Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1260-17.10.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` օրենսգիրք) 441-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 441.1-րդ հոդվածով՝

«Հոդված 441.1. Անչափահասի ձերբակալումը

Սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով անչափահասի ձերբակալումը չի կարող տեւել նրան արգելանքի վերցնելու պահից 48 ժամից ավելի: »:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 442-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությամբ՝

«Քրեական գործով մինչդատական վարույթում անչափահաս մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող գերազանցել 6 ամիսը: »:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրեսնգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է քրեական դատավարության ոլորտում երեխաների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ, մասնավորապես, անչափահաս կասկածյալներին, ձերբակալվածներին պահելու վայրերում եւ մեղադրյալներին/ամբաստանյալներին, կալանավորվածներին պահելու վայրերում պահելու տեւողության կրճատման անհրաժեշտությամբ: Հայտնի է, որ 2000 թվականից ի վեր Միավորված ազգերի կազմակերպության երեխայի իրավունքների հարցերով կոմիտեն (այսուհետ` Կոմիտե) Հայաստանի վերաբերյալ իր հանձնարարականներում եւ առաջարկություններում անդրադառնում է անչափահասներին արգելանքի տակ պահելու առանձնահատուկ պայմաններ սահմանելու անհրաժեշտությանը:

Երեխաներին 72 ժամ ոստիկանական արգելանքի տակ պահելը հակասում է Կոմիտեի 2007 թվականի ընդհանուր հանձնարարականին, որում նշված է, որ այն պետք է սահմանվի 24 ժամից ոչ ավելի տեւողությամբ. «Ձերբակալված կամ ազատությունից զրկված յուրաքանչյուր երեխա պետք է 24 ժամվա ընթացքում ներկայացվի իրավասու մարմիններին` ազատությունից նրանց զրկելու (դրա տեւողությունը երկարաձգելու) օրինականությունը պարզելու համար» (Կոմիտեի ընդհանուր հանձնարարական թիվ 10, 83-րդ պարբերություն):

Կոմիտեն նույնանման եզրակացության հանգել է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Այսպես, «անհրաժեշտ է փոփոխություններ կատարել օրենսդրությունում` մինչդատական վարույթում եւ դատական քննության փուլում անչափահասներին կալանքի տակ պահելու ժամկետը մինչեւ վեց ամիս սահմանափակելու համար, ինչով օրենսդրությունը կհամապատասխանեցվի Երեխայի իրավունքների կոմիտեի հանձնարարականին» (Կոմիտեի ընդհանուր հանձնարարական թիվ 10, CRC/C/GC/10, 83-րդ պարբերություն): ՀՀ օրենսդրությունը նախատեսում է, որ դատարանի որոշմամբ սահմանված կալանավորումը չի կարող տեւել երկու ամսից ավելի (Քրեական դատավարության օրենսգիրք, 138.3 հոդված): Այդ ժամկետը բացառիկ դեպքերում կարող է երկարաձգվել մինչեւ վեց ամիս` գործի բարդությունը հաշվի առնելով, կամ մինչեւ մեկ տարի, եթե անձը մեղադրվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ (Քրեական դատավարության օրենսգրքի 138.4 հոդված):

Հարկավոր է նշել, որ ԱՊՀ եւ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի մի շարք երկրներում (Ադրբեջանում, Ալբանիայում, Թուրքիայում, Ուկրաինայում եւ այլուր), այս ուղղությամբ շոշափելի քայլեր արդեն իսկ ձեռնարկվել են` որոշ դեպքերում ձերբակալման առավելագույն տեւողությունը սահմանելով 24, երբեմն էլ` 48 ժամ: Որոշ դեպքերում այդ ժամկետը կարող է կրճատվել մինչեւ 8 ժամ (Ուկրաինա): Նույնը կարելի է ասել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու ժամկետի սահմանափակումների մասին: Ղազախստանում կալանքի առավելագույն ժամկետը 6 ամիս է, Ադրբեջանում` 3 ամիս:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ խորհրդարանը կարեւորում է երեխայի իրավունքների պաշտպանության խնդիրները, ինչպես նաեւ` նպատակ ունենալով կանխել երկարատեւ արգելանքի կիրառմամբ պայմանավորված բռնությունների զգալի ռիսկը եւ կյանքի կոչել ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների հարցերով կոմիտեի հանձնարարականները, առաջարկվում է կատարել  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում համապատասխան փոփոխություններ: