Armenian ARMSCII Armenian
Կ-12311-07.09.2011-ՏՏ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հողի հարկի  մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի փետրվարի 14-ի ՀՕ-101 օրենքի 10-րդ հոդվածը`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «թ» եւ «ժ» կետերով.

«թ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ էջմիածնին) սեփականության եւ անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան կրոնական, պաշտամունքային շենքերի ու շինությունների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ էջմիածնին) պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգեւոր?-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական եւ ծիսական պարագաների արտադրության եւ իրացման համար օգտագործվող կառույցների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի) ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցների զբաղեցրած, ինչպես նաեւ դրանց սպասարկման եւ օգտագործման համար անհրաժեշտ հողամասերը: Սույն կետում նշված շենքերի եւ շինությունների, ինչպես նաեւ դրանց սպասարկման եւ օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասից կամովին հրաժարվելու դեպքում` համայնքային կամ պետական սեփականություն ճանաչված հողամասերի սեփականատեր հանդիսացած ֆիզիկական անձինք` այդ հողամասերի համար:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին (Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը) ազատվում է նաեւ իրեն սեփականության եւ անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող` սույն հոդվածի «թ» կետով սահմանված շենքերի ու շինությունների զբաղեցրած, ինչպես նաեւ դրանց սպասարկման եւ օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի համար 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված հողի հարկի, ինչպես նաեւ այդ գումարները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված՝ հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի եւ տուգանքների գումարների վճարումից: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ էջմիածնին) հարկային արտոնությունների տրամադրման հետեւանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասից կամովին հրաժարվելու դեպքում համայնքային կամ պետական սեփականություն ճանաչված հողամասերի սեփականատեր հանդիսացած ֆիզիկական անձինք ազատվում են նաեւ այդ հողամասերի համար 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված եւ չվճարված հողի հարկի, ինչպես նաեւ այդ գումարները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված՝ հարկային օրենսդրությամբ սահմանված եւ չվճարված տույժերի գումարների վճարումից: Հողամասից կամովին հրաժարված ֆիզիկական անձանց հարկային արտոնությունների տրամադրման հետեւանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանվող արտոնությունը տարածվում է նաեւ 2011 թվականի հունվարի 1-ից մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա: