Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1205-27.06.2011-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 15-ի ՀՕ- 190 օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետից հետո լրացնել ա ենթակետ հետեւյալ խմբագրությամբ`

«ա/ փոքր հիդրոէլեկտրոկայանների կառուցումը:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Սեւանա լճի  մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  վերաբերյալ

Սույն օրենքի  ընդունումը պայմանավորված է նրանով, որ հանրապետությունում մեծ թափ է ստացել ՓՀԷԿ-երի կառուցման գործընթացը: Որպես վերականգնվող էներգառեսուրսով աշխատող էներգետիկայի օբյեկտներ, այդ կայանները բնապահպանական տեսակետից ունեն որոշակի դրական ազդեցություն, քանի որ դրանց գործարկումը չի ուղեկցվում մթնոլորտ վնասակար նյութերի եւ ջերմոցային գազերի արտանետմամբ, սակայն ՓՀԷԿ-երն ունեն մի շարք թերություններ, որոնք բացասաբար են ազդում բնական միջավայրի վրա:  

  • ՓՀԷԿ-երի կառուցումն անխուսափելիորեն ուղեկցվում է հողհատկացումով, կենսաբազմազանության վրա բացասական ներգործությամբ, հատկապես ջրաթեք (դերիվացիոն) կառույցների եւ ճնշումային խողովակների տեղադրման արդյունքում.
     
  • Ջրառի հետեւանքով ՀԷԿ-երն ունեն զգալի բացասական ներգործություն բնական ջրահոսքերում ջրային էկոհամակարգերի եւ «առանձնապես» ձկնային աշխարհի վրա

    Ներկայումս գործող ջրառի սահմանափակումները կրում են զուտ սանիտարական բնույթ եւ չեն ապահովում ջրային էկոհամակարգերի պահպանության անհրաժեշտ մակարդակ:

    Առանձին հիմնախնդիր է Սեւանա լճի ավազանի գետերի վրա ՓՀԷԿ-երի տեղադրման հարցը: Սեւանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պահպանության եւ վերականգնման նպատակով ամեն տարի Սեւանա լիճ է բաց թողնվում գեղարքունու եւ ամառային իշխանի մանրաձկներ: Սակայն միայն սա բավարար չէ Սեւանի իշխանի վերականգնման համար: Անհրաժեշտ է նաեւ ապահովել Սեւանա լճի ավազանի գետերում իշխանի վերարտադրությունը բնական պայմաններում: Չափազանց կարեւոր է ձվադրման ժամանակահատվածում գետերում ապահովել ջրի քանակական եւ որակական անհրաժեշտ պայմաններ: Սեւանա լճի ավազանի գետերի վրա ՓՀԷԿ-երի կառուցումը  նվազեցնում է գետերի բնականոն հոսքը, իշխանի վերարտադրությունը դարձնելով անհնարին: