Armenian ARMSCII Armenian
Կ-1231-07.09.2011-ՏՏ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի 15-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Գույքահարկից ազատվում են նաեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգեւոր?մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական եւ ծիսական պարագաների արտադրության եւ իրացման համար օգտագործվող շենքերն ու շինությունները, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ազատվում է նաեւ իրեն սեփականության իրավունքով պատկանող` սույն մասի 3-րդ կետում նշված շենքերի եւ շինությունների համար 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված գույքահարկի, ինչպես նաեւ այդ գումարները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված՝ հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի եւ տուգանքների գումարների վճարումից: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող` սույն կետում նշված շենքերի եւ շինությունների մասով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման հետեւանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով սահմանվող արտոնությունը տարածվում է նաեւ 2011 թվականի հունվարի 1-ից մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա: