Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-034-28.02.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածում.

1) 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10. Յուրաքանչյուր հեռարձակվող հեռուստաեթերով յուրաքանչյուր վիճակախաղի կազմակերպչի գովազդը` այդ թվում նաեւ որպես հովանավորների հիշատակումը, թույլատրվում է ժամը 21:00-ից մինչեւ 06:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ռադիոյով ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ն ընկած ժամանակահատվածում, բացառությամբ սպորտային միջոցառումների հեռարձակման ժամանակ, իսկ մանկապատանեկան հաղորդումներին նախորդող եւ հետեւող մեկ ժամվա ընթացքում արգելվում է սույն պարբերությամբ հաստատված գովազդը:  Այդ ժամանակահատվածում գովազդի ընդհանուր տեւողությունը, այդ թվում` գովազդային հաղորդումները եւ գովազդային տեղեկատվությունները վիճակախաղի կամ վիճակախաղի կազմակերպչի մասին, չի կարող գերազանցել 3 րոպեն, իսկ մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երկու անգամից ոչ ավելի եւ ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել 60 վայրկյանը:

Խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի շահումային ֆոնդի խաղարկության հեռարձակում կարող է իրականացվել լիազոր մարմնի հետ համաձայնեցված վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգով սահմանված պարբերականությամբ, ընդ որում այն կարող է հեռարձակվել հեռուստահաղորդմամբ ժամը 23:00-ից մինչեւ 06:00-ն ընկած ժամանակահատվածում եւ դրա ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել 30 րոպեն:

Վիճակախաղի կազմակերպիչն իրավունք ունի համացանցով գովազդել վիճակախաղը: Սույն պարբերությամբ սահմանված գովազդը արգելվում է իրականացնել մանկապատանեկան, կրթական, բժշկական, սոցիալական կայքերի միջոցով։ Իսկ լրատվական կայքերում սույն պարբերությամբ հաստատված գովազդը չպետք է գերազանցի տվյալ կայքէջի 20%-ից ավելին:

 Վիճակախաղի կազմակերպիչն իրավունք ունի գովազդել վիճակախաղը մարզադաշտերի կողային վահանակների միջոցով միայն սպորտային իրադարձությունների ընթացքում եւ (կամ) այդ սպորտային իրադարձություններին մասնակցող թիմերի մարզահագուստի վրա:

Տոտալիզատորներ, շահումով խաղեր, ինտերնետ շահումով խաղեր կամ խաղատներ գովազդելիս պետք է տեսանելի լինի +21 նշագրումը, իսկ խաղարկությունով, ոչ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղ գովազդելիս՝ +18 նշագրումը։

Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան լիցենզիա չստացած վիճակախաղի, շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչներն իրավունք չունեն իրականացնելու համապասխան գործունեության գովազդ Հայաստանի Հանրապետությունում:

Արգելվում է սույն հոդվածում չնախատեսված եղանակով եւ միջոցներով  իրականացնել վիճակախաղերի գովազդ:

Սույն հոդվածի իմաստով վիճակախաղերի գովազդ է համարվում վիճակախաղերի կազմակերպիչների կամ նրանց հովանավորների կամ վիճակախաղերի կամ վիճակախաղերի անվանումների կամ վիճակախաղի ֆիրմային անվանումների (լոգոների) գովազդումը.

2) 11-րդ մասում «միջոցների» բառերից հետո լրացնել «կամ անչափահասների կերպարների» բառերը:

3) Լրացնել նոր 11.1-րդ, 11.2-րդ մասեր՝

«11.1 Վիճակախաղի, շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի  կամ խաղատների գովազդի ժամանակ արգելվում է՝

ա) որեւէ կերպ դիմել անչափահասներին.

բ) տպավորություն ստեղծել, թե խաղին մասնակցելն ապահովում է պարբերաբար եկամուտ (շահույթ) ստանալու հնարավորությունը կամ աշխատանքի այլընտրանք է.

գ) տպավորություն ստեղծել, թե եկամուտ (շահույթ) ստանալը երաշխավորված է.

դ) ներշնչել, որ խաղի միջոցով հնարավոր է հասնել հասարակական, մասնագիտական, սպորտային հաջողության.

ե) քննադատել վիճակախաղին կամ ինտերնետ շահումով խաղին չմասնակցելը.

11.2 Վիճակախաղի, շահումով խաղի, ինտերնետ  շահումով խաղի կամ խաղատների գովազդը պետք է պարունակի ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալու անթույլատրելիության վերաբերյալ նախազգուշացնող տեղեկատվություն։».

4) 12-րդ մասը «շահումով խաղի» բառերից հետո լրացնել «ինտերնետ շահումով խաղի,» բառերով»:

5) 15-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«Արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին եւ չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների:

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել նոր 2.2.-րդ մասով.

«2.2.) Գովազդատու, գովազդ արտադրող, գովազդակիր ձեռնարկությունների ղեկավարները նախատեսված խախտումների համար կրում են վարչական պատասխանատվություն: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինը նրանց նկատմամբ կիրառում է տուգանք` նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հասարակության լայն շերտ կամա թե ակամա շփվում է հեռուստատեսությամբ, ռադիոյով, համացանցով եւ արտաքին գովազդով տարածվող նյութի հետ` առանց տարիքային սահմանափակման: Գովազդվող ապրանքների եւ ծառայությունների շարքում հանդիպում է նաեւ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, վիճակախաղերի կազմակերպիչների ծառայությունների գովազդ, որը հասանելի է տարիքային բոլոր խմբերի համար, օրվա ցանկացած ժամի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Գովազդի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին», ինչպես նաեւ «Վիճակախաղի մասին» ՀՀ օրենքները թերի են կարգավորման գործունեության վերոգրյալ տեսակների իրավահարաբերությունները, ինչպես նաեւ հնարավորություն են ընձեռում հասարակության լայն խմբերի ցերեկային ժամերին դիտելու նշված ծառայությունների գովազդը, ուստի անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել կազմակերպիչների կողմից գովազդի տեղադրման պայմանները:

Օրենքների փոփոխությունների նախագծերով առաջարկվում է սահմանափ սահմանափակել վերը նշված գործունեությամբ  զբաղվող ընկերությունների կողմից առաջարկվող ծառայությունների գովազդը, հասարակության խոցելի խմբերին զերծ պահելու դրանց ազդեցությունից:

Տեղեկանք •ործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



28.02.2019թ.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


 



Մեծարգո պարոն նախագահ,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»  եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Գրությանը կից ներկայացվում է`

ա. նախագիծը (հիմնական զեկուցող` Հրաչյա Հակոբյան)

բ. նախագծի ընդունման հիմանվորումը

գ. գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանք:

Խնդրում եմ սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
 
 
ԱԺ պատգամավոր ՀՐԱՉՅԱ ՀԱԿՈԲՅԱՆ