Armenian ARMSCII Armenian
Պ-0121-11.02.2019-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել նոր՝ 189.18-րդ հոդված, հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 189.18. Կրթական, գիտական եւ հետազոտական ծրագրերի շրջանակներում սովորողի կողմից ինքնուրույն կատարման ենթակա առաջադրանքները, հետազոտությունները եւ այլ գործնական աշխատանքները կատարելու, մշակելու, պատրաստելու ծառայությունների գովազդը

Կրթական, գիտական եւ հետազոտական ծրագրերի շրջանակներում սովորողի (աշակերտի, ուսանողի, ունկնդրի, հետազոտողի) կողմից ինքնուրույն կատարման ենթակա առաջադրանքները, հետազոտությունները եւ այլ գործնական աշխատանքները (ռեֆերատ, կուրսային, դիպլոմային, ատենախոսություն եւ այլն) կատարելու, մշակելու, պատրաստելու ծառայությունների գովազդը՝

առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Հոդված 2. Օրենսգրքի 219.1-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում «եւ 189.12-րդ» բառերը» փոխարինե «, 189.12-րդ եւ 189.18-րդ» բարերով։

Հոդված 3. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «189.10» թվից հետո» լրացնել «եւ 189.18-րդ» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը

«Գովազդի մասին» ՀՀ օրենքում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության կազմակերպման ու որակյալ արդյունքներ ապահովելու գործին էականորեն խոչնդոտող, անթույլատրելի ծառայությունները հանրային հարթակներում խրախուսող ու իրական գիտելիքների ձեւավորմանը խանգարող ծառայությունների կանխումը, ինչպես նաեւ որոշակի անթույլատրելի ծառայությունների գովազդի նկատմամբ վերահսկողության եւ պատասխանատվության հիմքերը սահմանելը։

Առկա վիճակը եւ խնդիրները

Խնդիրն այն է, որ հանրակրթական եւ մասնագիտական կրթության տարբեր մակարդակների ծրագրեր ուսումնառելու կամ գիտական ուսումնասիրություններ ու ատենախոսություններ պատրաստելու պարտադիր նախապայման է սովորողի կամ հետազոտողի ինքնուրույն աշխատանք կատարելու հանգամանքը։ Մինչդեռ գովազդի տարբեր միջոցներով (արտաքին, էլեկտրոնային, ինտերնետային եւ այլն) եւ սոցիալական ցանցերով անարգել տարածվում է ռեֆերատներ, կուրսային, դիպլոմային եւ այլ ավարտական աշխատանքներ կատարելու, գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստելու ծառայություններ, որոնք ուղղակիորեն միջամտություն են կրթության եւ գիտության արդյունքների կեղծմանը, հետեւաբար նաեւ՝ հարված որակի ցուցանիշներին, շրջանավարտի իրական ձերքբերումներին ու աշխատաշուկայում վստահության նվազեցմանը։

Այսպես օրինակ` kursayin.am կայքի տվյալներով հայտարարվում է.

«Ավելի քան 12 տարի մենք համարվում ենք կրթության ոլորտի առաջատար ծառայություններ մատուցող ընկերություն: Մեր ընկերության նպատակն է բարձրակարգ եւ որակյալ ծառայությունների տրամադրումը բոլոր տեսակի ուսումնական եւ ուսանողական աշխատանքների պատրաստման եւ պաշտպանության ոլորտում: Ընկերությունը կատարում է ցանկացած առաջադրանքներ՝ անկախ դրանց բարդության աստիճանից: Մեզ համար անիրագործելի առաջադրանք չկա: Յուրաքանչյուր պատվիրատուի նկատմամբ կիրառվում է անհատական մոտեցում: Անվերապահորեն հաշվի ենք առնում պատվիրատուի բոլոր ցանկություններն ու առաջադրված ժամկետները: Մեր փորձառու մենեջերները կտրամադրեն Ձեզ ծառայություններին վերաբերող բոլոր անհրաժեշտ տեղեկությունները: Մենք սիրում ենք մեր աշխատանքը եւ ապահովում ենք յուրաքանչյուր պատվերի գերազանց կատարումը:»։

Եվ այս գովազդին հաջորդում է գործը. սովորողը կարող է պատվիրել իր ցանկացած առաջադրանքը, աշխատանքի կատարման պլանը, ծավալը, ժամկետը եւ իր պատվիրած ժամկետում ստանալ պատրաստի աշխատանք։ Կարող է նաեւ ձեռք բերել արդեն պատրաստի աշխատանքը։

Նմանատիպ հայտարարություններ եւ ծառայությունների առաջարկներ կարելի է հեշտությամբ գտնել համացանցում՝ ուղղակի կամ երկրորդական հղումներով, ինչպես նաեւ հանդիպել հանրային փոխադրամիջոցներում, ուսումնական հաստատությունների տարածքներում կամ հարակից շինությունների, կանգառների տարածքների եւ արտաքին գովազդի այլ միջոցներում։ Այսինքն, որոշակի կազմակերպություններ եւ անձինք հրապարակային գովազդում են անթույլատրելի մասնագիտական ծառայություններ մատուցելու փաստը եւ անարգել զբաղվում ոչ միայն կրթության արդյունքների կեղծմանը, այլ ստվերային ձեռնարկատիրական գործունեությամբ։

Հետեւաբար, խնդրի կարգավորման համար գովազդը արգելող նորմի հետ պետք է սահմանել նաեւ դրա վերահսկողության եւ պատասխանատվության հիմքերը։

Քանի որ «կրթական եւ գիտական առաջադրանքներ» կատարելու ծառայությունները կարող են տարածվել գովազդի տարբեր ձեւերով ու միջոցներով, դրա նկւատմամբ վերահսկողությունն ու պատասխանատվության կիրառումը եւս պետք է դիտարկել մի քանի ուղղություններով։

Համաձայն գործող օրենսդրության որոշակի կարգավորումներ սահմանված են, որոնց ուսումնասիրությունը հիմք է հանդիսացել առաջարկվող նախագծի ձեւակերպման համար։ Մասնավորապես.

Համաձայն «Գովազդի մասին» օրենքի 24-րդ հոդվածի՝

«Գովազդի մասին oրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինը ձեւավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»։ Այս հիմքով ՀՀ կառավարության 01.10.2001թ. թիվ N 917 որոշումով համապատասխան ոլորտների համար այդպիսիք սահմանվել են՝

- արտաքին գովազդի մասով` Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետը, իսկ ՀՀ մարզերում` մարզպետները,

- ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վրա գովազների համար՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը,

- սոցիալական գովազդի մասով՝ ՀՀ մշակույթի նախարարությունը,

- մանկական սննդի, առողջապահության, դեղերի ու բուժտեխնիկայի եւ այլ համանման ապրանքների ու ծառայութունների գովազդի մասով՝ ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնին:

Նշված մարմինները, համաձայն Գովազդի մասին օրենքի 26-րդ հոդվածի, իրավունք ունեն « գովազդային օրենսդրության խախտման մասին իր ծանուցագրերի պահանջների կատարումից խուսափելու կամ ժամանակին չկատարելու համար գովազդատուի, գովազդ արտադրողի, գովազդակրի նկատմամբ կիրառել տուգանք` նվազագույն աշխատավարձի մինչեւ 100-ապատիկի չափով:»

Համաձայն «Գովազդի մասին օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինը Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն է:», իսկ ըստ «Հեռուստատեսութան եւ ռադիոյի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 20-րդ կետի՝

«Հեռուստառադիոընկերությունների կողմից այն ապրանքատեսակների եւ ծառայությունների գովազդի հեռարձակումը, որոնց գովազդն արգելված է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»

Վարչական իրավախատումների վերաբերյալ օրենսգրքի 124.2-րդ հոդվածով նախատեսված է «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով» տուգանքի նշանակում՝ տրանսպորտային միջոցի վրա գովազդի տեղադրման կարգը խախտելու համար։

Առաջարկվող խնդրի վերահսկելիության համար, նշված կարգավորումները բավար չեն, հետեւաբար Վարչական իրավախատումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվել է.

- սահմանել վարչական պատասխանատվության ենթակա իրավախատման ձեւը եւ դրա տուգանքի չափը։ Այդ նպատակով լրացվել է 189.18-րդ հոդվածը.

- վերահսկողության եւ տուգանքների սահմանման մեխանիզմները կիրառելու նպատակով, վարչական պատասխանատվության ենթակա իրավախատման ձեւը ամրագրվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու համար լիազորված Տեղական ինքնակառավարման մարմինների եւ Վարչական դատարանները լիազորություններում։

Ակնկալվող արդյունքը

Օրենսդրական նախաձեռնության նպատակն է որոշակիորեն կանխել նման ծառայությունների միջոցով կրթական խաբկանքի տանող գործողությունները։ Որպես դրա վերահսկելիության ու կատարման երաշխիք, նախատեսվում է նաեւ համապատասխան լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում՝ նման գովազների տարածման դիմաց սահմանելով նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով վարչական տուգանք:

Պարզ է նաեւ, որ գովազդի արգելումը դեռեւս բավարար նախադրյալ չի կարելի համար այս պրակտիկան սահմանափակելու համար։ Սակայն նախաձեռնությունը որոշակիորեն կարող է զսպել արատավոր, բայց սովորութային դարձած երեւույթը։

Օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտության հարցը քննարկվել է ուսումնական հաստատությունների ղեկավարության եւ գիտամանկավարժական հանրության ներկայացուցիչների շրջանում, որոնք հաստատել են երեւույթի աճող տարածականությանը։

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

08 փետրվարի 2019թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժան պարոն Միրզոյան,


Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության գովազդի մասին օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի փաթեթը։

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են՝

ա) նախագծերը (հիմնական զեկուցող՝ Հովհաննես Հովհաննիսյան),

բ) նախագծերի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքներում լրացվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Կանխավ շնորհակալ եմ:

Հարգանքով՝
Հովհաննես Հովհաննիսյան