Հոդված 1. «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-270 օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասում «հարկի հաշվարկը (հայտարարագիրը)» բառերը փոխարինել «վճարի հաշվարկ-հաշվետվությունը» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
1. Անհրաժեշտությունը
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը մշակվել են ի կատարումն ՀՀ կառավարության 13.01.2011թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» N 111-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների» ծրագրի 137-րդ կետի:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Ներկայումս գործող օրենքների խմբագրությամբ փաստացի վճարումների հաշվին պարտավորությունների մարումները կատարվում են հետեւյալ հերթականությամբ` հարկի (վճարի, պետական տուրքի) գումարներ, տույժեր, տուգանքներ, իսկ հաշվանցումների դեպքում` տույժեր, տուգանքներ, հարկի (վճարի, պետական տուրքի) գումարներ: Նշված տարբեր մեխանիզմները բարդություններ են առաջացնում անձնական հաշվի քարտերում պարտավորությունների հաշվառման համար:
Բացի այդ, հաշվի առնելով, որ հարկային մարմիններում վարվող տարբեր անձնական հաշվի քարտերում պարտավորությունների հաշվառումը կատարվում է տարբեր եղանակներով եւ յուրաքանչյուր վճարատեսակները հավաքագրվում են կոնկրետ նպատակների համար, ապա հաշվանցումների ժամանակ կարեւոր է նաեւ հերթական անձնական հաշվի քարտի ընտրության հերթականությունը եւ թույլատրվող հաշվանցումների հստակեցումը:
Օրենքներում կիրառվող հասկացությունները հստակ չեն եւ բարդություններ են առաջացնում դրանց կիրառման ընթացքում (առավել եւս` էլեկտրոնային եղանակով անձնական հաշվի քարտերի վարման դեպքում): Առանձին օրենքներում առկա են խմբագրական բնույթի անճշտություններ:
Ապօրինի ձեռնարկատիրական գործուենություն իրականացնող ֆիզիկական անձանց նկատմամբ հաշվարկվում է 60,0 հազ. դրամ, նույն չափով տուգանքը կիրառվում է գործատուի նկատմամբ` չձեւակերպված յուրաքանչյուր աշխատողների համար: Նախագծով առաջարկվում է հստակեցնել, որ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց կողմից այլ ֆիզիկական անձանց աշխատանքը օգտագործելու դեպքում եւս առաջադրվում է 60,0 հազ. դրամ` յուրաքանչյուր չձեւակերպված աշխատողի հաշվով:
Այս հարցերը նախատեսվում է կարգավորել օրենսդրական փոփոխությունների նախագծերով:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Անձնական հաշվի քարտերի վարումը (նաեւ` դրանց միջեւ հաշվանցումները) իրականացնել էլեկտրոնային եղանակով` հնարավորինս հրաժարվելով թղթային տարբերակով գործող ընթացակարգերից:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Օրենքներով կարգավորվում են անձնական հաշվի քարտերում գրանցված գերավճարների եւ գերավճարներից տարբերվող գումարների հաշվին այլ անձնական հաշվի քարտերում գրանցված կամ ապագա պարտավորությունների դիմաց հաշվանցման ընթացակարգերը, կանոններն ու ժամկետները:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Հարկային մարմինների կողմից վերահսկվող պարտավորությունները հաշվառող անձնական հաշվի քարտերի միջեւ հաշվանցման գործընթացի կանոնակարգում եւ պարզեցում: