Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1236-09.09.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007թ. նոյեմբերի 28-ի վարչական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին կետում «Սահմանադրությանը» բառը փոխարինել «օրենքներին» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀ Սահմանադրության 93-րդ հոդվածի համաձայն սահմանադրական արդարադատության իրականացումը բացառապես վերապահված է սահմանադրական դատարանին: Ընդհանուր իրավասության եւ մասնագիտացված վարչական դատարանները չեն կարող լուծել օրենքների կամ այլ իրավական ակտերի սահմանադականության վերաբերյալ գործերը, որովհետեւ դա կխախտի արդարադատության ողջ համակարգի գործառնական հավասարակշռությունը եւ կխանգարի սահմանադրական արդարադատության միջոցով ՀՀ իրավակարգում Սահմանադրության գերակայությունն ու դրա գործողությունն ապահովելուն: Մինչդեռ, հաշվի չառնելով Սահմանադրության պահանջը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին կետով վարչական արդարադատության ոլորտ է ներառվել սահմանադրական արդարադատության առարկա, այն է` գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը վիճարկելու գործերը: Հաշվի չի առնվել նաեւ ՀՀ ՎԴՕ 8-րդ հոդվ. 2-րդ մասը, ըստ որի` վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված գործերը:

ՀՀ սահմանադրական դատարանն իր 2008թ. նոյեմբերի 25-ի ՍԴՈ-780 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 115 եւ 118-րդ հոդվածների առաջին մասերը ճանաչել է Սահմանադրության 1, 18 եւ 19-րդ հոդվածների առաջին մասերի պահանջներին հակասող եւ անվավեր: Հաշվի է առնվել, որ վարչական եւ սահմանադրական արդարադատության այդ շփոթը կարող է պրակտիկայում առաջ բերել սահմանադրական նորմերի մեկնաբանման տարակերպ մոտեցումներ, որը լուրջ վտանգ կարող է ներկայացնել երկրում Սահմանադրության գերակայության ու անմիջական գործողության ապահովման, հասարակական հարաբերությունների սահմանադրականացման միասնական քաղաքականության իրականացման համար:

ՀՀ ՎԴՕ 135-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված դրույթը սահմանադրական դատարանին զրկում է նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի դրույթը կիրառելու, այսինքն` վիճարկվող դրույթների հետ կապված այլ դրույթների սահմանադրականությունը պարզելու հնարավորությունից:

Ելնելով վերոգրյալներից` օրինագծում առաջարկվում է ՎԴՕ 135-րդ հոդվածի 1-ին կետի «Սահմանադրությանը» բառը փոխարինել «օրենքներին» բառով: