Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-247-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում`
1) 16-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, ինչպես նաեւ որակավորման վկայականի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու հիմքերը» բառերը, եւ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1-7-րդ կետերով.
«1) քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության որակավորման վկայականի (այսուհետ` վկայական) գործողության կասեցման համար հիմք են`
ա. վկայականի գործողությունը կասեցնելու վերաբերյալ դատական ակտը,
բ. կառավարության որոշմամբ սահմանված քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները չկատարելը.
2) վկայականի գործողությունը կասեցնելու մասին պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանն այն կայացնելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում տրվում կամ պատշաճ ձեւով ուղարկվում է որակավորում ստացած անձին: Վկայականի գործողությունը կասեցվում է մինչեւ դրա պատճառների վերացումը.
3) վկայականի գործողության կասեցման ընթացքում որակավորված անձն իրավունք չունի իրականացնելու քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության գործունեություն, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործունեությունն ուղղված է կասեցման պատճառները վերացնելուն.
4) վկայականի գործողության դադարեցման համար հիմք են`
ա. վկայական ստանալու համար ներկայացված փաստաթղթերում հետագայում հայտնաբերված կեղծ կամ խեղաթյուրված տվյալների առկայությունը,
բ. որակավորված անձին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատական ակտը,
գ. վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որակավորված անձի դիմումը,
դ. վկայականի գործողության կասեցման ժամկետում գործունեություն իրականացնելը,
ե. մեկ տարվա ընթացքում երկու անգամ վկայականի գործողության կասեցումը,
զ. որակավորված անձի մահը հավաստող փաստաթուղթը.
5) վկայականի գործողության դադարեցման մասին պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանն այն կայացնելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում (բացառությամբ սույն կետի «զ» ենթակետի) տրվում կամ պատշաճ ձեւով ուղարկվում է որակավորում ստացած անձին.
6) վկայականի գործողության կասեցումը եւ դադարեցումը կատարվում են Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության գործունեության բնագավառում հայտատուի մասնագիտական որակավորման մշտական գործող հանձնաժողովի եզրակացության հիման վրա` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Վկայականի գործողության կասեցման եւ դադարեցման հրամանների բողոքարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
7) վկայականի գործողության դադարեցումից հետո նոր վկայական ստանալու համար անձը կարող է դիմել դրա գործողության դադարեցման օրվանից վեց ամիս հետո:».
2) 72-րդ հոդվածում`
ա. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) խրախուսման ֆոնդ:»,
բ. 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի աշխատակիցների խրախուսման ֆոնդի չափը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի տարեկան ֆոնդը:».
3) 73-րդ հոդվածի 1-ին մասի 24րդ կետի «14-րդ եւ 21-րդ» բառերը փոխարինել «16-րդ եւ 18-րդ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «, ինչպես նաեւ որակավորման վկայականի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու հիմքերը» բառերը:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից: