Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-12512-30.09.2011-ՊԻ-010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1998 թվականի հունիսի 17-ի ՀՕ-247 օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող եւ անվավեր կամ այն ճանաչով Սահմանադրությանը համապատասխանող` միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը գտել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ»:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 204.38. Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման կանոնները

1. Եթե սույն բաժնով նախատեսված չեն հատուկ կանոններ, ապա նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթի վրա տարածվում են սույն օրենսգրքի ընդհանուր կանոնները:

2. Այդ վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 204.32-րդ կամ 204.33-րդ հոդվածներով նախատեսված հանգամանքները ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա»: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ


Ներկա իրավիճակը եւ առկա խնդիրները.

1.ՀՀ սահմանադրական դատարանը 2008թ. ապրիլի 15-ին քաղաքացիներ Արմեն Համամջյանի, Աիդա Քոչարյանի, Իրինա Օգանեզովայի, Աննա Բաղդասարյանի եւ Ագնեսա Բաղդասարյանի դիմումների հիման վրա քննության առնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 10-րդ մասի 2-րդ պարբերության եւ 12-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, որոշեց/ ՍԴՈ-751 որոշում/, որ.

1. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 10-րդ մասի 2-րդ պարբերության եւ 12-րդ մասի դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ մասի դրույթները, որոնք համակարգային առումով փոխկապակցված են օրենքի վիճարկվող դրույթների հետ, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 19-րդ հոդվածի պահանջներին հակասող եւ անվավեր այն մասով, որով սահմանափակվում է նոր հանգամանքների հիմքով այն անձանց իրավունքների վերականգնամն հնարավորությունը, որոնց վերաբերյալ վերջնական դատական ակտի կայացման եւ տվյալ անձի նկատամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ դիմումի դիմումների հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննության սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա միջեւ ընկած ժամանակահատվածը չի գերազանցում վեց ամիսը:

Սույն որոշումն ընդունելուց հետո ՀՀ Ազգային ժողովը 20.02.2010թ. ՀՕ-96-Ն օրենքով փոփոխություն կատարեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածում` դրա 2-րդ կետը շարադրելով այն խմբագրությամբ, որ նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեն`

«2)այն անձինք, ովքեր օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ ունեցել են այդ իրավունքը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան իրացնելու հնարավորություն կամ նույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կամ 5-րդ կետերի ուժով զրկված են եղել սահմանադրական դատարանում իրենց գործի քննության հնարավորությունից»:

Համանման իրավակարգավորում է նախատեսվել նաեւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.31-րդ հոդվածի 2-րդ կետում:

Այս մոտեցումները միանգամայն համապատասխանում են տվյալ հարցի առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին եւ ապահովում են ՍԴՈ-751 որոշման կատարումը: Սակայն դեռեւս շարունակում է անփոփոխ մնալ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածը, ինչպես նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ 1-ին մասի 1-ին կետում եւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին մասում դեռեւս հաշվի առնված չեն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթն առ այն, որ յուրաքանչյուր ոք սահմանադրական դատարան կարող է դիմել, միայն երբ վիճարկում է «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»:

Այսինքն սահմանադիրն ամբողջ իրավական ատկի սահմանադրականության հարցով սահմանադրական դատարան դիմելու իրավասություն վերապահել է միայն վերացական վերահսկողության կարգով սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտներին: Սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում եւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին մասում առկա ձեւակերպումներից ենթադրվում է, որ նաեւ վերացական վերահսկողության կարգով իրավական ակտն ամբողջությամբ Սահմանադրության հակասող ճանաչվելու դեպքում առաջանում է դատական ակտի վերանայման հիմք է ,ինչը կարող է իրավական քաոս առաջացնել:

2.ՀՀ սահմանադրական դատարանը, 2011թ. փետրվարի 25-ին քաղաքացիներ Ս. Ասատրյանի եւ Ա. Մանուկյանի դիմումների հիման վրա քննության առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի եւ 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը /որոշում ՍԴՈ-943/, նշեց, որ վիճարկվող ակտը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելիս սահմանադրական դատարանը, մեկնաբանելով վիճարկվող իրավանորմերը, բացահայտում է դրանց սահմանադրաիրավական բովանդակությունը` որոշման եզրափակիչ մասում ճանաչելով այդ նորմի համապատասխանությունը Սահմանադրությանը կամ համապատասխանությունը Սահմանադրությանը` իրավական որոշակի դիրքորոշումների շրջանակում, մատնանշելով.

-  իրավական այն սահմանները, որոնց շրջանակներում նորմի ընկալումն ու կիրառումը կապահովի դրա սահմանադրակությունը,

-  իրավական այն սահմանները, որոնց շրջանակներից դուրս կիրառվող կամ մեկնաբանվող տվյալ նորմը կհանգեցնի հակասահմանադրական հետեւանքների,

-  սահմանադրաիրավական այն չափորոշիչները, որոնց հիման վրա հանրային իշխանություն իրավասու մարմինը պարտավոր է ապահովել տվյալ նորմի լիարժեք կիրառման լրացուցիչ իրավակարգավորումներ:

Իր նշված որոշման մեջ սահմանադրական դատարանը փաստել է, որ դատական պրակտիկան, օրենսդրական ներկա ձեւակերպումներից ելնելով, նոր հանգամանք չճանաչելով սահմանադրական դատարանի այն որոշումները, որոնց եզրափակիչ մասում նշվում է, որ տվյալ գործով սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում է նորմը ճանաչվել սահմանադրական, հնարավորություն չի ստեղծում անձի խախտված իրավունքների ու ազատությունների վերականգման ու պաշտպանության համար:

Նման որոշումների թիվը տարեկան 4-5-ի սահմաններում է, եւ դրանք վերաբերում են այն դեպքերին, երբ հակասահմանադրական իրավիճակ առաջանում է ոչ թե օրենքի բացի կամ նորմի անորոշության, այլ դատական պրակտիկայի կողմից այդ նորմը Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ կիրառելու արդյունքում: Տվյալ պարագայում փակուղի է մտնում իրավունքի գերակայության, հետեւաբար` եւ Սահմանադրության գերակայության երաշխավորման սկզբունքի իրացումը: Սահմանդրական դատարանը գտել է նաեւ, որ այս իրավիճակը ոչ միայն դատավարական օրենսգրքերի, այլեւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթների անկատարությամբ է պայմանավորված, եւ դրանց համակարգային շտկման անհրաժեշտությունից ելնելով` ՍԴՈ-943 որոշմամբ նախատեսվել ՀՀ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչված դրույթի ուժը կորցնելը տարաժամկետել:

Ներկայացված հիմնախնդիրը գոյություն ունի նաեւ միջազգային իրավական պրակտիկայում: Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը/Վենետիկի հանձնաժողով/ 2011թ. հունվարի 17-18-ի 85-րդ լիագումար նիստում, հաստատելով անհատական դիմումների հիման վրա սահմանադրականության արդարադատության իրականացման եվրոպական փորձ ամփոփող զեկույցը, մասնավորապես, արձանագրել է նաեւ, որ երբ սահմանադրական դատարանը, որոշակի մեկնաբանության միջոցով սահմանադրականության ապահովման իր գործառոյթն իրականացնելիս պարտավորեցնում է պետական բոլոր մյուս մարմիններին նորմատիվ ակտւ կիրառել միայն սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը համապատասխանող ճանաչված որոշակի մեկնաբանությամբ, նորմատիվ ակտն ուժից չի զրկվում: ... Սակայն այս հարցում հստակություն մտցնելու համար անհրաժեշտ է այդ խնդիրն օրենսդրորեն կանոնակարգել, որպեսզի բոլոր պետական մարմինները, այդ թվում` դատարաններյ առաջնորդվեն սահմանադրական դատարանի կողմից տրված սահմանադրական մեկնաբանություններով, որը կարող է հիմքո ծառայել անհատական դիմում ներկայացնողներին պահանջելու դատարանում պաշտպանել իրենց իրավունքները:

Ուստի ներկայումս անհրաժեշտ է հրատապ կերպով փոփոխություններ կատարել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում, ՀՀ քաղաքացիական դատավարության եւ քրեական դատավարության օրենսգրքերում` Սահմանադրության հետ առկա անհամապատասխանությունը հնարավորինս կարճ ժամկետում վերացնելու նպատակով:

Առաջարկվող լուծումները.

Այս պայմաններում անհրաժեշտ է կատարել օրենսդրական փոփոխություններ, որոնց արդյունքում նշված օրենսդրական ակտերը կհամապատասխանեցվեն ՍԴՈ-751 եւ ՍԴՈ-943 որոշումներին: Այսպես առաջարկվում է փոփոխությունների կատարել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 8-րդ եւ 69-րդ 12-րդ մասերում, որի արդյունքում օրենսդրորեն որպես դատական ակտի վերանայման պարտադիր հիմք է առաջարկվում սահմանել օրենքի դրույթը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը, երբ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով օրենքի դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը` սահմանադրական դատարանը միաժամանկ գտել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ: Որպես ապագայում այդ նորմի` միայն սահմանադրական դատարանի կողմից տրված սահմանադրաիրավական բովանդակությամբ կիրառման երաշխիք, առաջարկվում է նաեւ սահմանել, որ յուրաքանչյուր դեպքում նման որոշում կայացնելիս` սահմանադրական դատարանը հենց որոշման եզրափակիչ մասում է բացահայտում այդ դրույթի սահմանադրաիրավական բովանդակությամբ:

Համապատասխան փոփոխություններ է առաջարկվում կատարել նաեւ ՀՀ քաղաքացիական դատավարության եւ քրեական դատավարության օրենսգրքերի` նոր հանգամանքը որպես դատական ակտի վերանայման պարտադիր հիմք նախատեսող հոդվածներում:

Միաժամանակ որպես նոր կամ նոր երեւած եկած հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնող անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության երաշխիք առաջարկվում է սահմանել, որ այդ վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 204.32-րդ կամ 204.33-րդ հոդվածներով նախատեսված հանգամանքները ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա:

Ակնկալվող արդյունքը.

Ուստի նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է կենսագործել ՍԴՈ-751 եւ ՍԴՈ-943 որոշումները, վերացնել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի, ՀՀ քաղաքացիական դատավարության եւ քրեական դատավարության օրենսգրքերի` Սահմանադրության հետ ունեցած անհամապատասխանությունը: