Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-11845-02.06.2011-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-185 oրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` «դ» եւ «ե» ենթակետերով.

«դ) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աղբահանությունը կազմակերպելու համար` աղբահանության վճար.»:

«ե) ոչ կենցաղային աղբի հավաքման եւ փոխադրման համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող թույլտվության վճար:»:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  եւ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման անհրաժեշտության

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

«Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ տվյալ ոլորտը կանոնակարգող իրավական դաշտը լիարժեք չէ, որի հետեւանքով էլ առկա է անարդյունավետ ինստիտուցիոնալ համակարգ։ Հայաստանի Հանրապետությունում աղբահանության իրականացման հետ կապված հարաբերությունների լիարժեք եւ համապարփակ իրավական կարգավորումը հանդիսանում է առաջնահերթ հիմնախնդիրներից մեկը: Աղբահանության գործող համակարգը խիստ ոչ արդյունավետ է ռեսուրսների օգտագործման եւ ծախսերի արդյունավետության տեսակետից, միեւնույն ժամանակ մատուցվող ծառայությունների որակը չի համապատասխանում միջազգային ընդունված չափանիշներին: Հետեւաբար վերոգրյալ օրենսդրական փաթեթը նպատակաուղղված է իրավական կարգավորման ենթարկել վերոնշյալ ոլորտը, ինչը միաժամանակ կհանգեցնի աղբահանության իրականացման հետ կապված ծառայությունների արդյունավետության բարձրացմանը եւ ոլորտի կատարելագործմանը:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Հայաստանի Հանրապետության համայնքները ներկայումս չունեն ինստիտուցիոնալ կարողություններ աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայությունների իրականացման, ինչպես նաեւ մասնավոր հատվածից ներգրավված ծառայություններ մատուցողներին արդյունավետ կերպով կառավարելու համար: Այդ է վկայում Երեւան քաղաքում մի շարք փոքր պետական եւ մասնավոր ընկերությունների միջոցով աղբահանության ծառայությունների մատուցման ներկայիս ապակենտրոնացված համակարգի առկայությունը, որը բնութագրվում է ծառայության որակական մեծ տարբերություններով եւ անարդյունավետությամբ։ Անհրաժեշտություն է առաջանում համապատասխան որակյալ եւ փորձառու ընկերություն (ընկերություններ) ներգրավել նշված ոլորտում ծառայություններ մատուցելու համար: Սակայն  ներկայիս իրավական կարգավորման բացակայությունը բացասաբար է անդրադառնում ոլորտի զարգացման վրա: Այսպես` վերջին տասը տարիների ընթացքում աղբահանող մեքենաների նորացման ուղղությամբ ներդրումներ գրեթե չեն կատարվել, ինչը հանգեցրել է նրան, որ մեքենաների մոտ 70%-ը արդեն պիտանի չեն օգտագործման: Իրավական բացը հանգեցնում է նաեւ պետական եւ մասնավոր հատվածների փոխգործակցության նվազեցմանը: Վերոգրյալ ոլորտի կատարելագործումը հնարավոր կլինի միայն ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների եւ սարքավորումների ներգրավման դեպքում, որոնք մեծ ներդրումներ են պահանջում եւ իրականանալի են միայն մասնավոր հատվածի ներգրավման պարագայում:

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Վերոնշյալ նախագծերի ընդունումը հնարավորություն կտա կանոնակարգելով իրավական դաշտը` հստակեցնել պետական ռազմավարությունը, ?ստեղծել ներդրումների եւ արդյունավետ գործունեության խթաններ, որոնց արդյունքում էլ համապատասխան պայմաններ կստեղծվեն մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա կոմունալ թափոնների բացասական (վտանգավոր) ներգործությունը նվազեցնելու եւ չեզոքացնելու, բնակչության համար հարմարավետ եւ էկոլոգիապես անվտանգ հնարավորություններ ապահովելու համար։

Միեւնույն ժամանակ սույն օրենքի ընդունման արդյունքում լուծվում է միայն թափոնների մի մասի՝ այն է աղբի հավաքման եւ տեղափոխման հետ կապված հարաբերությունները: Օրենքի նախագիծը չի կարգավորում վտանգավոր թափոնների (բացառությամբ վտանգավորության IV դասին պատկանող կոմունալ թափոնների որոշ տեսակների, օրինակ, շենքերի խախտումից առաջացած շինարարական աղբը եւ այլն) հետ կապված հարաբերությունները: Նշված հարաբերությունները՝ ներառյալ ՀՀ ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների շրջանանակներում քննարկվող դիրեկտիվներով նախատեսված հարաբերությունները, պետք է կարգավորվեն առանձին օրենքներով, «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան փոփոխություններով եւ այլ օրենսդրական ակտերով:

Նշյալ օրենսդրական փոփոխությունների ընդունմամբ կկանոնակարգվեն սակագները, կսահմանվեն վճարների դրույքաչափերը եւ հավաքագրման մեխանիզմները, կամրագրվեն վճարողների եւ ծառայություններ մատուցողների իրավունքներն ու պարտականությունները: Սահմանված ծառայությունների մատուցման համար կներդրվեն պայմանագրային հարաբերություններ: Օրենքի նախագիծը հստակ ամրագրում է այն հիմնական նպատակները եւ սկզբունքները, որոնք պետք է ընկած լինեն սանիտարական մաքրման եւ աղբահանության իրականացման հիմքում: Նախագիծը արտացոլում է մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա կոմունալ թափոնների բացասական (վտանգավոր) ներգործության նվազեցման եւ չեզոքացման, բնակության համար հարմարավետ եւ էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովման, եւ նշված խնդիրների կապակցությամբ միջհամայնքային համագործակցության կարեւորությունը:

Նշյալ նախագծերի ընդունումը նպատակ է հետապնդում սահմանել աղբահանության վճարը՝ որպես համայնքային վճար (պարտադիր գանձույթ), ինչպես նաեւ հստակորեն սահմանել աղբահանության վճար վճարողների շրջանակը: Աղբահանության վճար վճարելու պարտականությունը կրում է համայնքների վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի, ինչպես նաեւ անշարժ գույք չհամարվող այլ շինությունների (օրինակ շարժական կրպակներ եւ այլն) նկատմամբ տիրապետման իրավունք ունեցող անձը: Ընդ որում, ամրագրվել է համապատասխան վճարի «փոխանցման սկզբունքը»՝ գույքահարկի համար նախատեսված կարգավորմանը համահունչ: Նաեւ հաստատվել է, որ եթե որեւէ գույքի նկատմամբ աղբահանության վճար վճարող է համարվում մի քանի անձ, ապա տվյալ անձիք կրում են համապարտ պատասխանատվություն: Միեւնույն ժամանակ, եթե որեւէ անշարժ գույքի նկատմամբ մի քանի անձինք ունեն բաժնային սեփականության իրավունք, ապա սույն օրենքի իմաստով որոշ դեպքերում (երբ ավագանին տվյալ անշարժ գույքի նկատմամբ սահմանում է ըստ մակերեսի հաշվարկման սկզբունք) յուրաքանչյուր սեփականատեր (տիրապետող) աղբահանության վճար վճարելու պարտականություն է կրում զուտ իր տիրապետման ներքո գտվնող հատվածի համար, իսկ մնացած դեպքերում (օրինակ, երբ ավագանին սահմանվում է ըստ հաշվառված անձանց քանակի սկզբունք) նախատեսվում է համապարտ պարտականություն: Նախագծում նաեւ նախատեսվել է արտոնությունների տրամադրման հնարավորություն առանձին կատեգորիայի անձանց համար, միեւնույն ժամանակ՝ արգելելով կոնկրետ անհատի համար արտոնություն սահմանելը, այն է՝ կոնկրետ անձի կամ անձանց համար մյուսների համեմատ առավել բարենպաստ պայմանների սահմանումը (տրամադրումը): Անձը կարող է օգտվել սահմանված արտոնությունից, եթե բավարարում է կոնկրետ կատեգորիային ներկայացվող պահանջներին: Քանի որ «արտոնություն» հասկացությունը գնահատողական հասկացություն է եւ ենթադրում է սույն օրենքով սահմանված պայմաններից առավել բարենպաստ պայմանների նախատեսում, այս առումով ավագանուն վերապահվել է իրավասություն՝ յուրաքանչյուր դեպքում ինքնուրույն որոշելու տրամադրվող արտոնության տեսակը եւ ծավալը:

Նախագիծը հստակ կարգավորում է նաեւ աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնողների շրջանակը եւ նրանց պարտականությունները՝ աղբահանության իրականացման նվազագույն ժամանակացույցի հաստատման իրավասությունը վերապահելով համայնքի ավագանուն: Միեւնույն ժամանակ օրենքով լրացուցիչ անգամ ամրագրվում է՝ մինչեւ կոնտեյներների ամբողջությամբ լցվելը աղբահանության իրականացման անհրաժեշտությունը: Համապատասխան կարգավորումները հնարավորություն են ընձեռում որոշ համայնքներում, հիմնվելով գնումների համապատասխան ընթացակարգի վրա, աղբահանության եւ սանիտարական մաքրման գործունեություն իրականացնելու նպատակով ներգրավել համապատասխան ներդրոդների / օպերատորների: Սույն օրենսդրական փոփոխութունները նախեւառաջ նպատակ են հետապնդում աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքների մեքենայացումը, ինչը կխթանի ծառայությունների որակի բարձրացումը: Միեւնույն ժամանակ օրենսդրական փոփոխությունները կնպաստեն թափոնների տեսակավորման, օգտագործման ու վերամշակման համար պայմանների ստեղծմանը, ուստիեւ աղբավայրերում տեղադրվող թափոնների ծավալների նվազեցմանը:

Նախագիծը նպատակ է հետապնդում նաեւ հստակորեն կարգավորել աղբահանության վճար կատարելու հիմքերը, դրա դրույքաչափերը, հաշվարկման եւ վճարման կարգը: Սահմանելով աղբահանության հաշվարկման եղանակները, նախագիծը ամրագրել է, որ յուրաքանչյուր համայնքի համար ավագանին ինքն է որոշում վճարի դրույքաչափը նախագծով սահմանված դրույքաչափերի սահմաններում: Յուրաքանչյուր համայնքում ավագանին կարող է նշված սահմանային դրույքաչափերի շրջանակներում տարբեր տեսակի աղբի համար, հաշվի առնելով այդ թվում նաեւ անշարժ գույքի չափերը, նպատակային կամ գործառնական նշանակությունը, հարկայնությունը, աղբավայրից հեռավորությունը, աղբահանության վճար վճարողների գործունեության առանձնահատկությունները,  կոնկրետ դրույքաչափեր սահմանել: Ինչ վերաբերում է ամրագրված սահմանային դրույքաչափերին ապա դրանց հաշվարկումը կատարվել է՝ հիմք ընդունելով աղբվայրերի համար վճարների, փոխադրման վճարների, տեխնիկական միջոցների կիրառման հետ կապված ծախսերի հանրագումարը, ինչպես նաեւ ներդրումներից ակնկալվող ողջամիտ շահութաբերության մակարդակը ապահովելու համար անհրաժեշտ գումարը: Նշված սահմանային դրույքաչափերը ընդհանուր առմամբ համապատասխանում են նաեւ միջազգային փորձագետի (Fichtner) կողմից իրականացված «Երեւան քաղաքի կոշտ թափոնների կառավարման խորհրդատավական ուսումնասիրության» արդյունքներում արտացոլված սահմանային դրույքաչափերին՝ ուղղված գումարների հավաքելիության եւ եվրո/ՀՀ դրամ փոխարժեքի առկա հնարավոր փոփոխությունների հիման վրա:

Ակնկալվում է որ առաջակրով օրենքի ընդունումը կխթանի պետական եւ մասնավոր հատվածի համագործակցությունը, կնպաստեն աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքների իրականացման համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, կնպաստեն վճարների հավաքագրման համակարգի բարելավմանը, աղբավայրերի բարեկարգմանը, աղբահանության ամբողջական մեքենայացմանը եւ ոլորտի կատարելագործմանը:

Oրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում ընդունումից հետո դրանց կատարումն ապահովող կառավարության որոշումը կընդունվի մեկ ամսվա ընթացքում: