ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
Տեղեկանք-հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
2008 թվականի հունվարի 1-ից գործողության մեջ մտավ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի 55-րդ հոդվածով սահմանվեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման մեխանիզմը, ինչը կազմում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափի եւ դրա նկատմամբ հաշվարկվող քառորդ չափով հավելավճարի գումարի 95%-ը: 2008 թվականին «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-207-Ն օրենքով տարանջատվեց ՀՀ գլխավոր դատախազի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի աշխատավարձերի կապը: ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը սահմանվեց ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով: Նույն ժամանակ «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարվեց եւ ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը նույնպես սահմանվեց յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում վերը նշված նախագծերի քննարկման ընթացքում որոշվեց այդ նախագծերը ընդունել որպես ժամանակավոր նորմատիվ իրավական ակտ եւ զուգահեռաբար 2009 թվականի ընթացքում ներկայացնել հանրային ծառայողների վարձատրության համակարգի բարեփոխումների հայեցակարգային մոտեցումները: 2009թ. ՀՀ Կառավարություն ներկայացվեց Հանրային ծառայողների վարձատրության ռազմավարության նախագիծը, ինչը նախատեսված էր նաեւ ՀՀ Կառավարության գործունեության ծրագրով, սակայն, համաշխարհային տնտեսական ճգնաժամով պայմանավորված, անհնար դարձավ բարեփոխումների մեկնարկը, եւ նախագիծը չհաստատվեց Կառավարության կողմից:
Կարգավորման նպատակը եւ բնույթը
2009 թվականին դատավորների եւ դատախազների աշխատավարձերի չափերը պահպանվեցին, եւ դրանով պայմանավորված «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-206-Ն եւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-207-Ն օրենքների գործողության ժամկետները երկարաձգվեցին մինչեւ 2010 դեկտեմբերի 31-ը: Նույնաբովանդակ փոփոխություններ կատարվեցին նաեւ 2010 թվականին` գործողության ժամկետ սահմանելով մինչեւ 2011թ. դեկտեմբերի 31-ը:
Ակնկալվող արդյունքը
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին օրենքով նախատեսվող ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի դատավորի եւ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափերը, ինչպես նաեւ հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի նիստում հաստատված Հայաստանի Հանրապետության 2012-2014 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով սահմանված դատավորների եւ դատախազների աշխատավարձերի նույն չափաքանակները` առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել վերոնշյալ օրենքների ժամանակավոր նորմատիվ իրավական ակտ սահմանող դրույթները: