Հոդված 1. «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հունիսի 14-ի ՀՕ-106 օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Սույն օրենքի 6-րդ հոդվածում նախատեսված վարկ ստանալու իրավունք ունեցող անձանց առեւտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի տոկոսագումարները փոխհատուցվում են ՀՀ պետական բյուջեից` ՀՀ Կառավարության սահմանած կարգով, եթե այդ վարկերը տրամադրվել են ՀՀ Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան:
Արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ ստանալու արտոնությունից օգտվում են այն բռնադատվածների առաջին հերթի ժառանգները, ովքեր չեն օգտվել սույն օրենքով սահմանված որեւէ սոցիալական երաշխիքից»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Անհրաժեշտությունը
Համաձայն «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի /1994թ./, 2000թ.ից իրականացվում է բռնադատվածներին եւ նրանց առաջին հերթի ժառանգներին բնակարանային պայմանների բարելավման նպատակով արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկերի տրամադրման գործընթացը:
Վարկային ծրագրի իրականացման ընթացքում առաջացել են բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես` վարկառուները դժվարանում են սահմանված ժամկետում մարել ստացած վարկը: Պատճառները հիմնականում կապված են վարկառուների սոցիալական վիճակի հետ:
Օրենքի նախագծի ընդունման դեպքում, վարկերը կտրամադրեն առեւտրային բանկերը` համապատասխան գրավի դիմաց, ինչը կնվազեցնի վարկի մարման ռիսկի գործակիցը, իսկ վարկերի տոկոսագումարները բանկերին կփոխհատուցվեն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, ինչը մասամբ կթեթեւացնի քաղաքացու վարկային բեռը:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների, սահմանված ժամկետում վարկերի վերադարձնելիության գործակիցը կազմում է մոտ 20 տոկոս: ՀՀ ֆինանսների նախարարությունը մինչ օրս 26 դատական հայց է ներկայացրել վարկերի վերադարձման հարցով:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Ավելի քան 10 տարվա ընթացքում վարկ ստանալու համար ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն է դիմել մոտ 800 քաղաքացի, որոնցից մինչ օրս վարկ է տրամադրվել 279 քաղաքացու: Այս տարիների ընթացքում շուրջ 200 դիմում մերժվել է բնակարանային պայմանների կարիքավորության` Կառավարության սահմանած չափանիշներին չհամապատասխանելու պատճառով:
Նախարարությունում այսօրվա դրությամբ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ ստանալու համար հաշվառված է 335 քաղաքացի
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Սկսած 2000թ.-ից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը իրականացնում է բռնադատվածներին եւ նրանց առաջին հերթի ժառանգներին բնակարանային պայմանների բարելավման նպատակով արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ տրամադրելու գործընթաց: Քաղաքականությունը միտված է բռնադատված քաղաքացիների սոցիալական խնդիրների, մասնավորապես` բնակարանային պայմանների բարելավմանը: Վարկը տրամադրվում է բնակարան ձեռք բերելու, նոր տուն կառուցելու կամ վթարային բնակարանը վերականգնելու-ուժեղացնելու համար 25 տարի ժամանակով, տարին 1 տոկոսով, մինչեւ 5,0մլն դրամի չափով: ՀՀ պետական բյուջեում յուրաքանչյուր տարի այդ նպատակի համար նախատեսվում է որոշակի գումար /2009-2011թթ`.200,0-ական մլն դրամ/: Մինչ օրս արտոնյալ պայմաններով վարկ է տրամադրվել 279 քաղաքացու:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Հստակեցնել եւ քաղաքացիների համար դյուրացնել եւ մատչելի դարձնել վարկի ստացման գործընթացը եւ ապահովել վարկերի վերադարձնելիությունը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի եւ իրավաբանական վարչություններ, ՀՀ ֆինանսների նախարարություն:
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում կապահովվի բռնադատված քաղաքացիների` վարկ ստանալու իրավունքը, միաժամանակ կնվազեցվի վարկերի վերադարձնելիության ռիսկի գործակիցը: