Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-1234-07.09.2011,21.10.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003թ. ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի`

ա) 1-ին մասը «ի սեփականություն պետության» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով,

բ) 4-րդ մասի վերջին նախադասությունը փոխարինել հետեւյալ երկու նախադասություններով.

«Եթե նշված հանցակազմերով գործերի դատաքննությամբ հաստատվում է, որ այդ գույքը օրինական տիրապետումից դուրս է եկել հանցագործության կամ օրենքով չթույլատրված այլ գործողությունների հետեւանքով, ապա այն հանձնվում է սեփականատիրոջը, օրինական տիրապետողին կամ նրանց իրավահաջորդներին: Գույքի սեփականատիրոջը, օրինական տիրապետողին կամ նրանց իրավահաջորդներին չհայտնաբերելու դեպքում այդ գույքի բռնագրավումը եւս պարտադիր է:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀ համար 2003թ. սեպտեմբերի 29-ից ուժի մեջ մտած ՄԱԿ-ի Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կոնվենցիան, 2004թ. մարտի 1-ից ուժի մեջ մտած Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման եւ բռնագրավման մասին Ստրասբուրգի, ՀՀ համար 2008թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման եւ ահաբեկչության դեմ ֆինանսավորման պայքարի մասին Վարշավայի կոնվենցիաները եւ այլ միջազգային-իրավական փաստաթղթերը, ինչպես նաեւ դրանց համապատասխան ընդունված ՀՀ քրեական օրենսդրությունը նախատեսում են դրույթներ, որոնց համաձայն նշված հանցագործությունների կատարման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույքը ենթակա է պարտադիր բռնագրավման: Վերոհիշյալ իրավական փաստաթղթերը միաժամանակ որոշակի երաշխիքներ են ամրագրում` ի պաշտպանություն համապատասխան հանցագործությունների զոհերի օրինական շահերի: Մասնավորապես` Վարշավայի կոնվենցիայի 25-րդ հոդվածի համաձայն` մասնակից պետություններն առաջնահերթության կարգով քննում են հանցագործություններից ստացված բռնագրավված գույքը հայցող մասնակից պետությանը վերադարձնելու հարցը` այն հաշվով, որ նա կարողանա փոխհատուցում տրամադրել հանցագործության զոհերին կամ հանցագործություններից ստացված այդպիսի գույքը վերադարձնել սեփականատերերին, այսինքն` ապահովում են զոհերի վնասի փոխհատուցումը եւ այդ հատուցման մատչելիությունը: Չնայած դրան, ՀՀ քրեական օրենսգրքի 55 հոդվածի 4-րդ մասի վերջին նախադասությամբ սահմանված է, որ «Հանցավոր ճանապարհով ստացված գույքը ենթակա է բռնագրավման` անկախ դատապարտյալի կամ որեւէ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից», եւ չի նախատեսվում տուժողի սեփականության իրավունքի անհրաժեշտ պաշտպանություն, այն է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան գույքը տուժողին վերադարձնելու հնարավորությունը:

ՀՀ սահմանադրական դատարանն իր 12 հուլիսի 2011թ. ՍԴՈ-983 որոշմամբ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 55 հոդվածի 4-րդ մասը եւ արձանագրել, որ այդ մասի կարգավորման համաձայն ներհամակարգային հակասություն է առաջացել քրեական եւ քրեադատավարական օրենսդրությունների միջեւ, եւ նույնացվել են դատապարտյալի գույքի բռնագրավման` որպես պատժատեսակի եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագրավման ինստիտուտները: Ըստ քր. օր. 55 հոդվ. 4-րդ մասի իրավակիրառական պրակտիկայի` հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագրավման դեպքում այդ գույքն ամբողջությամբ անհատույց անցնում է պետության սեփականությանը` առանց տուժողի (առանց օրինական տիրապետողի( գույքային շահերի ու սեփականության իրավունքի պաշտպանության:

ՀՀ ԱԺ աշխատանքային խումբը հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինական տիրապետողին հանձնելու վերաբերյալ քր. դատ. օր. 119 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում եղած դրույթը փոքր-ինչ այլ ձեւակերպմամբ վերարտադրել է քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասում եւ վերացրել է քրեական ու քրեական դատավարության օրենսգրքերի միջեւ եղած ներհամակարգային հակասությունը: Դրանով իսկ վերացվել է նաեւ ՀՀ քր. օր. 55 հոդվածի 4-րդ մասի` ՀՀ Սահմանադրության 20 հոդվածի 5-րդ մասի (տուժողին պատճառված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով( եւ 31 հոդվածի 2-րդ մասի (ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի( պահանջներին հակասելու հանգամանքը: Մյուս կողմից` ապահովվել է քրեական գործով տուժողի (գույքի օրինական տիրապետողի( շահերի պաշտպանությունը: