Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1261-27.10.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քրեկատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի 29-րդ հոդվածում.

1. 3-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «3) որոշակի պաշտոնում ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է` բազային պաշտոնային դրույքաչափը բազմապատկելով համապատասխան պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցով, որը չի կարող պակաս լինել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից»:

2. 5-րդ մասում առաջին նախադասության «յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը» բառերը փոխարինել «սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով:» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է քրեակատարողական ծառայողի հիմնական աշխատավարձը Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանած նվազագույն աշխատավարձին հավասարեցնելու անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սահմանում է, որ քրեակատարողական ծառայողի դրամական բավարարումը ձեւավորվում է հիմնական աշխատավարձից` պաշտոնային դրույքաչափից, լրացուցիչ աշխատավարձից, կոչման դրույքաչափից եւ օրենքով սահմանված այլ հավելավճարներից:

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ աշխատավարձը ներառում է հիմնական աշխատավարձը եւ գործատուի կողմից աշխատողին իր կատարած աշխատանքի դիմաց տրված լրացուցիչ վարձատրությունը:

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ նվազագույն աշխատավարձի չափի մեջ չեն ներառվում հավելումները, հավելավճարները, պարգեւատրումները եւ խրախուսման այլ վճարումներ:

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանված է 32500 դրամ:

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը սահմանում է, որ որոշակի պաշտոնում ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է` բազային պաշտոնային դրույքաչափը բազմապատկելով համապատասխան պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցով, այսինքն, քրեակատարողական ծառայության պաշտոնային դրույքաչափերի համակարգի (աղյուսակ թիվ 1) համաձայն ամենացածր պաշտոն զբաղեցնող, ծառայությունում 20 տարվա ստաժ ունեցող քրեակատարողական հիմնարկի կրտսեր մասնագետի հիմնական աշխատավարձի չափը կկազմի 19296  դրամ (14400դրամ x 1.34), որը  փոքր է Հայաստանի Հանրապետությունում գործող նվազագույն աշխատավարձից` 32500 դրամից, 13204 դրամով:

Ներկայումս գործող հաշվարկի դեպքում 2423 հաստիքային միավորներից 1628-ի պաշտոնային դրույքաչափերը պակաս են Հայաստանի Հանրապետությունում գործող նվազագույն ամսական աշխատավարձից:

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Նշված օրենքի ընդունմամբ ՀՀ քրեակատարողական ծառայությունում 1628 հաստիքային միավորների համար նախատեսված պաշտոնային դրույքաչափը կհավասարեցվի ՀՀ նվազագույն աշխատավարձի չափին:

Միեւնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի «Քրեակատարաղական համակարգի պահպանում» ծրագրում` 03.05.01.01, ֆինանսական միջոցների ավելացման անհրաժեշտություն չի առաջանա, քանի որ առաջացող տարբերությունը կվճարվի քրեակատարողական ծառայությանը հատկացված բյուջետային միջոցների շրջանակներում: