Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1216-11.08.2011-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

 
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ գործունեության ոլորտը

1.Սույն օրենքը սահմանում է հայրենադարձության հետ կապված պետական քաղաքականության սկզբունքները, հայրենադարձության կազմակերպման եւ իրականացման կարգն ու պայմանները, հայրենադարձության կազմակերպաիրավական եւ ֆինանսատնտեսական հիմքերը, ինչպես նաեւ հայրենադարձների ինտեգրման խնդիրների լուծման եւ արտոնությունների տրամադրման կարգերը:

2.Հայրենադարձությունը, որպես հայրենիքում բնակություն հաստատելու յուրաքանչյուր հայի իրավունք, ինչպես նաեւ հայապահպանության կարեւոր գործոն, գտնվում է պետության հովանավորության ներքո:

Հոդված 2. Օրենքում օգտագործված հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

հայրենադարձություն` այլ պետություններում բնակվող ծագումով հայ անձանց` Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատելու գործընթաց.

հայրենադարձ` ծագումով հայ անձ, ով չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ օտարերկրյա քաղաքացի է, եւ ընդունել է նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ով Հայաստանի Հանրապետություն վերադարձի հարցում ունի օետական աջակցության կարիք եւ «Հայրենադարձության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընթացակարգն անցնելուց հետո կամավոր մշտական բնակություն է հաստատում Հայաստանի Հանրապետությունում` ստանալով հայրենադարձի կարգավիճակ.

ծագումով հայ` անձի` հայ ծնողներ կամ ծնող, նախնիներ կամ նախնի ունենալու, հայ ազգին իր պատկանելությունը գիտակցելու եւ ընդունելու, Հայաստանի Հանրապետությունն իր հայրենիքը համարելու, ինչպես նաեւ հայկական ծագումը հաստատելու համար անհրաժեշտ փաստաթղթերով հիմնավորված իրողություն.

հայրենադարձության թույլտվություն` հայրենադարձվելու դիմումի եւ ծագումով հայ լինելու հիման վրա Հայաստանի Հանրապետության կողմից անձին Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության թույլտվության տրամադրում.

հայրենադարձի կարգավիճակ` հայրենադարձվելու ցանկություն հայտնած անձին անհրաժեշտ ընթացակարգերն անցնելուց հետո տրամադրվող իրավական կարգավիճակ, որով պայմանավորված են հայրենադարձ-Հայաստանի Հանրապետություն փոխադարձ կապն ու պարտավորությունները.

հայրենադարձի վկայական` հայրենադարձի կարգավիճակը հաստատող սահմանված նմուշի փաստաթուղթ.

հայրենադարձի ինտեգրում` պետության կողմից իրականացվող մինչեւ 3-ամյա միջոցառումների համակարգ` ուղղված Հայաստանի Հանրապետությունում հայրենադարձի լիարժեք ինտեգրմանը:

Հոդված 3. Օրենքի հիմնական նպատակը եւ խնդիրները

1. Սույն օրենքի հիմնական նպատակը հայրենադարձության հետ կապված իրավահարաբերությունների կարգավորումն է:

2. Սույն օրենքի հիմնական խնդիրներն են` սահմանել՝

1) հայրենադարձների իրավական կարգավիճակը.

2) հայրենադարձության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակները, ուղղությունները եւ սկզբունքները.

3) հայրենադարձության հարցերով պետական մարմինների լիազորությունները.

4) հայրենադարձության դիմումի ներկայացման, հայրենադարձի կարգավիճակի տրամադրման եւ հայրենադարձների ինտեգրման, ինչպես նաեւ արտոնությունները եւ դրանց տրամադրման ընթացակարգերը:

Հոդված 4. Հայրենադարձության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

1. Հայրենադարձության տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, այլ իրավական ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքում, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
 
 

ԳԼՈՒԽ 2

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 5. Հայրենադարձության ոլորտի պետական քաղաքականության նպատակները, սկզբունքները եւ խնդիրները

1. Հայրենադարձության ոլորտի պետական քաղաքականության հիմնական նպատակներն են՝

1) հայրենադարձության խթանումը եւ խրախուսումը.

2) հայապահպանությանը նպաստելը.

3) Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական խնդիրների լուծմանը նպաստելը:

2. Հայրենադարձության ոլորտում պետական քաղաքականության իրականացման հիմնական սկզբունքներն են՝

1) հայրենադարձության կամավորությունը.

2)հայրենադարձության գործընթացի թափանցիկությունն ու հրապարակայնությունը.

3) հայրենադարձության գործընթացում ժողովրդավարության սկզբունքների եւ մարդասիրական արժեքների պահպանումը.

4) ծագումով հայերի` Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու իրավունքի ապահովումը.

3. Հայրենադարձության ոլորտում պետական քաղաքականության իրականացման հիմնական խնդիրներն են՝

1) ծագումով հայերի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու իրավունքի ապահովմանը նպաստելը.

2) հայրենադարձների ինտեգրման խնդիրների արդյունավետ կազմակերպումը.

3) հայրենադարձների իրավական, սոցիալական, տնտեսական եւ այլ հիմնախնդիրների լուծմանը նպաստելը:

Հոդված 6. Հայրենադարձության դիմումի ներկայացման կարգը

1. Հայրենադարձվել ցանկացող անձը գրավոր դիմում է ներկայացնում հայրենադարձության հարցերով Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմին (այսուհետ` պետական լիազոր մարմին):

2. Դիմումը պետական լիազոր մարմին կարող է ներկայացվել ելքի պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական (հյուպատոսական) ներկայացուցչության միջոցով:

3. Դիմումի ձեւը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 7. Ծագումով հայ լինելու որոշման կարգը

1. Հայրենադարձվել ցանկացող անձի` ծագումով հայ լինելը որոշվում է նրա` հայ ծնողներ (ծնող) եւ կամ նախնիներ (նախնի) ունենալու, ինչպես նաեւ հայ ազգին սեփական պատկանելությունը գիտակցելու եւ ընդունելու հիմքով:

2. Ծագումով հայ լինելը որոշելու համար կարող են հիմք հանդիսանալ անձնագիրը, ծննդյան վկայականը, մկրտության փաստաթուղթը, ինչպես նաեւ նրա բնակության երկրի հայ համայնքային կառույցի կամ եկեղեցական թեմի կողմից տրված պաշտոնական փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում` նշված անձի հետ անցկացված հարցազրույցի արդյունքները, ինչպես նաեւ այլ փաստաթղթեր, որոնք կհիմնավորեն անձի հայկական ծագումը:

3. Հարցազրույցի անցկացման կարգը սահմանում է պետական լիազոր մարմինը:

Հոդված 8. Հայրենադարձության իրավունքը

1. Ծագումով հայերը իրավունք ունեն հայրենադարձվել Հայաստանի Հանրապետություն` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

2. Հայրենադարձության իրավունքն ամրագրվում է հայրենադարձի իրավական կարգավիճակի տրամադրմամբ` համապատասխան վկայականով:

Հոդված 9. Հայրենադարձի կարգավիճակը, դրա տրամադրման ընթացակարգը եւ կարգավիճակի ձեռբերման համար անհրաժեշտ փաստաթղթերը

1. Հայրենադարձի կարգավիճակ տրվում է ծագումով հայ այն անձանց, որոնք մշտապես կամ առավելապես բնակվում են այլ պետություններում եւ`

1) հանդիսանում են օտարերկրյա քաղաքացիներ.

2) հանդիսանում են օտարերկրյա քաղաքացիներ եւ ընդունել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.

3) եղել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ ընդունել են այլ պետության քաղաքացիություն առնվազն 15 տարի առաջ:

2. Հայրենադարձի կարգավիճակը տրամադրվում է անձի` Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատելուց հետո:

3. Հայրենադարձի կարգավիճակը տրամադրում է հայրենադարձության հարցերով Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմինը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ կամ կացության որեւէ կարգավիճակ չունեցող հայրենադարձը կարող է Հայաստանի Հանրապետությունում հայրենադարձի կարգավիճակով գտնվել 3 տարի ժամկետով:

5. Հայրենադարձի կարգավիճակը պահպանվում է մինչեւ հայրենադարձի ինտեգրման գործընթացի ավարտը, որի տեւողությունը չի կարող գերազանցել 3 տարին:

6. Հայրենադարձին տրվող կարգավիճակը տարածվում է նաեւ նրա ընտանիքի անդամների վրա` նրանց համաձայնության առկայության դեպքում:

7. Հայրենադարձի կարգավիճակի ձեռբերման համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

1) հայրենադարձվել ցանկացող անձի դիմումը.

2) նրա հետ հայրենադարձվող ընտանիքի չափահաս անդամների համաձայնությունները.

3) նրա եւ նրա ընտանիքի չափահաս անդամների անձնագրերը եւ դրանց պատճենները.

4) նրա եւ նրա հետ հայրենադարձվող ընտանիքի անդամների ծննդյան վկայականները եւ դրանց պատճենները.

5) ամուսնության վկայականը եւ դրա պատճենը.

6) նրա եւ նրա հետ հայրենադարձվող ընտանիքի անդամների 35 x 45 մմ չափսի 6 լուսանկարները.

7) առողջական վիճակի մասին տեղեկանքները.

8) հայկական ծագումը հաստատող փաստաթղթերը` ծնողի (պապ կամ տատի կամ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը եւ դրա պատճենը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթ (մկրտության փաստաթուղթը, ինչպես նաեւ նրա բնակության երկրի հայ համայնքային կառույցի կամ եկեղեցական թեմի կողմից տրված պաշտոնական փաստաթղթերը եւ այլն):

Հոդված 10. ՀՀ քաղաքացիություն չունեցող հայրենադարձին Հայաստանի Հանրապետության քաղաքացիության տրամադրումը

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող հայրենադարձին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն տրամադրվում է Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Հայրենադարձին Հայաստանի Հանրապետության քաղաքացիության տրամադրումը հայրենադարձի կարգավիճակի դադարեցման հիմք չէ:

Հոդված 11. Հայրենադարձի կարգավիճակ տրամադրելու դիմումի մերժման հիմքերը

1. Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի կողմից հայրենադարձի կարգավիճակ տրամադրելը ենթակա է մերժման, եթե դիմում ներկայացնող անձը`

1) կարգավիճակը ստանալու համար միտումնավոր ոչ հավաստի կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է տրամադրել.

2) Հայաստանի Հանրապետության բնակիչների կյանքի եւ առողջության համար կարող է վտանգ ներկայացնել.

3) իրականացրել է գործողություններ, որոնք ուղղված են եղել հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության դեմ.

4) իրականացրել է գործողություններ, որոնց արդյունքում վտանգվել է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը.

5) դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ կամ գտնվում է միջազգային հետախուզման մեջ, որը կարող է վտանգել Հայաստանի Հանրապետության հասարակական կարգը.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Հոդված 12. Հայրենադարձներին տրամադրվող արտոնությունները

1. Հայրենադարձների համար կարող են տրամադրվել հետեւյալ արտոնությունները`

1) ժամանակավոր կացարանների կամ կացարանների համար վարձավճարների տրամադրում.

2) հայոց լեզվի ուսուցման անվճար դասընթացների կազմակերպում.

3) մասնագիտական որակավորման եւ վերաորակավորման անվճար դասընթացների կազմակերպում.

4) երիտասարդ, անապահով ընտանիքներին հատուկ նպաստների տրամադրում.

5) սահմանամերձ համայնքներում հողամասերի անհատույց տրամադրում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.

6) բուհերում պետպատվերի շրջանակներում նպատակային տեղերի հատկացում.

7) Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով:

2. Արտոնությունների տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 13. Հայաստանի Հանրապետությունում պահանջարկ ունեցող մասնագետ հայրենադարձներին տրամադրվող լրացուցիչ արտոնությունները

Եթե Հայաստանի Հանրապետությունում պահանջարկ ունեցող մասնագետները հայրենադարձվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերով, ապա նրանց համար այլ արտոնություններ կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հոդված 14. Հայրենադարձի կարգավիճակի դադարեցման հիմքերը

1. Հայրենադարձի կարգավիճակի դադարեցման համար կարող են հիմք հանդիսանալ`

1) հայրենադարձի կարգավիճակ ունեցող անձի գրավոր դիմումը.

2) հայրենադարձի կարգավիճակ ունեցող անձի մահը.

3) ինտեգրման փուլի ավարտվելը.

4) Սույն օրենքի 11-րդ հոդվածում նշված հայրենադարձության իրավունքի տրամադրման մերժման հիմքերի ի հայտ գալը:

Հոդված 15. Հայրենադարձության ծրագրերի ֆինանսավորման աղբյուրները

1. Հայրենադարձության ծրագրերի ֆինանսավորման աղբյուրներն են`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներ:

ԳԼՈՒԽ 3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 16. Հայաստանի Հանրապետության կառավարությունը

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) հաստատում է հայրենադարձության դիմումի օրինակելի ձեւը.

2) սահմանում է հայրենադարձի կարգավիճակի տրամադրման կարգը.

3) սահմանում է հայրենադարձի կարգավիճակի ձեռքբերման եւ դադարեցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ օրինակելի ձեւերը.

4) սահմանում է սույն օրենքով հայրենադարձների համար նախատեսվող արտոնությունների տրամադրման կարգը:

Հոդված 17. Հայրենադարձության հարցերով Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմինը

1. Հայրենադարձության հարցերով Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմինը`

1) մշակում է հայրենադարձության բնագավառի օրենսդրությունը.

2) մշակում եւ իրականացնում է հայրենադարձության բնագավառում պետական քաղաքականությունը.

3) մշակում է հայրենադարձության, հայրենադարձների ինտեգրման ծրագրեր.

4) կազմակերպում եւ համակարգում է հայրենադարձության գործընթացը.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության հայրենադարձության կարգավիճակ ունեցողների վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծման աշխատանքները.

6) այլ պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների հետ իրականացնում է հայրենադարձության քարոզչական ծրագրեր եւ տեղեկատվության փոխանակում:

ԳԼՈՒԽ 4

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 18. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայրենադարձության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման

Իրավական ակտի տեղեկանք-հիմնավորում

1. Անհրաժեշտություն

Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009-2012թթ. գործունեության միջոցառումների ծրագրում եւ «Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգում», որպես պետական քաղաքականության կարեւոր բաղադրիչ, դիտարկվում է նաեւ հայրենադարձությունը խթանող ծրագրերի եւ համահայկական ներուժի համախմբմանն ուղղված միջոցառումների մշակումն ու իրականացումը:

Հայրենադարձության գործընթացը եւ դրա կանոնակարգումը Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի համար կարեւոր հիմնահարց է, որը`

1. ընդհանուր առմամբ հանդիսանում է հայապահպանության գրավական` Սփյուռքում հայ ինքնության որակների պահպանման, ուծացումից սփյուռքահայության տարբեր հատվածներին պաշտպանելու եւ ի վերջո` նրանց հայրենադարձնելու առումով,

2. Հայաստանի Հանրապետությունն իր ներկա ժողովրդագրությամբ կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության բնակչության տարածքային տեղաբաշխվածության առումով: Հայաստանի բնակչության գրեթե 40 տոկոսը կենտրոնացված է Երեւանում, իսկ մարզերում եւ հատկապես սահմանամերձ շրջաններում զգացվում է բնակչության պակաս: Ուստիեւ հայրենադարձությունը Հայաստանի Հանրապետության համար կարող է կարեւորվել ժողովրդագրական եւ տարածքային-ռազմավարական խնդիրների լուծման նպատակով,

3. հայրենադարձության հատուկ ծրագրերը կարող են նպաստել համազգային ներուժի համախմբմանը եւ ի շահ հայ ժողովրդի` ռազմավարական տարբեր խնդիրների լուծմանը:
 

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկա շրջանում հայրենադարձությունը կարեւորվում է նրանով, որ շատ սփյուռքահայեր այս կամ այն ձեւով բնակություն են հաստատում ՀՀ-ում: Սակայն այդ գործընթացը կարիք ունի կանոնակարգման, քանի որ Հայաստանում հաստատվածներից շատերը` այս կամ այն դրդապատճառից ելնելով, հեռանում են այլ պետություններ:

Խնդիրն այն է, որ նրանց զգալի հատվածը Հայաստանի կյանքում ինտեգրվելու համար կարիք ունի պետական աջակցության:

Ներկա փուլում հայրենադարձության գործընթացն արտահայտվեւմ է հետեւյալ թվերով: 2006-2009թթ. Հայաստանի Հանրապետության կացության հատուկ եւ մշտական կարգավիճակ է ստացել շուրջ 3000 սփյուռքահայ, 2005-2009թթ. գնել է անշարժ գույք շուրջ 15000 սփյուռքահայ, եւ վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ընդունել շուրջ 6000 սփյուռքահայ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն

ՀՀ կառավարության 2008-2012թթ.գործունեության ծրագրերում ամրագրված է,որ կառավարությունը նախաձեռնելու է հայրենադարձությանը նպաստող օրենսդրության մշակում,գործադրվելու է սփյուռքից հայաստան ներգաղթի համալիր ծրագիր;

4.Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի հիմնական նպատակները եւ խնդիրներն են`

կարգավորել`

1. հայրենադարձության հետ կապված իրավահարաբերությունները,

2. սահմանել՝

1) հայրենադարձների իրավական կարգավիճակը.

2) հայրենադարձության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակները, ուղղությունները եւ սկզբունքները.

3) հայրենադարձության հարցերով պետական մարմինների լիազորությունները.

4) հայրենադարձության դիմումի ներկայացման, հայրենադարձի կարգավիճակի տրամադրման եւ հայրենադարձների ինտեգրման, ինչպես նաեւ արտոնությունների եւ դրանց տրամադրման կարգերը:

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքի ընդունմամբ  ուսման վճարի փոխհատուցում նպաստի ձեւով կտրվի մրցույթի արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված հայրենադարձ ուսանողներին` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տեղերի քանակին եւ կարգին համապատասխան:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամ

«ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ» ՊՈԱԿ

«Երեւանի պետական համալսարան» ՊՈԱԿ

«ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտ» ՊՈԱԿ

6. Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է, որ օրենքի ընդունումից հետո որակական նոր իրավիճակ կստեղծվի Սփյուռքում եւ ՀՀ-ում,նոր լիցք կհաղորդվի Հայաստան-սփյուռք կապերին,սփյուռքում` հայապահպանու-թյանը: Հայաստանում այն կնպաստի սփյուռքահայերի արագ եւ սահուն ինտեգրմանը պետության կյանքում, կնպաստի Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը,

հնարավորություն կընձեռի հայկական մասնագիտական ներուժի համախմբման եւ Հայաստանում նպատակային կիրառման համար

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայրենադարձության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին



«Հայրենադարձության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին


ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


Հոդված 6. Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարությունը, իրավասությունը եւ ակադեմիական ազատությունները

4. Ուսման վճարի փոխհատուցում նպաստի ձեւով տրվում է մրցույթի արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով, ինչպես նաեւ սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին` անկախ ուսումնառության համակարգից (անվճար, վճարովի, վճարովի՝ առանց տարկետման իրավունքի), Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տեղերի քանակին եւ կարգին համապատասխան:

Պետության համար առաջնահերթ եւ կարեւորություն ներկայացնող ոլորտների մասնագիտությունների ցանկը եւ քանակը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ինչպես նաեւ սահմանված կարգով փոխհատուցում է այդ ուսանողների նպաստը։

Ուսանողներին պետական կրթաթոշակ է տրվում գերազանց եւ լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսեւորելու համար, ինչպես նաեւ սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին: Պետական կրթաթոշակի տրման կարգը եւ չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայրենադարձության մասին» եւ«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ ՀՀ պետական բյուջեում եկամուտների նվազեցման կամ ծախսերի  ավելացման մասին


«Հայրենադարձության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունմամբ 2012-2014 թվականների ՀՀ պետական բյուջեի ծախսերում անհրաժեշտ կլինի համապատասխանաբար` 67200.0, 84000.0 եւ 500800.0 հազար դրամի ավելացում:
 


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայրենադարձության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Հայրենադարձության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը առողջապահության բնագավառի վրա կունենա որոշակի ազդեցություն, քանի որ «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագծի 12-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսվում է հայրենադարձներին տրամադրել արտոնություններ` պետության կողմից երաշխավորված  բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով: Հաշվի առնելով «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնավորման մեջ տեղ գտած տեղեկատվությունը, ենթադրվում է, որ «Հայրենադարձության մասին» օրենքի ընդունումից հետո տարեկան միջինում շուրջ 3000 մարդ հայրենադարձ կճանաչվեն: Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության բյուջեի հաշվարկման մեթոդաբանության, հիվանդանոցային բուժօգնության դեպքերի թիվը կազմում է ազգաբնակչության թվաքանակի 8-10%-ը, ինչը ենթադրում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բուժօգնության ծախսերի տարեկան 45,0 մլն ՀՀ դրամով ավելացում:

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը  առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայրենադարձության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայրենադարձության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի  ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա զգալի ազդեցություն չի կարող լինել:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ վերոնշյալ օրենքների նախագծերի ընդունման դեպքում դրանց կիրարկման արդյունքում մրցակցության բնագավառում զգալի ազդեցություն չի նախատեսվում` հաշվի առնելով հետեւյալ հանգամանքները.

1.Կարգավորման ենթակա հարաբերությունները հետեւանքներ չեն առաջացնում ապրանքային շուկայում մատակարարների քանակի ուղղակիորեն սահմանափակմանը կամ սահմանափակման հնարավորությանը:

2. միմյանց հետ մրցելու մատակարարների հնարավորության սահմանափակմանը կամ սահմանափակման հնարավորությանը:

3. միմյանց հետ մրցելու մատակարարների շարժառիթների սահմանափակմանը կամ սահմանափակման հնարավորությանը:

Հաշվի առնելով վերոնշյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով զգալի ազդեցություն չհայտնաբերելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայրենադարձության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին»  ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայրենադարձության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ վերոնշյալ օրենքների նախագծերի ընդունման եւ կիրարկման արդյունքում տնտեսական աճի եւ ներդրումների ներգրավման տեսանկյունից կարող են լինել դրական տեղաշարժեր հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքների նախագծերով նախատեսվում են այնպիսի միջոցառուներ, որոնք կարող են խթան հանդիսանալ տարածքային համաչափ զարգացման, դեմոգրաֆիական խնդիրների լուծման, բարձրագույն կրթական հաստատություններում մասնագիտական կրթություն ստանալու մատչելության համար:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայրենադարձության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի /այսուհետ` Նախագծեր/ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի <<Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին>> N 18-Ն որոշման համաձայն:

Սոցիալական պաշտպանության ոլորտում Նախագծերն ունեն չեզոք ազդեցություն:
 


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայրենադարձության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Հայրենադարձության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
 


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայրենադարձության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Հայրենադարձության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների (այսուհետ` օրենքների) նախագծերի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանում:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանում:

3. Օրենքների նախագծերը  բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չի հակասում: Որոշման կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: