Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-12312-07.09.2011-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետում «օբյեկտներ են.» բառերից հետո   լրացնել «,բացառությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով փոխանցված եւ փոխանցվող  եկեղեցիների եւ եկեղեցապատկան կառույցների.» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի  64-րդ հոդվածը լրացնել նոր «1.2.» մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«1.2. Պետության եւ համայնքների սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին)` եկեղեցիների եւ եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման համար:»:

Հոդված 3. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասը  լրացնել նոր «2.1» ենթակետով`  հետեւյալ բովանդակությամբ.

«2.1. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին).»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

1. Անհրաժեշտությունը

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Նախագահի մոտ 17.02.2011թ. կայացած խորհրդակցության N ՀՆԱ-1 արձանագրությամբ ՀՀ կառավարությանը տրված 1-ին եւ 2-րդ կետերի հանձնարարականից

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Օրենսդրորեն կարգավորված չէ  Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) պետական սեփականություն հանդիսացող շենքեր եւ շինություններ, ինչպես նաեւ հողամասեր սեփականության իրավունքով անհատույց տրամադրման հնարավորությունը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 -

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Թույլատրել Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող եւ տրամադրվող, ըստ նպատակային նշանակության օգտագործվող եկեղեցիների, եկեղեցապատկան կառույցների զբաղեցրած եւ դրանց հատկացված հողատարածքների տրամադրումը  Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին)

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

ՀՀ կառավարություն, ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:

6. Ակնկալվող արդյունք

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով անհատույց հողամասերի տրամադրման հնարավորություն: