Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 23-րդ հոդվածում «վարչության պետին» բառերը փոխարինել «գլխավոր հարկադիր կատարողի տեղակալին» բառով:
Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածում՝
1. 1-ին մասում «28 օրացուցային օր, որում չեն ներառվում տոնական եւ հիշատակի օրերը» բառերը փոխարինել «20 աշխատանքային օր։ Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով, որոնցից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր» բառերով։
2. 5-րդ մասում «տասնմեկ» բառը փոխարինել «վեց» բառով։
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները.
Նախագծի 1-ին հոդվածում առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը կայանում է հետեւյալում. դեռեւս 2006 թվականի հունիսի 15-ին ընդունված ««Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ ՀՕ-132-Ն օրենքով ԴԱՀԿ ապահովող ծառայությունում վերացվել է վարչության պետի պաշտոնը, սակայն օրենքի ներկայիս խմբագրության 23-րդ հոդվածում նախատեսված է մարզային (Երեւանի քաղաքային) բաժնի պետի կողմից հարկադիր կատարողի անօրինական որոշումները վերացնելու մասին գլխավոր հարկադիր կատարողին կամ վարչության պետին իրազեկելու պարտականություն: Նախագծի 1-ին հոդվածով այդ վրիպակը շտկվում է: Ներկայումս հարկադիր կատարողի արձակուրդի վերաբերյալ դրույթները չեն համապատասխանում ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթներին, որի 159-րդ հոդվածի համաձայն ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը 20 աշխատանքային օր է: «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն դեռեւս փոփոխության չի ենթարկվել վերոնշյալ հարաբերությունը կարգավորող հոդվածը, որի համաձայն հարկադիր կատարողին տրամադրվում է ամենամյա արձակուրդ, որի տեւողությունը կազմում է 28 օրացուցային օր:
Առաջարկվող լուծումները.
Նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ եւ 32-րդ հոդվածներում դրանք համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության գործող օրնեսդրության պահանջներին:
Ակնկալվող արդյունք.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է վերացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ առկա հակասությունները եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի դրույթներին: