Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-0131-12.02.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4) Հանրային նշանակության օբյեկտները (սրճարան, բար, ռեստորան, հյուրանոց, ինտերնետ ակումբ (սրահ), գազալցակայան, առեւտրի սրահ, զվարճանքի եւ հանրային սպասարկման այլ վայրեր) շահագործող անձինք պարտավոր են արգելափակել ՀՀ տարածքում ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց պաշտոնական կայքերի հասանելիությունը:»:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5) Սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջի խախտումն առաջացնում է տուգանք՝ արգելափակման ենթակա կայքերի հասանելիություն ունեցող յուրաքանչյուր սարքավորման համար՝ մեկ միլիոն ՀՀ դրամի չափով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հոկտեմբերի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վերջին շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների արագընթաց զարգացումները, ներթափանցելով հասարակական կյանքի տարբեր բնագավառներ՝ հանգեցրել են հասարակության լայն շերտերի ներգրավմանը նախկինում ոչ այնքան հասանելի ոլորտներ? Ասվածի օրինակն է ՀՀ-ում տարածման նոր թափ ստացած ինտերնետ շահումով խաղերի եւ վիճակախաղերի ոլորտը, ինչը, պայմանավորված զարգացման ներկա տեմպերով, առաջ է բերում պետական վերահսկողական լրացուցիչ գործիքակազմի անհրաժեշտություն:

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք) թեեւ նախատեսում է որոշակի տարածքային սահմանափակումներ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման առնչությամբ, այնուամենայնիվ հանրային նշանակության որոշ օբյեկտներ դուրս են մնում դրա կարգավորման սահմաններից:

Գործող օրենսդրական կարգավորմամբ ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել միայն որոշակի մարզերի վարչական սահմաններում` կրթական եւ պատմամշակութային օջախներից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից ՀՀ կառավարության սահմանած հեռավորությամբ եւ չափանիշներին համապատասխան տարածքներում:

Նշված կարգավորման շրջանակներից այնուամենայնիվ դուրս են մնում հանրային նշանակության այնպիսի օբյեկտները (օրինակ՝ սրճարաններ, ռեստորաններ, ինտերնետ ակումբներ եւ այլն), որոնք հասարակության տարբեր շերտերի բավականին մեծ հոսք են ապահովում եւ օբյեկտիվորեն օժտված են ինտերնետ շահումով խաղերը վերջիններիս համար հասանելի դարձնելու հնարավորությամբ:

Տվյալ պարագայում, ելնելով խաղային ոլորտում պետության վերահսկողական գործառույթների ամբողջական եւ արդյունավետ իրականացման խնդրից, անհրաժեշտություն է առաջանում պաշտպանել նաեւ հանրության խոցելի խմբերի շահերը, որոնք կարող են վտանգվել ինտերնետ շահումով խաղերի հնարավոր բացասական ազդեցության հետեւանքով:

Ուստի, ներկայացվող նախագծով առաջարկում ենք Օրենքի 6-րդ հոդվածում կատարել լրացում՝ հանրային նշանակության օբյեկտներում (սրճարան, բար, ռեստորան, հյուրանոց, ինտերնետ ակումբ (սրահ), գազալցակայան, առեւտրի սրահ, զվարճանքի եւ հանրային սպասարկման այլ վայրեր) ինտերնետ շահումով խաղերի կայքերի (ՀՀ տարածքում լիցենզիա ստացած) հասանելիությունը արգելափակելու նպատակով:

Նշված սահմանափակումը կնպաստի հասարակության լայն շերտերի, մասնավորապես անչափահասների կողմից որպես ժամանց ինտերնետ շահումով խաղերով հրապուրվելու վտանգի վերացմանը՝ մասնավորապես հաշվի առնելով վերջին շրջանում խաղային ոլորտում ահագնացող տեմպերով տարածվող գովազդային ալիքը:

Բացի այդ, արգելափակելով ՀՀ-ում ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց պաշտոնական կայքերի հասանելիությունը հանրային ժամանցի օբյեկտներում, պետությունը կնպաստի հասարակության խոցելի խմբերի շահերի պաշտպանությանը եւ առհասարակ, քաղաքացու կենսագործունեության համար առավել անվտանգ միջավայրի ձեւավորմանը:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀՀ Ազգային ժողովի նախագահ
պարոն Արարատ Միրզոյանին

Մեծարգո՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդարակն նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը:

Գրությանը կից ներկայացվում են՝

1. Նախագծերի փաթեթը (հիմնական զեկուցող՝ Ալեն Սիմոնյան)

2. Օրենքների ընդունման հիմնավորումը,

3. Գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը :

Խնդրում ենք օրենքի նախագծերը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Պատգամավոր՝ Ալեն Սիմոնյան