Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 181. Նոր երեւան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը
1. Նոր երեւան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`
1) բողոք բերած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել եւ չէին կարող հայտնի լինել բողոք բերած դատավարության մասնակցին ու դատարանին, եւ այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն.
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` վկայի սուտ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանությունը, գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել են ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն.
3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ բողոք բերած անձ չհանդիսացող դատավարության մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչները կատարել են գործի քննության հետ կապված հանցավոր արարք, որը հանգեցրել է ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն, կամ գործի քննության հետ կապված հանցավոր արարքը կատարել է դատավորը:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 181-րդ հոդվածը սահմանում է նոր երեւան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը, ըստ այդմ՝ նոր երեւան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե՝
1) այդ դատական ակտը կայացվել է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված՝ վկայի սուտ ցուցմունքների, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացության, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանության, կեղծ փաստաթղթերի կամ իրեղեն ապացույցների հիման վրա.
2) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռվ հաստատվել է, որ դատավարության մասնակիցը կամ նրա ներկայացուցիչը կամ դատավորը գործի քննության առնչությամբ կատարել է հանցագործություն:
Օրենսգիրքը սպառիչ կերպով թվարկում է նոր երեւան եկած հանգամանքները՝ որպես դատական ակտի վերանայման հիմքերը, եւ նման իրավակարգավորումը, ըստ էության, հնարավորություն չի տալիս դատարանին այդ հիմքերից բացի դատական ակտի վերանայման համար այլ հիմք կիրառել, մասնավորապես, այն դեպքում, երբ ի հայտ է գալիս գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այնպիսի հանգամանք, որը գոյություն է ունեցել գործի լուծման պահին եւ մինչ այդ անձին հայտնի չէր եղել եւ չէր կարող հայտնի լինել:
Վերոնշյալ խնդրին անդրադարձել է Սահմանադրական դատարանը 2015 թվականի հունիսի 26-ի ՍԴՈ-1222 որոշմամբ, նշելով, որ վերոնշյալ նորմերի իրավական բովանդակությունից հետեւում է, որ անձը զրկված է որպես «նոր երեւան եկած» գնահատելի այլ հանգամանքների հիմքով վարչական դատարանի ուժի մեջ մտած ակտը վիճարկելու հնարավորությունից, մասնավորապես՝ իրավաբանորեն փաստագրված հանցագործության հետ չկապված նոր երեւան եկած այնպիսի հանգամանքների հիմքով, որպիսիք տվյալ գործով դատական ակտի կայացման պահին գոյություն են ունեցել, գործի արդար լուծման համար ունեցել են էական նշանակություն, սակայն դատավարության մասնակիցների կամքից անկախ չեն ներկայացվել, դատարանին անհայտ են մնացել: Այդպիսով Սահմանադրական դատարանը Օրենսգրքի 181-րդ հոդվածն այն առումով, որով արգելափակվում է ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականության վիճարկումը «նոր երեւան եկած» իրավաչափ այլ հանգամանքների հիմքերով` հանգեցնելով անձի` դատարանի մատչելիության եւ արդար դատաքննության իրավունքների սահմանափակմանը, ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի խմբագրությամբ) 1-ին, 3-րդ հոդվածներին, 6-րդ հոդվածի երկրորդ մասին, 18-րդ եւ 19-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր:
Հարկ է նշել նաեւ, որ դատական ակտերի՝ «նոր երեւան եկած» գնահատելի այլ հանգամանքների հիմքով վերանայման հնարավորություն նախատեսում են նաեւ քրեական եւ քաղաքացիական դատավարության օրենսգրքերը: Միաժամանակ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նոր երեւան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման հիմքերի առնչությամբ նախատեսում է առավել հստակ կարգավորումներ, որոնք նույնպես նպատակահարմար է արտացոլել նաեւ Օրենսգրքում:
Վերոշարադրյալը վկայում է Օրենսգրքի 181-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումների վերանայման անհրաժեշտության մասին:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել է անձին նախկինում ոչ հայտնի՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող նոր երեւան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորությունը, իսկ դատական ակտի՝ նոր երեւան եկած հանգամանքներով վերանայման հիմքերին վերաբերող առկա դրույթները համապատասխանեցվել են քաղաքացիական դատավարության օրենսգրքում առկա համապատասխան ձեւակերպումներին:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում Օրենսգրքով նախատեսվելու է նոր երեւան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման հիմքերի լիարժեք շրջանակ:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
11 հունիսի 2018 թվականի N 638 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ | Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
2018 թ. հունիսի 12 Երեւան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ | Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
2018 թ. հունիսի 11 Երեւան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Բաբլոյան
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի -ի N - Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
Հարգանքով` | ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ |