Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության ՀՕ-123-Ն ընտանեկան օրենսգրքի 11-րդ հոդվածի դ) կետից հետո ավելացնել նոր ե) կետ հետեւյալ բովանդակությամբ .
«ե) նույն սեռի անձանց միջեւ» :
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ընտանիքը, որպես հասարակության հիմնական բջիջ, ազգի պահպանման եւ վերարտադրման հիմք, պետք է մշտապես լինի պետության հատուկ պաշտպանության եւ հովանավորության ներքո: Հայկական ավանդական ընտանիքների ձեւավորումը հնարավոր վտանգներից զերծ պահելու նպատակով անհրաժեշտ է օրենքի ուժով արգելել միասեռ ամուսնությունների կնքումը, ճանաչումը, պետական գրանցումը:
ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է. «Ամուսնական տարիքի հասած կինը եւ տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության եւ ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով»: Միեւնույն ժամանակ, Ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածը սահմանում է. «Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու եւ կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը եւ նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի»: Ընտանեկան օրենսգրքի 11-րդ հոդվածով սահմանված են ամուսնության կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքները, որտեղ ամրագրված չէ միասեռ ամուսնությունների արգելքը:
Առաջարկվող կարգավորումը
Առաջարկվում է Ընտանեկան օրենսգրքում ամուսնությունների կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների մեջ ավելացնել նույն սեռի անձանց միջեւ ամուսնությունների կնքման արգելքը:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կբացառի նույն սեռի անձանց միջեւ ամուսնությունների կնքումը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Բաբլոյան,
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում» լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են՝
ա/ նախագիծը (հիմնական զեկուցող` Տիգրան Ուրիխանյան)
բ) նախագծի ընդունման հիմնավորումը
գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:
Խնդրում եմ սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ՝ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ