ մաքսային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափերի միջինի կրկնապատիկը:
7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) -