Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 169.20, 169.21 եւ 244.15 հոդվածներով.
«Հոդված 169.20. Անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը չորակավորված անձի կողմից ստորագրելը
1. Անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը ստորագրելը օրենսդրությամբ սահմանված կարգով անշարժ գույքի գնահատողի որակավորում չստացած անձի կողմից`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Նույն արարքը կրկին անգամ կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Հոդված 169.21. Չորակավորված անձի կողմից ստորագրված անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը հաստատելը
1. Չորակավորված անձի կողմից ստորագրված անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը հաստատելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
2. Նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
Հոդված 244.15 Անշարժ գույքի գնահատման գործունեության ոլորտը կարգավորող եւ հսկողություն իրականացնող պետական լիազոր մարմինը
Սույն օրենսգրքի 169.20 եւ 169.21 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում եւ վարչական տույժեր նշանակում է անշարժ գույքի գնահատման գործունեության ոլորտը կարգավորող եւ հսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1. Անհրաժեշտություն
Որոշման նախագծի մշակումը բխում է ինչպես «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծից, որով նախատեսվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկից հանել անշարժ գույքի գնահատման գործունեության տեսակը, այնպես էլ «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծից, որն ընդունվելու դեպքում անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնելու համար այլեւս լիցենզիա չի պահաջվի եւ պարտադիր պայման կհանդիսանա միայն համապատասխան որակավորում ունեցող ֆիզիկական անձի` գնահատողի առկայությունը: Այսինքն, անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը պետք է ստորագրվի գնահատողի կողմից եւ հաստատվի անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող իրավաբանական կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձի ստորագրությամբ եւ կնիքով (կնիքի առկայության դեպքում): Այս պահաջները առավելագույնս պահպանելու համար էլ անհրաժեշտություն է առաջացել վարչական պատասխանատվություն նախատեսել օրենքի նշված դրույթները խախտելու համար:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Ներկայումս վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսվում միայն առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար, իսկ համապատասխան որակավորում չունեցող անձի կողմից անշարժ գույքի գնահատման հաշվետվություն կազմելը եւ ստորագրելը վարչական պատասխանատվություն չի առաջացնում: Անշարժ գույքի գնահատման գործունեությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկից հանելուց հետո անհրաժեշտություն կառաջանա վարչական պատասխանատվություն նախատեսել ոչ միայն գնահատողի որակավորում չունեցող անձի կողմից գնահատման հաշվետվությունը ստորագրելու, այլեւ այդպիսի հաշվետվությունը իրավաբանական կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձի կողմից ստորագրությամբ եւ կնիքով (կնիքի առկայության դեպքում) հաստատելու համար:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Իրականացվող քաղաքականության հիմնական խնդիրներն են Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների կրճատումը, պարզեցումը եւ հստակեցումը:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Վարչական պատասխանատվություն նախատեսել այն անձանց համար, ովքեր չունենալով անշարժ գույքի գնահատողի որակավորում, կստորագրեն անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը, ինչպես նաեւ այն իրավաբանական կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձանց համար` ովքեր իրենց ստորագրությամբ եւ կնիքով կհաստատեն նշված գնահատման հաշվետվությունը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Բացառել կամ նվազագույնի հասցնել գնահատողի որակավորում չունեցող ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը ստորագրելը, ինչպես նաեւ իրավաբանական կամ անհատ ձեռներեց հանդիսացող ֆիզիկական անձանց կողմից նշված հաշվետվությունը իրենց ստորագրությամբ եւ կնիքով (կնիքի առկայության դեպքում) հաստատելը:
7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են):