Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-12241-31.08.2011-ՊԻ-010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք( 204.33-րդ հոդվածի 1-ին ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1( Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ ամբողջությամբ կամ մի մասով հակասահմանադրական է ճանաչվել այն օրենքը կամ իրավական ակտը, որը կիրառել է դատարանը, ինչպես նաեւ սահմանադրական դատարանն իր որոշման եզրափակիչ մասում իրավական որոշակիությամբ արտահայտված դիրքորոշման մեջ օրենքը կամ իրավական ակտը սահմանադրական է ճանաչել, բայց միաժամանակ գտել է, որ այդ օրենքը կամ իրավական ակտը պրակտիկայում կիրառվել է դրա սահմանադրաիրավական իմաստին ոչ համապատասխան, որը հանգեցրել է մարդու եւ քաղաքացու սահմանադրական իրավունքների խախտման.»:

Հոդված 2. Օրենսգրքի 204.36-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀ սահմանադրական դատարանն իր 25 փետրվարի 2011թ. ՍԴՈ-943 որոշման եզրափակիչ մասում ՀՀ Սահմանադրության 3, 6, 18, 19 եւ 93-րդ հոդվածների պահանջներին հակասող եւ անվավեր է ճանաչել ՀՀ քր. դատ. օր. 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն իրավակիրառական պրակտիկայում դրան տրված բովանդակության մասով, քանի որ ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներից տարբերվող մեկնաբանությամբ այդ օրենքի կիրառման արդյունքում անձանց խախտված իրավունքները դատական բողոքարկման շրջանակներում նոր հանգամանքներով գործը վերանայելու միջոցով վերականգնելու հնարավորություն չի ընձեռում: Այսինքն` ՀՀ սահմանադրական դատարանն իրավացիորեն գտնում է, որ ցանկացած օրենքի սահմանադրաիրավական իմաստը որոշում է ինքը եւ ոչ թե այդ օրենքը կիրառող մարմինը, որը երբեմն այն մեկնաբանում է դրա սահմանադրաիրավական բովանդակությանը ոչ համապատասխան: Ըստ որում` ՀՀ սահմանադրական դատարանը վերը նշված նորմի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2011թ. նոյեմբերի 1-ը: Ճիշտ նույն բովանդակությամբ որոշում սահմանադրական դատարանը կայացրել է նաեւ ՀՀ քաղ. դատ. օր. 204.33-րդ հոդվածի 1-ին ենթակետի վերաբերյալ, որի ուժը կորցնելու ժամկետ նույնպես սահմանվել է 2011թ. նոյեմբերի 1-ը:

Դատարանի հիշյալ որոշումը հավասարապես վերաբերում է նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ կետին եւ ՀՀ քաղ. դատ. օր. 204.33-րդ հոդվածի 1-ին կետին, որոնք Քր. դատ. օր. 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի նման գործող խմբագրությամբ հաշվի չեն առնում, որ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան յուրաքանչյուր ոք կարող է իր իրավունքների պաշտպանությամբ սահմանադրական դատարան դիմել, երբ վիճարկում է «... իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»: Իսկ օրենքի դրույթի սահմանադրականությունը, ինչպես պահանջվում է Վենետիկի հանձնաժողովի 2011թ. հունվարի 17-18-ի 85-րդ լիագումար նիստում հաստատված անհատական դիմումների հիման վրա սահմանադրական արդարադատության իրականացման եվրոպական փորձն ամփոփող զեկույցում, յուրաքանչյուր դեպքում որոշակի մեկնաբանության միջոցով որոշում է սահմանադրական դատարանը, որը պարտավորեցնում է պետական բոլոր մյուս մարմիններին օրենքը կիրառել միայն սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը համապատասխանող ճանաչված մեկնաբանությամբ: ՈՒրեմն` այս հարցում հստակություն մտցնելու համար անհրաժեշտ է օրենսդրականորեն եւ համալիր ձեւով` «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում, ՀՀ քաղ. դատ. եւ ՀՀ քր. դատ. օրենսգրքերում սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները եւս նոր հանգամանք համարել ՀՀ ընդհանուր իրավասության եւ մասնագիտացված դատարանների կողմից գործը վերանայելու համար,- եզրակացնում է սահմանադրական դատարանը:

ՀՀ դատական մարմինների, այդ թվում` ՀՀ վճռաբեկ դատարանի ներկայացուցիչներն այս հարցին նվիրված սեմինարում, որին մասնակցել են նաեւ կից ներկայացվող օրինագծերի հեղինակները, ինչպես նաեւ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները, սկզբունքորեն ընդունում են հարցադրման իրավաչափությունը, քանի որ իրավակիրառական պրակտիկայում օրենքներին կամ այլ իրավական ակտերին դրանց սահմանադրաիրավական իմաստին ոչ համապատասխան տրված մեկնաբանությունները երբեմն կարող են նաեւ խոչընդոտել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների իրացմանը, իսկ սահմանադրական դատարանի դիրքորոշումներն այդ դեպքերում կարող են նաեւ նոր հանգամանք հանդիսանալ շահագրգռված անձանց համար այդ հիմքով դիմելու դատարան:

Նախագծերի փաթեթում մատնանաշվել է, որ օրենքների մեկնաբանման վերաբերյալ սահմանադրական դատարանի դիրքորոշումները պետք է բավարարեն իրավական որոշակիության միջազգային սկզբունքին[1] եւ հստակորեն արտահայտվեն սահմանադրական դատարանի որոշումների եզրափակիչ մասերում` ամփոփելով (համադրելով, սինթեզելով( ամբողջ նախորդ շարադրված պատճառաբանությունները, որպեսզի հետագայում նորից չդառնան վիճարկելի:

Նախագծերի հեղինակները, միջազգային փորձի հիման վրա նշված հարցերը լուծելուց բացի, փոփոխություն են կատարել նաեւ ՀՀ քր. դատ. օր. 31-րդ հոդվածում, որը պայմանավորված է այդ հոդվածը Սահմանադրությանը համապատասխանեցնելու նկատառումներով: Այն է` ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` Սահմանադրությամբ եւ սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով սահմանադրական դատարան կարող են դիմել դատարանները եւ գլխավոր դատախազը` իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործին առնչվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրականության հարցով: Մինչդեռ ՀՀ քր. դար. օր. 31-րդ հոդվածում նախ` սահմանված չէ գլխավոր դատախազի կողմից սահմանադրական դատարան դիմելու իրավունքը, երկրորդ` դատարանների կողմից սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված է դատարանների նախագահների խորհրդին դիմելու ընթացակարգ, որպեսզի վերջինս «Դատարանակազմության մասին» օրենքով սահմանված կարգով լուծի օրենքի սահմանադրականության հարցը: Այսինքն` սահմանված է մի ընթացակարգ, որն ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածին, ըստ որի` դատարանը կարող է անմիջապես դիմել սահմանադրական դատարան, մանավանդ որ «Դատարանակազմության մասին» օրենքն իր ուժը կորցրել է դեռեւս ՀՀ դատական օրենսգրքի ընդունման ժամանակ: