Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ չորրորդ մասով`
«4. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված նոտարական վավերացման պահանջը չի տարածվում սույն օրենսգրքի 204.1-րդ, 211-րդ, 225-րդ, 263-րդ, 562-րդ, 572-րդ, 595-րդ, 610-րդ, 654-րդ, 662-րդ, 678-րդ, 686-րդ կամ 959-րդ հոդվածներով նախատեսված, ինչպես նաեւ անշարժ գույքի միավորման կամ բաժանման մասին պայմանագրերի վրա, եթե դրանց բոլոր պայմանները շարադրված են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված օրինակելի պայմանագրերի պայմաններին համապատասխան, չեն պարունակում այլ պայմաններ եւ այդ պայմանագրերում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:
Սույն մասով նախատեսված պայմանագրերի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված օրինակելի պայմանագրերի պայմանների համապատասխանությունը հաստատվում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:»
Հոդված 2. Սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո, մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 204.1-րդ, 211-րդ, 225-րդ, 263-րդ, 562-րդ, 572-րդ, 595-րդ, 610-րդ, 654-րդ, 662-րդ, 678-րդ, 686-րդ կամ 959-րդ հոդվածներով նախատեսված, ինչպես նաեւ անշարժ գույքի միավորման կամ բաժանման մասին պայմանագրերի օրինակելի ձեւերը, որոնք կիրառության մեջ են դրվում 2012 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
1. Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է անշարժ գույքի գործարքների կնքման ընթացակարգերի պարզեցման եւ քաղաքացիների կողմից այդ գործարքների կնքման համար ծախսվող գումարների նվազեցման անհրաժեշտությունից:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Ներկայումս ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է անշարժ գույքի գործարքների բոլոր տեսակների նոտարական վավերացման պարտադիր պահանջ: Միաժամանակ, նույն գործարքներից ծագող իրավունքները ենթակա են նաեւ պետական գրանցման՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված է, որ այն պայմանագիրը, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, կնքված է համարվում այդ իրավունքի գրանցման պահից: Արդյունքում, անշարժ գույքի գործարքի կնքման ընթացակարգը բաղկացած է մի քանի իրար հաջորդող քայլերից, այն է՝ նախ գործարքի կողմը պետք է տեղեկանք ստանա անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազոր մարմնից՝ գործարքի առարկա հանդիսացող գույքի նկատմամբ գործարքը կատարելու սահմանափակումների բացակայության վերաբերյալ, որից հետո այն ներկայացվում է նոտարական գրասենյակ, որտեղ վավերացվում է գործարքի փաստաթուղթը, որից հետո գործարքով գույքային իրավունք ձեռքբերող անձը կրկին պետք է դիմում ներկայացնի անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազոր մարմնի ըստ գույքի գտնվելու վայրի տարածքային մարմին՝ գործարքից ծագող իրավունքների պետական գրանցում կատարելու համար, ընդ որում, ներկայացված ընթացակարգի յուրաքանչյուր փուլում ստիպված են լինում կատարել առանձին վճարումներ: Ընդհանուր առմամբ, երկրում գույքային շրջանառության ընթացակարգերի պարզության եւ այդ քաղաքացիների համար նման ընթացակարգերի հեշտության հիմնական ցուցանիշներն են հանդիսանում այն պետական կամ ոչ պետական ատյանների քանակը, որոնց քաղաքացին պետք է դիմի գույքի նկատմամբ որեւէ գործարք կնքելու նպատակով, յուրաքանչյուր ատյանում համապատասխան գործառույթը իրականացնելու համար անհրաժեշտ ժամկետները եւ գործարքի կատարման համար անհրաժեշտ ծախսերի հանրագումարը: Նման մեթոդաբանությամբ է գնահատվում գործարքների իրականացման ընթացակարգերը, օրինակ, Համաշխարհային բանկի «Doing Business» վերլուծության կողմից, որի 2011 թվականի զեկույցի համաձայն Հայաստանի Հանրապետությունը գույքի գրանցման (գույքի նկատմամբ գործարքների կատարման ընթացակարգերի պարզության եւ ծախսատարության) մասով վերլուծության մեջ ընդգրկված աշխարհի 183 պետությունների թվում գտնվում է 5-րդ հորիզոնականում: Սակայն, չնայած նման բարձր հորիզոնականի, անշարժ գույքի գործարքների կատարման ընթացակարգերը Հայաստանում, թե ժամկետների եւ թե ծախսատարության տեսանկյունից դեռեւս բարելավման կարիք եւ հնարավորություն ունեն: Մասնավորապես, եթե դիտարկենք միայն մեկ՝ ծախսատարության ցուցանիշը, որը «Doing Business» վերլուծության կողմից գնահատվում է որպես գույքի շուկայական արժեքի եւ դրա հետ կատարվող գործարքի համար ծախսերի հանրագումարի հարաբերություն, որը Հայաստանում բավականին ցածր է, ապա այս ցուցանիշի բացարձակ արժեքը, հաշվի առնելով հանրապետությունում ազգաբնակչության սոցիալական դրությունը, դեռեւս շարունակում է բավականին բարձր լինել, քանի որ գույքի նկատմամբ գործարքի կատարման համար ծախսվող գումարները միջինում կազմում են նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից ավել գումար, ինչը կարծում ենք չի կարող համարվել բավարար լավ ցուցանիշ:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի բնագավառում ներկայումս նախաձեռնվել են համակարգային բարեփոխումներ, որոնց հիմնական նպատակներն են հանդիսանում համակարգի գործառույթների իրականացման ընթացքում վարչարարության բարելավումը, այդ թվում` այդ գործառույթներից օգտվող անձանց սպասարկման որակի բարձրացումը, գործառույթների իրականացման թափանցիկության եւ վերահսկելիության մակարդակի բարձրացումը, բյուրոկրատական քաշքշուկի առավելագույնս բացառումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, առկա աշխատանքային եւ նյութական ռեսուրսների օգտագործման օպտիմալացումը եւ արդյունավետության բարձրացումը: Նշված բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում ներկայումս ընթացող այլ ոլորտային մեծածավալ բարեփոխումների համատեքստում հնարավորություն են ընձեռնում գործուն միջոցառումներ իրականացնել նաեւ անշարժ գույքի քաղաքացիաիրավական շրջանառության ընթացակարգերի պարզեցման եւ ծախսատարության նվազեցման առումով: Առաջարկվող փոփոխությունները համահունչ են վարչարարության պարզեցման եւ դրա իրականացման ընթացքում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ հանրապետությունում իրականացվող ոլորտային բարեփոխումների ընդհանուր տրամաբանությանը:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Նախագծի իրավական կարգավորման հիմնական առարկան է հանդիսանում անշարժ գույքի գործարքների առավել պարզ ընթացակարգով կնքման հնարավորության ընձեռնումը, որի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված օրինակելի պայմանագրերի հիման վրա կազմված պայմանագրերի պարտադիր նոտարական վավերացման փոխարեն դրանք կարող են կնքվել կողմերի ստորագրությունների ճանաչմամբ, ընդ որում այս գործառույթը նախատեսվում է իրականացնել գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնի կողմից՝ անվճար: Այդ իսկ պատճառով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածում առաջարկվում է լրացնել նոր մաս` ըստ որի օրենսգրքով նախատեսված` պարտադիր նոտարական վավերացում պահանջող անշարժ գույքի գործարքների (պայմանագրերի, համաձայնագրերի) նոտարական վավերացման պահանջը, այն պայմանագրերի համար, որոնք կկազմվեն ՀՀ կառավարության կողմից հաստատված օրինակելի պայմանագրերին համապատասխան, կփոխարինվի այդ պայմանագրերի կողմերի ստորագրությունների ճանաչմամբ նման պայմանագրերի կնքման ընթացակարգով: Միաժամանակ, այդ փոփոխությունների իրավական կարգավորումը ամբողջականացնելու նպատակով, անհրաժեշտություն է առաջանում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանել ստորագրությունների իսկության ճանաչման կարգը, որի առաջարկվող կարգավորումը ներկայացված է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 5-րդ գլխում:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ էապես կպարզեցվի անշարժ գույքի գործարքների կնքման ընթացակարգերը, կնվազեցվեն այդ ընթացակարգերի ժամկետներն ու ծախսատարությունը: Արդյունքում, անշարժ գույքի գործարքներ կատարող անձինք գործարքը կնքելու նպատակով կայցելեն միայն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնի ցանկացած տարածքային գրասենյակ (անկախ գույքի գտնվելու վայրից), որտեղ հնարավորություն կունենան առանց վավերացման համար վճարումներ կատարելու ստորագրել գործարքի փաստաթուղթը եւ նույն վայրում՝ միաժամանակ այն հանձնել գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման համար: Արդյունքում, անշարժ գույքի գործարքները հնարավոր կլինի կնքել ընդամենը մեկ ատյան ներկայանալով, ընդ որում նույն ատյանում կիրականացվի նաեւ գործարքից ծագող իրավունքների պետական գրանցումը եւ իրավունքը ձեռքբերած անձին կտրամադրվի համապատասխան վկայական:
7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) -