Armenian ARMSCII Armenian
Կ-027-26.02.2019-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 2-րդ կետը  լրացնել հետեւյալ բովանդակությամբ «է» ենթակետով.

«է. էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում եւ արտադրություն, համակարգչային անիմացիա եւ մոդելավորում, ինչպես նաեւ ինտեգրալային սխեմաների նախագծում եւ թեստավորում.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  11-րդ կետով.

«11) Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր` համարվում են Հայաստանի Հանրապետության այն ռեզիդենտ իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնց գործունեության բոլոր տեսակներից իրացման շրջանառության  առնվազն 70%-ը ձեւավորվել է սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության տեսակներից, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված կարգով հավաստագրման համար դիմելու իրավունք ունեցող կամ հավաստագրված տնտեսավարող սուբյեկտները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «Ծրագիրը մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը եւ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «Ծրագիրը մշակում եւ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության պետական կառավարման համակարգի մարմինը» բառերով, իսկ «Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:» բառերը հանել:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 8. Հավաստագրվող եւ հավաստագրված տնտեսավարող սուբյեկտներին ներկայացվող պահանջները

1. Հավաստագրումն իրականացվում է կամավորության սկզբունքով:

2. Հավաստագրման համար կարող են դիմել հետեւյալ տնտեսավարող սուբյեկտները.

1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած առեւտրային կազմակերպությունները, բացառությամբ տնտեսական ընկերակցությունների եւ դուստր ընկերությունների, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների.

2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերը:

3. Հավաստագրման համար դիմող տնտեսավարող սուբյեկտները պետք է բավարարեն հետեւյալ պահանջները.

1) ստեղծվել են բացառապես սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնելու նպատակով.

2) չեն ստեղծվել այլ տնտեսավարող սուբյեկտի վերակազմակերպման արդյունքում.

3) բաժնետերերից (մասնակիցներից) որեւէ մեկը չի հանդիսացել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լուծարված ընկերության բաժնետեր կամ մասնակից կամ գործունեությունը դադարեցրած (պետական հաշվառումից հանված) անհատ ձեռնարկատեր.

4) բաժնետերերից (մասնակիցներից) որեւէ մեկը չի հանդիսանում սույն օրենքի պահանջներին համապատասխան հավաստագրված այլ ընկերության բաժնետեր կամ մասնակից կամ անհատ ձեռնարկատեր.

5) բաժնետերերից (մասնակիցներից) որեւէ մեկը կամ հավաստագրման համար դիմած անհատ ձեռնարկատերը չի հանդիսանում սնանկության գործընթացում գտնվող այլ տնտեսավարող սուբյեկտի բաժնետեր կամ մասնակից.

6) աշխատողների թիվը չի գերազանցում 30-ը.

7) հավաստագրման համար չեն կարող դիմել այն կազմակերպությունները, որոնց բաժնետերերից (մասնակիցներից) որեւէ մեկը դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում եւ ?կամ? դիմելու պահին հանդիսանում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացրած ?իրականացնող? այլ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացրած ?իրականացնող? այլ կազմակերպության բաժնետեր կամ մասնակից.

8) հավաստագրման համար չի կարող դիմել այն անհատ ձեռնարկատերը, որը դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում հանդիսացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացրած եւ գործունեությունը դադարեցրած (պետական հաշվառումից հանված) անհատ ձեռնարկատեր.

9) հավաստագրման համար չեն կարող դիմել այն կազմակերպությունները, որոնց բաժնետերերի 20 եւ ավելի տոկոս բաժնեմասը պատկանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այլ կազմակերպության, կամ որոնց բաժնետերերից (մասնակիցներից) որեւէ մեկին պատկանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այլ կազմակերպության 20 եւ ավելի տոկոս բաժնեմասը:

4. Հավաստագրի գործողության ընթացքում հիմնական միջոցների օտարումը, ինչպես նաեւ համատեղ գործունեության պայմանագրի կնքումը սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության տեսակներից դուրս իրականացվող այլ գործունեություն է:

5. Սույն հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված աշխատողների թիվը հավաստագրի գործողության ընթացքում չի կարող գերազանցել 30-ը:

6. Հավաստագրված անձինք՝

1) պարտավոր են հավաստագրի գործողության ընթացքում պահպանել սույն հոդվածի 2-5-րդ մասերում նշված պահանջները.

2) չեն կարող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող այլ տնտեսավարող սուբյեկտներին օտարել սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության արդյունքները, բացառությամբ կրթական ծրագրերի իրականացման դեպքերի:»:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերում «8-րդ հոդվածի 2-րդ մասում» բառերը փոխարինել «8-րդ հոդվածի 3-րդ մասում» բառերով:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 1.1-ին մասը «հանդիսանալ» բառից հետո լրացնել «, բացառությամբ 8-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ, 5-րդ կետերով եւ               7-9-րդ մասերով նախատեսված դեպքերի՝» բառերով:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «8-րդ հոդվածի 5-րդ մասով» բառերը փոխարինել «8-րդ հոդվածի 6-րդ մասով» բառերով:

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը «Հավաստագրված» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ հավաստագրի համար դիմած եւ մերժված» բառերով:

Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում «2017» թիվը փոխարինել «2022» թվով, եւ 3-րդ մասը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«3. Մինչեւ 2018 թվականի փետրվարի 1-ը սույն օրենքով տրամադրված հավաստագրերը գործում են դրանց տրամադրման օրվանից 5 տարի ժամկետով, իսկ 2018 թվականի փետրվարի 1-ից հետո տրամադրվող հավաստագրերը գործում են մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:

Հոդված 9. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի 3-րդ հոդվածով փոփոխված Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ եւ 7-9-րդ մասերի պահանջները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հավաստագրվող տնտեսավարող սուբյեկտների վրա:

2. 2017 թվականի դեկտեմբերի 1-ից հետո մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական գրանցում ստացած (հաշվառված) տնտեսավարող սուբյեկտները կարող են հավաստագրման համար դիմել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: