Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1231-07.09.2011-ՏՏ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի 15-րդ հոդվածում.

1) հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ

«Գույքահարկից ազատվում են նաեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգեւոր մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական եւ ծիսական պարագաների արտադրության եւ իրացման համար օգտագործվող շենքերն ու շինություները, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

2) հոդվածի 1-ին մասը 3-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1 կետով.

«3.1) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ազատվում է նաեւ իրեն սեփականության իրավունքով պատկանող` սույն մասի 3-րդ կետում նշված շենքերի եւ շինությունների համար 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված գույքահարկի, ինչպես նաեւ այդ գումարները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված՝ հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի եւ տուգանքների գումարների վճարումից: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող` սույն կետում նշված շենքերի եւ շինությունների մասով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման հետեւանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով սահմանվող արտոնությունը տարածվում է նաեւ 2011 թվականի հունվարի 1-ից մինչեւ մինչեւ սույն օրենքն ուժի մտնելը ծագած հարաբերությունների վրա: