Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի» 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 17-րդ հոդվածի 2-րդ, 2.1-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերի, 140-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի «տասնչորսից» բառը փոխարինել «տասնհինգից» բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 17-րդ հոդվածի.
1. 2.1-րդ մասում «ժամանակավոր» բառից հետո լրացնել «, թեթեւ» բառով:
2. 2.1-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Թեթեւ աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 3. 89-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «տասնչորսից մինչեւ» բառերի փոխարեն գրել «տասնհինգ կամ» բառերը:
Հոդված 4. 105-րդ հոդվածի.
1. 2-րդ մասից հանել «այլ գործատուի մոտ աշխատանքի փոխադրելը» արտահայտությունը:
2. 5-րդ մասում «109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի» բառերի փոխարեն գրել «113-րդ հոդվածի» բառերը:
Հոդված 5. 109-րդ հոդվածի.
1. 7-րդ կետում ավելացնել «, եւ նրա կատարած աշխատանքը դրանց թվում է» արտահայտությունը:
2. 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի
1. 6-րդ կետում «դեպքում» բառից հետո լրացնել «`միայն եթե աշխատողը համապատասխան հիմքերի վերաբերյալ նախապես գրավոր ծանուցվել է.» բառերով:
2. 11-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 2.2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2.2) մինչեւ մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում, բացառությամբ 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ եւ 10-րդ կետերով նախատեսված դեպքերի.»:
Հոդված 8. Օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի.
1. 2-րդ պարբերությունից եւ 129-րդ հոդվածի 1-ին մասից հանել. «109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով եւ» բառերը:
2. 2-րդ պարբերության «60 օր առաջ:» բառերից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ եւ 10-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն աշխատողին պարտադիր ծանուցում է պայմանագրի լուծմանը նախորդող աշխատանքային օրը:»:
Հոդված 9. Օրենսգրքի 115-րդ եւ 129-րդ հոդվածներում «, 7-րդ եւ 11-րդ» բառերը փոխաինել «եւ 7-րդ» բառերով:
Հոդված 10. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 116.1-րդ հոդվածով.
«116.1 ՀՂԻ ԿԱՆԱՆՑ, ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱ ԽՆԱՄՈՂ ԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով աշխատողների քանակի եւ հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է հղի կամ մինչեւ երեք տարեկան երեխա խնամող աշխատողներին, այս պայմանի հավասարության դեպքում` երկու եւ ավելի անչափահաս երեխա ունեցող աշխատողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում՝ առավել շատ անչափահաս երեխա ունեցող աշխատողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում՝ առավել երկար աշխատանքային ստաժ ունեցող աշխատողին:»:
Հոդված 11. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 123-րդ հոդվածը:
Հոդված 12. Օրենսգրքի 161-րդ հոդվածի.
1. 1-ին մասի 3-րդ կետի վերջում «վերջակետը» փոխարինել «ստորակետով»:
2. 1-ին մասը լրացնել հետեւյալ խմբագրությամբ 4-րդ կետով.
«4) մինչեւ 18 տարեկան աշխատողներին:»:
Հոդված 13. Օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Արձակուրդի ընթացքում պահպանվում է աշխատողի աշխատատեղը (պաշտոնը), բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքի:»:
Հոդված 14.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության կողմից ընդունված եւ վավերացված «Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի» 7-րդ հոդվածի եւ մի շարք այլ դրույթների եւ «Նվազագույն տարիքի մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, ներկայացվող նախագծով առաջարկվում է 18 տարեկանից ցածր տարիքի աշխատողների համար տարբերակում կատարվի ոչ միայն մշտական եւ ժամանակավոր աշխատանքների, այլեւ` թեթեւ համարվող աշխատանքների համար: Նախագծով առաջարկվում է, որ թեթեւ աշխատանքների ցանկը հաստատի ՀՀ կառավարությունը:
Եվրոպական սոցիալական խարտիա (Ստրասբուրգ, 1996թ. մայիսի 3)
Հոդված 7 Երեխաների եւ երիտասարդների պաշտպանվածության իրավունք
1. աշխատանքի ընդունման համար որպես նվազագույն տարիք ապահովել 15 տարեկանը, բացառությամբ այն երեխաների, որոնք զբաղվում են ընդունված թեթեւ աշխատանքով, առանց վնասելու նրանց առողջությունը, բարոյական կերպարը կամ կրթությունը,
2. աշխատանքի ընդունման համար որպես նվազագույն տարիք ապահովել 18 տարեկանը՝ այն ընդունված աշխատանքների առնչությամբ, որոնք համարվում են վտանգավոր կամ վնասակար են առողջությանը:
Քանի որ 14 տարեկան անչափահասները դեռեւս գտնվում են ֆիզիոլոգիական ձեւավորման պրոցեսում, աշխատանքային գործունեության մեջ նրանց ներգրավումը հղի է մի շարք վտանգներով, ինչպես նաեւ` փոքր չէ հավանականությունը ֆիզիոլոգիական զարգացման ընթացքում օրգանիզմում անդառնալի փոփոխությունների առաջացման:
Ներկայացվող նախագծով առաջարկվում է սոցիալական երաշխիքներ սահմանել հղի, երեխա խնամող եւ ընտանիքում անչափահաս երեխա ունեցող աշխատողների համար, որը բխում է ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի դրույթներից, համաձայն որի՝ տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրներից է ընտանիքի, մայրության եւ մանկության պաշտպանությունը:
Նախագծով Օրենսգրքի 113-րդ հոդվածի 6-րդ կետում առաջարկվող լրացման նպատակն է բացառել աշխատանքային պայմանագիրը աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով գործատուի նախաձեռնությամբ լուծարելու հնարավոր կամայական գործողությունները:
Օրենսգրքի 105-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությամբ հոդվածից դուրս է բերվում «այլ գործատուի մոտ աշխատանքի փոխադրելը» արտահայտությունը, քանի որ հոդվածը վերաբերում է տվյալ գործատուի մոտ աշխատանքի էական պայմանների փոփոխվելուն, իսկ այլ գործատուի մոտ փոխադրվելու դեպքում դադարում են տվյալ գործատուի հետ աշխատանքային իրավահարաբերությունները, եւ սկսվում են նոր գործատուի հետ, ուստի տվյալ աշխատանքի էական պայմանների փոփոխման մասին խոսք չի կարող լինել:
105-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «եթե աշխատանքի նախկին էական պայմանները չեն կարող պահպանվել, իսկ աշխատողը համաձայն չէ աշխատանքը շարունակել նոր պայմաններում, ապա աշխատանքային պայմանագիրը լուծվում է սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն»: Նշված իրավիճակում հեշտացվում է գործատուի կողմից աշխատանքի էական պայմանների փոփոխման դեպքում աշխատանքային պայմանագիրը լուծելը: Անհավասար պայմաններ են ստեղծվում աշխատողի համար, որոնց դեմ աշխատողը որեւէ հակազդման միջոց չունի: Ուստի արդարության եւ կողմերի միջեւ ողջամիտ հավասարության ապահովման համար առավել ճիշտ է ամրագրել հոդվածի նախկին խմբագրությունը` այսինքն` աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել Օրենսգրքի 113-րդ հոդվածով սահմանված կարգով:
Օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետը հստակեցվում է, քանի որ անձը աշխատանքից կարող է ազատվել, եթե զրկվել է կոնկրետ այդ աշխատանքը կատարելու իրավունքից:
113-րդ հոդվածի 6-րդ կետում կատարվող ավելացման նպատակը աշխատողների իրավունքներն առավելագույնս պաշտպանելն է` սահմանափակելով աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով աշխատողին աշխատանքից ազատելու գործատուների կամայական մոտեցման հնարավորությունը: Այս պարագայում թե՛ գործատուն, թե՛ աշխատողն իրենց ձեռքի տակ կունենան համապատասխան փաստաթղթային հիմքեր` հետագայում իրենց դիրքորոշումը հիմնավորելու համար, իսկ գործատուն էլ կկարողանա ժամանակին ամրագրել այն հանգամանքերը, որոնք վստահությունը կորցնելու հիմք կհանդիսանան:
Գործող օրենսդրությամբ աշխատողի կենսաթոշակային տարիքի լրանալը կարող է աշխատանքից ազատման հիմք հանդիսանալ, որը հակասում է ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածին: Առաջարկվող փոփոխությամբ փորձ է արվում աշխատանքային օրենսդրությունը համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը, որն ունի բարձրագույն իրավաբանական ուժ մնացյալ բոլոր օրենքների նկատմամբ:
Հոդված 14.1. Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ
Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնոիյթի այլ հանգամանքներից, արգելվում է:
Օրենսգրքի 123-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչելու նպատակն է` բացառել գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծումը` առանց աշխատողին ծանուցելու: Յուրաքանչյուր պարագայում, անգամ աշխատողի ոչ պատշաճ վարքագծի դրսեւորման դեպքում, աշխատողը նախապես պետք է գրավոր տեղեկացվի աշխատանքային պայմանագրի լուծման համապատասխան հիմքերի վերաբերյալ: Աշխատողը աշխատանքային պայմանագրի լուծման օրինականությունը վիճարկելու եւ իր մի շարք աշխատանքային իրավունքների պաշտպանությունը պատշաճ իրականացնելու համար պետք է ժամանակին ծանուցված լինի իր վերաբերյալ կայացված գործատուի համապատասխան ներքին իրավական ակտին:
Նախագծով առաջարկվում է ամենամյա լրացուցիչ արձակուրդ սահմանել նաեւ մինչեւ 18 տարեկան աշխատողների համար` հաշվի առնելով տարիքային, ֆիզիոլոգիական առանձնահատկությունները եւ հնարավոր բոլոր արտոնություններից օգտվելու նրանց բարոյական իրավունքը:
Օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկվող փոփոխությունը հնարավորություն կտա մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց չզրկվել աշխատանքից` կազմակերպության արտադրության ծավալների, հաստիքների կրճատման դեպքում: Այս փոփոխությունը գործատուին թույլ չի տա հաստիքների կիճատման պատրվակով ազատվել այնպիսի աշխատողներից, որոնք նպաստում են երկրի բնակչության թվաքանակի ավելացմանը եւ կօգնի երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողին օրենքով պաշտպանված զգալ ողջ արձակուրդի ընթացքում: