Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1259-13.10.2011-ՄԻ-010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը սահմանում է քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակույթի եւ հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման երաշխիքները եւ կարգավորում է դրանց առնչությամբ ծագող հարաբերությունները:

Հոդված 2. Սույն օրենքի նպատակն ու խնդիրները

1. Սույն օրենքի նպատակն է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովումը, կանանց եւ տղամարդկանց իրավական պաշտպանությունը գենդերային խտրականությունից, քաղաքացիական հասարակության ձեւավորման աջակցումը եւ հասարակության մեջ ժողովրդավարական հարաբերությունների հաստատումը:

2. Սույն օրենքի խնդիրներն են` ապահովել կանանց եւ տղամարդկանց.

1) իրավունքների, պարտականությունների եւ պատասխանատվության իրական հավասարությունը, նրանց նկատմամբ հավասար վերաբերմունքը եւ խտրականության բացառումը,

2 ) հնարավորությունների հավասարությունը,

3) արդյունքի հավասարությունը:

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները

1. Սույն հոդվածում սահմանված հասկացությունները սույն օրենքում ունեն հետեւյալ համապատասխան իմաստները.

1) Գենդեր, գենդերային` տարբեր սեռի անձանց` ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց եւ տղամարդկանց միջեւ հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը:

2) Գենդերային խտրականություն (ուղղակի, անուղղակի)` սեռի հատկանիշով անձանց իրավունքներն ու շահերը սահմանափակող ցանկացած տարբերակում, բացառում կամ նախապատվություն, որն ուղղված է կամ հանգեցնում է քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակույթի եւ հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության ճանաչման, օգտագործման կամ իրականացման սահմանափակմանը կամ վերացմանը:

3) Ուղղակի գենդերային խտրականություն` սեռային պատկանելիությունն ուղղակիորեն մատնանշող խտրականություն:

4) Անուղղակի գենդերային խտրականություն` խտրականություն առանց սեռական պատկանելության ուղղակի մատնանշման:

5) Գենդերային հավասարության քաղաքականություն` պետական, հասարակական նպատակային գործունեություն` ուղղված հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց եւ տղամարդկանց իրական հավասարության ապահովմանը:

6) Գենդերային վիճակագրություն` սեռային բաշխմամբ վիճակագրություն, որն արտացոլում է սոցիալ-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում կանանց եւ տղամարդկանց համապատասխան դիրքը եւ հասարակության մեջ առկա գենդերային հիմնախնդիրներն ու հարաբերությունները:

7) Գենդերային փորձաքննություն` ներպետական իրավական համակարգի մշտադիտարկում եւ հանրային-իրավական վերլուծություն, ինչպես նաեւ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատում` կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների, հավասար հնարավորությունների, պարտականությունների, պատասխանատվության, գործընկերային հարաբերությունների եւ հավասար արդյունքի ապահովման եւ գենդերային խտրականության բացառման առումով:

8) Գենդերային ներկայացվածություն` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կամ որեւէ կազմակերպության կազմում կանանց եւ տղամարդկանց ներկայացվածության համամասնություն:

9) Գենդերային հավասարություն` կանանց եւ տղամարդկանց հավասար իրավական կարգավիճակ եւ դրա իրականացման համար հավասար հնարավորություններ, որոնք հնարավորություն են ընձեռում անձանց, անկախ սեռից, ազատորեն օգտագործելու իրենց ունակությունները քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակույթի եւ հասարակական կյանքի այլ ոլորտներում մասնակցություն ունենալու համար:

10) Գենդերային իրավահավասարություն` օրենքի առաջ կանանց եւ տղամարդկանց  իրավունքների, պարտականությունների եւ պատասխանատվության հավասարություն` օրենքով սահմանված բացառությունների հաշվառմամբ:

11) Գենդերային չափորոշիչներ (գենդերային զգայուն ինդիկատորներ)` դրանք ցուցիչներ կամ չափիչներ են, որոնք քանակական եւ որակական ցուցանիշները կիրառում են որոշակի ժամանակահատվածում հասարակությունում գենդերային նշանակություն ունեցող փոփոխությունները հանրագումարի բերելու համար:

12) Գենդերային հարաբերություններ` շփման մեջ կամ տարբեր տեսակի համատեղ գործունեության իրականացման ընթացքում կանանց եւ տղամարդկանց գենդերային բնույթի վարք եւ վարմունք:

13) Գենդերային կարծրատիպեր` կանանց եւ տղամարդկանց միջեւ տարբերությունների մասին տվյալ ժամանակահատվածում տվյալ հասարակության մեջ առկա կարծրացած պատկերացումներ:

14) Գենդերային վերլուծություն`  հասարակության մեջ կանանց եւ տղամարդկանց դրության վրա` հասարակական կյանքի համապատասխան ոլորտներում գործող կամ նախաձեռնվող ծրագրերի, իրավական ակտերի, պետական քաղաքականության տարբեր ներգործությունների գնահատման գործընթաց:

15) Գենդերային քվոտաներ (քվոտավորում)` հասարակական կյանքի համապատասխան ոլորտներում օրենքով սահմանված հարաբերակցությամբ կանանց եւ տղամարդկանց հավասարակշռված ներկայացվածությունն ապահովող ժամանակավոր հատուկ միջոցների տեսակ, որը կարող է վերացվել հասարակական կյանքի համապատասխան ոլորտում կանանց եւ տղամարդկանց զուգակշռված/ հավասարակշռված/ հաշվեկշռված ներկայացվածության հասնելուն համապատասխան:

16) Համալիր մոտեցում գենդերային հավասարության հիմնախնդրին (մեյնսթրիմինգ)  ռազմավարություն, որի միջոցով կանանց եւ տղամարդկանց շահերը դառնում են քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակույթի կամ հասարակական կյանքի այլ ոլորտներում իրավական ակտերի, քաղաքականության, ծրագրերի եւ միջոցառումների մշակման, կատարման, մշտադիտարկման եւ գնահատման գործընթացի անքակտելի բաղադրիչը, որն ուղղված է կանանց եւ տղամարդկանց միջեւ անհավասարության վերացմանը:

17) Հավասար հնարավորություններ` իրական գենդերային իրավահավասարության հասնելու համար անհրաժեշտ միջոցների եւ պայմանների համակարգ:

18) Արդյունքի հավասարություն` հավասարության հայեցակարգ, որին համապատասխան ճանաչվում է, որ կանանց եւ տղամարդկանց կողմից հավասար (միեւնույն) արդյունքների հասնելու համար նրանց նկատմամբ անհրաժեշտ է դրսեւորել տարբեր վերաբերմունք, քանի որ նրանց կենսապայմանները տարբեր են, կամ այն բանի համար, որ փոխհատուցվի անցյալում կանանց նկատմամբ իրագործված խտրականությունը:

19) Գործընկերային հարաբերություններ հավասար պայմաններում կանանց եւ տղամարդկանց համագործակցություն կամ համատեղ մասնակցություն պետական եւ հասարակական կյանքին:

20) Ժամանակավոր հատուկ միջոցներ`  իրավական, կազմակերպական բնույթի ժամանակավոր միջոցներ ուղղված հասարակական կյանքի` գենդերային կարծրատիպերով եւ գենդերային մշակույթի բացակայությամբ առավել աչքի ընկնող ոլորտներում սեռերից մեկի ներկայացուցիչների պաշտպանությանը:

21) Սեռական ոտնձգություն` գենդերային խտրականության դրսեւորումներից տեսակ` խոսքային կամ ֆիզիկական դրսեւորում ունեցող սեռական բնույթի գործողություններ կամ ցանկացած իրավիճակ, որոնք ուղղված են անձի արժանապատվությունը նվաստացնելուն, վախեցնելուն, թշնամությանը, ստորացմանը կամ նմանատիպ իրավիճակներին:

Հոդված 4. Գենդերային հավասարություն քաղաքականության հիմնական սկզբունքները

1. Գենդերային հավասարության քաղաքականության սկզբունքներն են.

1) գենդերային հավասարության ապահովման ոլորտում միջազգային իրավունքի նորմերի պահպանումը,

2) օրինականությունը,

3) սոցիալական արդարությունը,

4) գենդերային խտրականության բացառումը,

5) թափանցիկությունը,

6) գենդերային հավասարության առաջընթացին քաղաքացիական հասարակության մասնակցությունը:

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը գենդերային հարաբերությունների կարգավորման ոլորտում

1. Գենդերային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, գենդերային հարաբերություններ կարգավորող իրավական նորմեր պարունակող Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով:

2.Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով եւ այլ օրենքներով, որոնք պարունակում են գենդերային հարաբերությունները կարգավորող նորմեր, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 6. Գենդերային խտրականության արգելումը

1. Հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ուղղակի  եւ անուղղակի գենդերային խտրականությունն արգելվում է:

2. Գենդերային ուղղակի խտրականության ձեւեր են`

1) ընտանեկան դրության, հղիության եւ ընտանեկան պարտականությունների կատարման հիմքով խտրականությունը,

2) միեւնույն կամ համարժեք աշխատանքի դիմաց տարբեր վարձատրությունը, աշխատանքի վարձատրության ցանկացած փոփոխությունը (բարձրացում կամ իջեցում) կամ աշխատանքի պայմանների վատթարացումը սեռի հատկանիշով,

3) սեռական ոտնձգությունը,

4) երբ անձը սեռի հատկանիշով ենթարկվել, ենթարկվում կամ կարող է ենթարկվել առավել վատ կամ անբարենպաստ վերաբերմունքի միեւնույն կամ նմանատիպ իրավիճակում:

3. Գենդերային անուղղակի խտրականության ձեւեր են`

1) գենդերային կարծրատիպերի վերարտադրությունը զանգվածային լրատվությամբ, կրթության եւ մշակույթի միջոցով,

2) այնպիսի պայմանների հաստատումը, պահանջների ներկայացումը, որոնք առաջացրել են կամ կարող են առաջացնել բացասական հետեւանքներ` որոշակի սեռի անձանց վնաս պատճառելու ձեւով:

4. Գենդերային խտրականություն չէ`

1) կանանց եւ տղամարդկանց հարաբերությունների կարգավորման հարցերում տարբերությունների սահմանումը` պայմանավորված հղիության եւ ծննդաբերության, երեխայի խնամքի եւ կրծքով կերակրելու հետ,

2) օրենքով սահմանված դեպքերում բացառապես տղամարդկանց պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության անցնելը,

3) սույն օրենքի հիմքով ժամանակավոր հատուկ միջոցների կիրառումը, որոնք ուղղված են իրավական կարգավորման ենթակա քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակույթի եւ այլ  հարաբերություններում գենդերային հավասարության հաստատմանը,

4) կանանց եւ տղամարդկանց աշխատանքի պահպանման առանձնահատկությունները` կապված նրանց վերարտադրողական  առողջության պահպանման հետ,

5) մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջների սահմանումը` հիմնված պարտականությունների` միայն որոշակի սեռի անձանց կատարման հնարավորության վրա,

6) այն տարբերությունների սահմանումը, որը պայմանավորված է տարբեր սեռերի կենսաբանական առանձնահատկությամբ,

7) Կրոնական կանոնական ծեսերը:

5. Արգելվում է անձի վերաբերյալ սեռի հատկանիշով պայմանավորված վիրավորական եւ նվաստացուցիչ հրապարակային հայտարարություն անելը, ներառյալ` զանգվածային լրատվության միջոցներով:

ԳԼՈՒԽ II

ԳԵՆԴԵՐԱՅԻՆ  ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 7. Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականությունը

1. Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականությունը ձեւավորվում եւ իրականացվում է սույն օրենքով սահմանված սկզբունքներին համապատասխան` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց կողմից:

2. Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության ձեւավորմանը եւ իրագործմանը մասնակցում են իրենց նախաձեռնությամբ:

Հոդված 8. Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության  հիմնական ուղղությունները

1. Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են`

1) գենդերային հավասարության հիմնախնդիրների վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը,

2) գենդերային հավասարության ապահովման համար նորմատիվ իրավական բազայի ձեւավորումը, կատարելագործումը, զարգացումը եւ միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխանեցումը,

3) գենդերային հավասարության ապահովման համար գործուն իրավական եւ կազմակերպական մեխանիզմների ստեղծումը,

4) գենդերային հավասարության հասնելուն ուղղված պետական նպատակային ծրագրերի եւ միջոցառումների մշակումն ու իրագործումը եւ դրանց ֆինանսավորումը,

5) կանանց եւ տղամարդկանց հնարավորությունների միջեւ անհավասարության վերացմանը միտված ժամանակավոր հատուկ միջոցների կիրառումը,

6) գենդերային վիճակագրության եւ գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործման մշտադիտարկման իրականացումը,

7) գենդերային հավասարության խախտմանն ուղղված տեղեկատվությունից, քարոզչությունից հասարակության պաշտպանությունը,

8) գենդերային հավասարության մշակույթի ձեւավորումը եւ քարոզչությունը:

Հոդված 9. Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության  իրագործման մշտադիտարկումը

1. Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործման մշտադիտարկումն ու գնահատումն իրականցվում է պետական կառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

2. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները գենդերային հավասարության ուղղությամբ իրենց կողմից իրականացված գործունեության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով ամենամյա տեղեկատվություն են ներկայացնում գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործման համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին (այսուհետ` պետական լիազոր մարմին) եւ կարող են դրանք հրապարակել զանգվածային լրատվության միջոցներով:

Հոդված 10. Գենդերային վիճակագրությունը

Հայաստանի Հանրապետությունում գենդերային վիճակագրությունն իրականացվում է պետական վիճակագրության հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենքերին համապատասխան:

ԳԼՈՒԽ III

ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ  ՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  ՄԵՋ

Հոդված 11. Գենդերային հավասարության երաշխիքները պետության կառավարման մեջ

1.Պետությունն` ի դեմս Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով լիազորված մարմինների եւ պաշտոնատար անձանց, իրավական, կազմակերպական եւ այլ մեխանիզմների միջոցով կանանց եւ տղամարդկանց համար երաշխավորում եւ ստեղծում է պետության կառավարմանը մասնակցելու համար հավասար հնարավորություններ:

2. Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված իրենց իրավասության սահմաններում խորհրդակցական, աշխատանքային մարմիններ, պատվիրակություններ, ընտրական հանձնաժողովներ, օրենքով սահմանված դեպքերում, քվոտաներով եւ կոլեգիալության սկզբունքով այլ մարմիններ կազմավորելիս կամ քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններում նշանակում կատարելիս կամ քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններում նշանակվելու համար թեկնածություններ առաջարկելիս առաջնորդվում են գենդերային հավասարության սկզբունքով:

Հոդված 12. Հավասար ընտրական իրավունքների երաշխիքները

1. Կանայք եւ տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ եւ հավասար հնարավորություններ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, հանրաքվեներին մասնակցելիս:

2. Ընտրություններ անցկացնելիս կանայք եւ տղամարդիկ հավասարապես ապահովվում են արդարացի եւ իրական հնարավորություններով` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ ընտրելու եւ ընտրվելու իրավունքն իրականացնելու համար:

3. Կանանց եւ տղամարդկանց հավասարակշռված/ հաշվեկշռված ներկայացվածության հասնելու նպատակով պետությունը կարող է սահմանել ընտրովի մարմիններում առավել քիչ ներկայացված սեռի թեկնածուների աջակցմանն ուղղված ժամանակավոր հատուկ միջոցներ:

4. Ընտրություններին կուսակցությունների մասնակցությունը պետք է ապահովված լինի թեկնածուների ընտրական ցուցակներում գենդերային ներկայացվածությամբ` օրենքով սահմանված քվոտաներով:

5. Կանանց եւ տղամարդկանց ընտրական իրավունքները, դրանց երաշխիքները, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, հանրաքվեների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման, մասնակցության, ինչպես նաեւ կուսակցությունների կողմից գենդերային ներկայացվածության ապահովումը խրախուսելու եւ աջակցելու միջոցառումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով:

Հոդված 13. Գենդերային հավասարության երաշխիքները հանրային ծառայության մեջ

1. Կանայք եւ տղամարդիկ հանրային ծառայության ընդունվելու եւ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար ունեն հավասար իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություն եւ հավասար հնարավորություններ:

2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել կանանց եւ տղամարդկանց` հանրային ծառայության ընդունվելու հավասար հնարավորություններ` իրենց ընդունակություններին եւ մասնագիտական պատրաստվածությանը համապատասխան:

3. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում աշխատողներին պաշտոններում նշանակելիս առաջնորդվում են գենդերային հավասարության սկզբունքով:

4. Հանրային այն ծառայողները, ովքեր սեռային պատկանելության հիմքով օրենքով սահմանված ժամկետում չեն ենթարկվում աշխատանքային առաջխաղացման կամ մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով չեն գործուղվում վերապատրաստման, ուսուցման, իրավունք ունեն իրավասու պաշտոնատար անձից պահանջելու եւ ստանալու նման գործողությունների պատճառների գրավոր հիմնավորումները, ինչպես նաեւ պահանջելու տեղեկություններ այն անձի փորձի եւ որակավորման մասին, որը նշանակվել է (ընդունվել, առաջ է քաշվել) իրենց հավակնած պաշտոնին կամ գործուղվել է վերապատրաստման, ուսուցման:

5. Կանայք եւ տղամարդիկ հանրային ծառայության թափուր պաշտոնների համալրմանը իրավունք ունեն մասնակցելու օրենքով սահմանված կարգով` հավասարապես եւ հավասար պայմաններում:

6. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները պարտավոր են մշակել եւ իրականացնել աշխատողների աշխատանքային առաջխաղացման քաղաքականություն` գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության հաշվառմամբ:

7. Արգելվում է միայն մեկ սեռի անձանց համար հանրային ծառայության ընդունվելու մրցույթներ հայտարարելը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա ուղղակիորեն բխում է այլ անձանց իրավունքների եւ շահերի պաշտպանությունից:

8. Սույն հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ ընդունված ակտը կամ թափուր պաշտոնների համալրման համար անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:

ԳԼՈՒԽ IV

ԳԵՆԴԵՐԱՅԻՆ  ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ  ԱՊԱՀՈՎՄԱՆ  ՄԵԽԱՆԻԶՄԸ

Հոդված 14. Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր լիազորությունների սահմաններում`

1) իրագործում է գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականությունը,

2) ապահովում է գենդերային հավասարության ապահովման քաղաքականության իրագործման ոլորտում պետական կառավարման (հանրապետական եւ տարածքային) եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության վերահսկողնությունը,

3) մինչեւ յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի վերջը հաղորդում է ներկայացնում նախորդող տարում գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործման արդյունքների եւ Հայաստանի Հանրապետությունում գենդերային հավասարության ոլորտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որը հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով:

4) Միավորված ազգերի կազմակերպության «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիայով (այսուհետ` Կոնվենցիա) սահմանված կարգով եւ ժամկետներում Գլխավոր քարտուղարին է ներկայացնում Կոնվենցիայի դրույթների կատարման վերաբերյալ զեկույցը,

5) հաստատում է գենդերային հավասարության վրա պետական քաղաքականության, ծրագրերի եւ միջոցառումների ազդեցության գնահատման կարգը,

6) ստեղծում է իրավական եւ կազմակերպական գործուն մեխանիզմներ գենդերային հավասարության պետական քաղաքականության ապահովման եւ իրագործման համար,

Հոդված 15. Գենդերային հավասարության ապահովման պետական  քաղաքականության իրագործումը պետական լիազոր մարմնի կողմից

1. Գենդերային քաղաքականության ոլորտում պետական լիազոր մարմինը.

1) մշակում եւ իրականացնում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովման միասնական պետական քաղաքականությունը,

2) ներկայացնում է առաջարկություններ գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության ծրագրերի եւ միջոցառումների ֆինանսավորումը նախատեսելու վերաբերյալ,

3) համակարգում է Հայաստանի Հանրապետությունում գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործման ուղղությամբ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող աշխատանքները,

4) ուսումնասիրում եւ ամփոփում է գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործման վերաբերյալ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացրած ամենամյա տեղեկատվությունը, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներկայացրած մշտադիտարկման արդյունքները, եւ մինչեւ հաջորդ տարվա մարտի 1-ը, Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում  տեղեկատվություն ամփոփման արդյունքների վերաբերյալ,

5) կազմակերպում է գենդերային հավասարության ոլորտում տեղեկատվական, քարոզչական աշխատանքներ եւ «Գենդերային գիտելիքների հիմունքների վերաբերյալ » թեմայով վերապատրաստման դասընթացներ:

Հոդված 16. Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործումը տեղական ինքնակառավարման  մարմինների կողմից

Տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում միջոցառումներ են ձեռնարկում գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործման ուղղությամբ:

Հոդված 17. Քաղաքացիական հասարակության աջակցությունը գենդերային հավասարության ապահովմանը

1. Քաղաքացիական հասարակության անդամներն իրավունք ունեն`

1) մասնակցել գենդերային հավասարության ապահովման պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընդունած որոշումների, ծրագրերի եւ միջոցառումների մշակմանը եւ իրագործմանը,

2) վեր հանել գենդերային հավասարության խախտման փաստերը եւ գենդերային քաղաքականության ոլորտում պետական լիազոր մարմնին  ներկայացնել տվյալներ` գենդերային հավասարության ապահովման ոլորտում մշտադիտարկում իրականացնելու նպատակով,

3) իրականացնել սույն օրենքի եւ գենդերային հավասարության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարման մշտադիտարկումը,

4) իրականացնել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի եւ գործող նորմատիվ իրավական ակտերի անկախ գենդերային փորձաքննություն, գենդերային վերլուծություն եւ այդ առնչությամբ համապատասխան եզրակացություն, առաջարկություն կամ օրենքների եւ այլ իրավական ակտերի նախագծեր մշակել եւ ներկայացնել իրավասու մարմիններ,

5) նախապատրաստել գենդերային հավասարության ապահովման ոլորտի վերաբերյալ այլընտրանքային հրապարակային զեկույցներ, հաղորդումներ,

6) զանգվածային լրատվության միջոցներով իրականացնել գենդերային հավասարության ապահովմանը միտված քարոզչություն,

7) իրականացնել գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության աջակցմանն ուղղված օրինական այլ գործողություններ:

2. Զանգվածային լրատվության միջոցներն աջակցում են գենդերային հավասարության առաջընթացին` իրենց ծրագրերով, թողարկումներով գենդերային հավասարությանը վերաբերող տեղեկատվության տարածմամբ:

Հոդված 18. Նորմատիվ իրավական ակտերի գենդերային փորձաքննությունը

1. Նորմատիվ իրավական ակտերի սոցիալական ոլորտի փորձաքննությունը ներառում է նաեւ գենդերային փորձաքննությունը:

2. Գենդերային փորձաքննությունն իրականացվում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման, նորմատիվ իրավական ակտերում եւ դրանց նախագծերում գենդերային հավասարության խախտումների փաստերը բացառելու եւ վերացնելու նպատակով, Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը գենդերային հավասարության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին եւ միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխանեցնելու, քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակույթի եւ հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց եւ տղամարդկանց համար հավասար իրավունքներ եւ հավասար հնարավորություններ ապահովելու սկզբունքը պահպանելու, կանանց եւ տղամարդկանց սեռի հատկանիշով խտրականությունից պաշտպանելու համար:

3. Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի նախագծերի գենդերային փորձաքննությունն իրականացնում պետական լիազոր մարմնը:

ԳԼՈՒԽ V

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ  ԿԱՏԱՐՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ  ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 19. Գենդերային հավասարության խախտման վերաբերյալ բողոքները եւ խախտման արդյունքում տուժած անձանց իրավուքների պաշտպանությունը

1. Այն անձը, ով գտնում է, որ իր նկատմամբ կիրառվել է գենդերային խտրականություն, իրավունք ունի իր իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու եւ խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու համար դիմել իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց եւ օրենքով սահմանված ժամկետում ստանալ պատասխան:

2. Սույն հոդվածի 1-ին մասի հիմքով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց գենդերային հավասարության խախտման փաստով դիմելը չի սահմանափակում անձի` դատական պաշտպանության իրավունքը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալը:

3. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) եւ դրանց պաշտոնատար անձանց գործողությունները կամ անգործությունը, որոնք հանգեցրել են գենդերային խտրականության, կարող են բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

4. Գենդերային հավասարության խախտման արդյունքում տուժած անձանց իրավուքների պաշտպանությունն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով:

Հոդված 20. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

1. Սույն օրենքը խախտելու համար մեղավոր անձինք օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով կրում են կարգապահական, վարչական կամ քրեական պատասխանատվություն:

ԳԼՈՒԽ VI

ԳԵՆԴԵՐԱՅԻՆ  ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 21. Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության   իրագործման ֆինանսավորումը

1. Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականությամբ  նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականությամբ նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման համար կարող են կատարվել նաեւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից հատկացումներ օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ այլ կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) եւ ֆիզիկական անձանց կողմից հանգանակություններ, նվիրատվություններ եւ այլ հատկացումներ, որոնք օգտագործվում են բացառապես գենդերային հավասարության ապահովման պետական, տարածքային եւ համայնքային զարգացման ծրագրերի եւ միջոցառումների ֆինանսավորման նպատակով:

ԳԼՈՒԽ VII

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 22. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորոդ օրը: 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի

«Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` օրենքի նախագիծ) մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 645-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների կատարման մասին» N8 արձանագրային որոշման 2-րդ կետով հաստատված N3 հավելվածի 2-րդ կետի, ՀՀ Նախագահի «Եվրոպական հարեւանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն – Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011թթ. միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՆԿ-68-Ա կարգադրությամբ հաստատված միջոցառումների ցանկի Բ-30 կետի 2-րդ ենթակետի: Օրենքի նախագիծը հիմնված է ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածի համապատասխան դրույթների վրա եւ նպատակուղղված է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, Պեկինի 4-րդ Համաշխարհային համաժողովի /1995թ./ հանձնարարականների, Եվրախորհրդի Կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության հանձնաժողովի փաստաթղթերի, ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագրի պահանջների եւ Հայաստանի Հանրապետության միջազգային այլ փաստաթղթերով սահմանված պարտավորությունների կատարմանը:

Օրենքի նախագիծն ուղղված է քաղաքացիների, անկախ նրանց սեռային պատկանելիությունից, իրավունքների եւ ազատությունների ապահովման պետական երաշխիքների հաստատմանը, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորությունների ընձեռմանը, գենդերային հավասարության սկզբունքի լիակատար իրականացման առաջընթացին, սեռի հատկանիշով խտրականության կանխարգելմանը եւ խտրականության յուրաքանչյուր դրսեւորման համար պատասխանատվության ենթարկելու համապատասխան արդյունավետ միջոցների սահմանմանը:

Գենդերային հավասարությունը համարվում է մարդու հիմնական իրավունքներից մեկը, որպես հիմնարար ժողովրդավարական արժեք եւ եվրոպական քաղաքակրթության հենքային սկզբունք, ոորպես սոցիալական արդարության կարեւորագույն պահանջ: Քանզի այն նպաստում է երկրի կայուն զարգացմանը, մարդկային ներուժի արդյունավետ օգտագործմանը եւ կյանքի որակի բարձրացմանը:

Օրենքի նախագիծը.

Առավել կարեւոր հիմնախնդիրները, որոնք նախատեսված են օրենքի նախագծով, առնչվում են քաղաքական եւ տնտեսական ոլորտներում հավասարակշռված մասնակցության ապահովմանը, գենդերային պետական քաղաքականության իրականացումը եւ տվյալ օրենքի իրավակիրառ փորձը վերահսկող լիազորված մարմնի (ազգային մեխանիզմ) ձեւավորմանն ու արդյունավետ գործառությանը (այդ թվում` դրա որոշակի գործառույթներն ու լիազորությունները), դիմումների (բողոքների) ներկայացման ու քննարկման եւ պատճառված վնասի փոխհատուցման մեխանիզմին եւ հատուկ ընթացակարգերի, տնային աշխատանքի սոցիալական եւ տնտեսական կարգավիճակի բարձրացմանը, աշխատանքային եւ ընտանեկան պարտականությունների համատեղման աաջակցմանը եւ բռնության (ներառյալ տնային բռնության) ու սեռական բնույթի ոտնձգությունների կանխարգելամնը:

Օրենքի նախագիծը ոչ միայն իրավական հիմք է ստեղծում, այլեւ գործիք է տրամադրում երկրի գենդերային քաղաքականության նյութականացման, երկու սեռերին խտրականությունից պաշտպանելու, բոլոր ոլոորտներում իրավունքների հավասարությունից հնարավորությունների հավասարությանն անցնելու ռազմավարության իրականացման ուղղությամբ, այդ թվում եւ ժամանակավոր հատուկ միջոցների կիրառմամբ, կառավարության կողմից կոնկրետ միջոցների եւ նպատակաուղղված գործողությունների իրականացման համար: Նման օրենքի ընդունումը կնպաստի գենդերային հավասարության ձեռք բերման նոր իրավական, կազմակերպչական եւ ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծմանը եւ եղածների գործառնության արդյունավետության բարձրացմանն ու համակարգմանը:

Սույն իրավական ակտի ընդունումը կնպաստի իրավակիրառման եւ վերահսկողության առկա մեխանիզմների ամրապնդմանը, հնարավորություն կտա ընդլայնելու սեռի հատկանիշով խտրականությունից պաշտպանության, թե տղամարդկանց, եւ թե կանանց համար հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման ոլորտներում այդ նորմերի եւ դրույթների սպեկտրը: Այն հնարավորություն կտա ազգային օրենսդրությունն ավելի լիարժեք համապատասխանեցնելու միջազգային-իրավական գործիքներին եւ առավել հստակորեն փոխակերպելու միջազգային իրավունքի նորմերը, հատկապես` խտրականության կանխարգելման, հնարավորությունների հավասարեցման եւ անբարենպաստ գործոնների ազդեցության փոխհատուցման համար ժամանակավոր հատուկ միջոցների կիրառման, գենդերային հայրիշխանական կարծրատիպերի հաղթահարման եւ գենդերային ժողովրդավարական մշակույթի ձեւավորման, հասարակությունում զուգակշռված ծողովրդավարության նորմերի ու սկզբունքների հաստատման ուղղությամբ: