Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-035-01.03.2019-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքը լրացնել նոր 29.1-ին հոդվածով.

«Հոդված 291 . Զինվորական ծառայությունից արձակված շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, բժշկական փորձաքնությունը, բուժումը եւ սպասարկումը

1. Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու հիմքով զինվորական ծառայությունից արձակված շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայողներն անցնում են առողջական վիճակի համալիր հետազոտություն եւ բժշկական փորձաքննություն զինվորական ծառայությունից արձակվելուց անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան արձակվելուց մեկ օրացուցային ամսվա ընթացքում։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց առողջական վիճակի հետազոտման եւ բժշկական փորձաքննության, հետազոտման եւ փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում եւ բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները եւ դրանց գործունեության կարգը, բժշկական հետազոտությունների եւ բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը, փորձաքննության եզրակացությունների ձեւերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց բժշկական փորձաքննության արդյունքներով տրվում է առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն, որը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական եւ եզրափակիչ մասերից։

Եզրակացությունն առնվազն ներառում է՝

1) անձի առողջական վիճակի ամփոփ նկարագրությունը,

2) նրա վերաբերյալ սույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված առողջական վիճակի վերաբերյալ եզրակացության մեջ նկարագրված եւ առկա առողջական վիճակի համեմատական վերլուծությունը,

3) զինվորական ծառայության ընթացքում առաջացած առողջական վիճակի հնարավոր վատթարացումը,

4) զինվորական ծառայության ընթացքում առաջացած առողջական վիճակի հնարավոր վատթարացման պատճառները,

5) եզրակացության բողոքարկման կարգն ու ժամկետները:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձն իրավունք ունի ծանոթանալու իր առողջական վիճակի հետազոտման եւ բժշկական փորձաքննության ընթացքին ու ստանալու դրանց արդյունքներով տրված եզրակացություններն ու այլ փաստաթղթերը, ներկայացնելու առաջարկություններ, բացատրություններ կամ առարկություններ, սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված կարգով բողոքարկելու իր առողջական վիճակի վերաբերյալ տրված եզրակացությունը:

5.  Եթե սույն հոդվածի 3-րդ մասում նշված եզրակացությամբ հաստատվում է, որ անձի առողջական վիճակը վատթարացել է զինվորական ծառայության ընթացքում եւ պատճառով, ապա պետությունը պարտավոր է երաշխավորած բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում ապահովել անձի առողջության առաջնահերթ եւ անվճար վերականգնումը։

6. Սույն հոդվածի 5-րդ մասը չի տարածվում այն անձի վրա, ում առողջության վատթարացան պատճառն իր կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետեւանք է։

7. Սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի (ա) եւ (բ) ենթակետերով սահմանված անձիք իրավունք ունեն պետությունից պահանջել իրենց վրա տարածելու սույն հոդվածի կարգավորումները։»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
 
 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հրամայականով, որ շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայողները հաճախ առողջական գանգատներով են արձակվում զինվորական ծառայությունից: Դրանց առաջացման պատճառները պայմանավորվում են զինվորական ծառայությամբ։ Մինչդեռ գործնականում անհնար կամ դժվար է լինում հաստատել առողջական վիճակի վատթարացման այդ փաստը։ Արդյունքում առաջանում է հասարակական դժգոհություն, բացասական վերաբերմունք պետության քաղաքականության նկատմամաբ. պետությունն իր քաղաքացիներից պահանջում է զինվորական պարտադիր ծառայություն, սակայն չի ապահովում զինվորական ծառայությունից հետո զինվորական ծառայության ընթացքում եւ պատճառով նրանց առողջության վատթարացման կանխումը եւ առողջության վերականգնումը։

Հասարակական նման դժգոհությունները, ոլորտում առկա խնդիրները եւ դրանք լուծելու ներկա օրենսդրական կարգավորումների բացակայությունը խաթարում են զինված ուժերի եւ հանրային իշխանության հեղինակությունը հասարակության շրջանում։

Ավելին, եթե աշխատանքային իրավահարաբերություններում կամ քրեակատարողական հիմնարկներում առկա են նման իրավակարգավորումներ, համաձայն որոնց՝ աշխատանքային պարտականությունները կատարելիս աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասները ենթակա են փոխհատուցման գործատուի կողմից, կամ քրեակատարողական հիմնակարկում անձի առողջության վատթարացումը եւս վերականգնման ենթակա է պետության հաշվին, ապա զինվորական ծառայության բնագավառում այս իրավակարգավորման անհրաժեշտությունն առավել, քան անհրաժեշտ է։

Առաջարկվող իրավակարգավորմամբ լուծվում են մի քանի կարեւոր խնդիրներ՝


Գործող օրենսդրությունը չի կարգավորում պարտադիր ծառայությունից անմիջապես հետո անձի առողջական վիճակի ստուգման եւ փորձաքննության իրականացման հարաբերությունները։

Արդյունքում առաջանում են մեծ քանակությամբ վեճեր՝ առողջության վիճակի վատթարացման պատճառահետեւանքային հարցերի շուրջ։

Նման վեճերից շատերը տեղափոխվում են դատական ատյան՝ պետության համար առաջացնելով ֆինանսական, դատական եւ այլ ռեսուրսների վատնում։

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվում է, որ եթե բժշկական եզրակացությամբ հաստատվում է, որ անձի առողջական վիճակը վատթարացել է զինվորական ծառայության ընթացքում եւ պատճառով, ապա պետությունը պարտավոր է երաշխավորված բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում ապահովել անձի առողջության առաջնահերթ եւ անվճար վերականգնումը մինչ զինվորական ծառայության մակարդակի։

Սա նշանակում է, որ ֆինանսավորման պարտականությունը դրվում է պետության վրա։ Պետական բյուջեն այդ ծախսով չծանրաբեռնելու նպատակով՝ առաջարկվում է պետության համար առաջացող հնարավոր ֆինանսական ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության, մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ (այսուհետ՝ մարտական գործողություններ) զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովող հիմնադրամի միջոցների հաշվից։ Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ կարող են լինել բացառիկ դեպքեր, երբ հիմնադրամի միջոցները չբավարարեն, սուբսիդիար պատասխանատվության սկզբունքին համապատասխան՝ նախատեսվում է, որ խնդրո առարկա ծախսն այդ դեպքում կրելու է պետական բյուջեն:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ

«ԼՈւՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈւԹՅՈւՆ

Ո Ր Ո Շ Ու Մ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության  սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ   65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր

2019 թվականի փետրվարի 27-ի նիստում

Ո Ր Ո Շ Ե Ց

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին եւ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
օրենքների նախագծերի փաթեթը:
 
 

«ԼՈւՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈւԹՅՈւՆ


27 փետրվարի 2019թ.
 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


  
  Հարգարժան պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրա-պետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին եւ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Փաթեթին կից ներկայացվում են՝

- խմբակցության որոշումն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մասին,

- նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը,

- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում են օրենքների համապատասխան հոդվածներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները:

Նախագծերի փաթեթի հիմնական զեկուցողն է Տարոն Սիմոնյանը։

Խնդրում ենք ներկայացված նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ 15 թերթ։
 
 
Հարգանքով՝ ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ