Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-12031-20.06.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի  դեկտեմբերի 6-ի օրենսգրքի  53-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված  53. Գույքի մանր հափշտակությունը կամ ոչնչացումը

1. Գույքի մանր չափերով հափշտակությունը՝ գողության, խարդախության, յուրացման, վատնման,    համակարգչային տեխնիկայի օգտագործման միջոցով, ինչպես նաեւ գույքը  դիտավորությամբ  ոչնչացնելը կամ վնասելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածում նախատեսված մանր չափ է համարվում`

1) գողության միջոցով հափշտակություն կատարելու պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը չգերազանցող գումարը (արժեքը).

2) խարդախության, յուրացման, վատնման, համակարգչային տեխնիկայի օգտագործման միջոցով, ինչպես նաեւ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու պահին Հայաստանի Հանրա՟պետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկը չգերազանցող գումարը (արժեքը):

ՀՈԴՎԱԾ 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով.

2011թ. մայիսի 23-ին Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով փոփոխություն կատարվեց օրենսգրքի 53-րդ հոդվածում:

Վերոհիշյալ փոփոխությունների ուսումնասիրման արդյունքում պարզվեց, որ 53-րդ հոդվածում թվարկված հափշտակությունների ձեւերը սպառիչ չեն, թվարկվածներից դուրս են մնացել այնպիսի հափշտակություններ, որոնք կատարվել են խարդախության միջոցով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, ինչպես նաեւ սահմանված չէ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերը: Վերոհիշյալ բացը վերացնելու նպատակով օրենսգրքի 53-րդ հոդվածում առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություն: