Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1226-02.09.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. ««Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն  օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասի «Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են մնալ առավելագույնը 90 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքում անընդմեջ կարող են մնալ մինչեւ 90 օր ժամկետով» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ  օրը: 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության մասին

Գործող օրենքով առանց մուտքի վիզայի ՀՀ մուտք գործող օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունում մեկ տարվա ընթացքում կարող են մնալ մինչեւ 90 օր, իսկ մուտքի վիզայով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող անձինք մեկ մուտքի ընացքում (ոչ մեկ տարվա ընթացքում) 120 օր ժամկետով` 60 օր երկարացնելու հնարավորությամբ: Օրենքի 7-րդ հոդվածով սահմանված սահմանափակումը վերաբերում է կոնկրետ ժամանակահատվածին (մեկ տարուն), իսկ 9-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումը մեկ մուտքին  (գործողությանը):

Միաժամանակ կատարված ուսումնասիրություններով (Ռուսաստանի Դաշնություն եւ Բուլղարիայի Հանրապետություն) պարզվել է, որ մի շարք երկրների համապատասխան օրենսդրություններում նշված դրույթը ձեւակերպված է  օրինագծով առաջարկվող տարբերակով:

Օրենքի նախագծի ընդունումը կվերացնի օրենքի 7-րդ եւ 9-րդ հոդվածներում կիրառված սահմանափակումների սկզբունքների տարբերությունը:

Ելնելով վերոհիշյալից եւ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի ռեժիմով ժամանելը վիզային ռեժիմով ժամանելուց արտոնյալ ռեժիմ է, առաջարկվում է ընդունել սույն օրենքի նախագիծը:

Օրինագծի ընդունումը նաեւ էականորեն կնպաստի առանց մուտքի վիզայի ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ունեցող պետությունների քաղաքացիների ազատ տեղաշարժին: