Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1220-20.08.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «18. Գործունեության այլ բնագավառներ» բաժնի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ



Անհրաժեշտություն

Որոշման նախագծի մշակումը բխում է լիցենզավորման ոլորտում  ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականության տրամաբանությունից, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների կրճատման, պարզեցման եւ հստակեցման նպատակ է հետապնդում: Անշարժ գույքի գնահատման գործունեությունը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկից հանելը այդ ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտներին կազատի  լիցենզավորման հետ կապված մի շարք պարտադիր պահանջներ կատարելու անհրաժեշտությունից: Ոլորտի ապալիցենզավորման հետեւանքով առավել բարենպաստ գործարար միջավայր կստեղծվի եւ այդ պայմաններում գործունեության այս տեսակով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների թիվը կավելանա, որն էլ իր հերթին կուժեղացնի մրցակցությունը: Գործող օրենսդրությամբ անշարժ գույքի գնահատողի կողմից կազմված անշարժ գույքի գնահատման հաշվետվության  թերությունների եւ թույլ տված խախտումների համար պատասխանատվություն է կրում ոչ թե գնահատողը, այլ համապատասխան լիցենզավորված կազմակերպությունը: Մասնավորապես, կասեցվում է տվյալ կազմակերպության լիցենզիայի գործողությունը, որի պատճառով կազմակերպությունում աշխատող մյուս գնահատողները, որեւէ առընչություն չունենալով լիցենզիայի կասեցման պատճառ հանդիսացած խախտումների հետ, կասեցման ժամանակահատվածում նույնպես զրկվում են տվյալ կազմակերպությունում իրենց մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

Նախագծի ընդունմամբ կլուծվեն վերը ներկայացված խնդիրները, ինչպես նաեւ կվերացվեն ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ առկա հակասությունները:

1. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս, ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ առկա հակասությունների պայմաններում, անշարժ գույքի գնահատման գործունեության տեսակի լիցենզիան տրամադրվում է ՀՀ ֆինաննսների նախարարության կողմից, գնահատողների որակավորումը իրականացվում է կադաստրի պետական կոմիտեն, իսկ գործունեության այս տեսակի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինը հստակեցված չէ:

2. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Իրականացվող քաղաքականության հիմնական խնդիրներն են Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակաների կրճատումը, պարզեցումը եւ հստակեցումը, մրցակցության ուժեղացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Անշարժ գույքի գնահատման գործունեության բնագավառի ապալիցենզավորումը կնպաստի ոլորտի հետագա զարգացմանը: Նշված որոշման նախագծի ընդունմամբ կվերացվեն օրենսդրության մեջ առկա հակասությունները:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Անշարժ գույքի գնահատման ոլորտում ձեւավորված իրավահարաբերությունները կհստակեցվեն եւ կպարզեցվեն:

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են):