Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-11441-29.04.2011,25.10.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1.  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 51-րդ հոդվածի 1-ին մասը «Հատուկ մասով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 77-րդ հոդվածով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասում «անձանց նկատմամբ» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 77-րդ հոդվածով նախատեսված դեպքերում» բառերով,

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասի «եթե դատարանը գտնի, որ նա պատիժը հետագա կրելու կարիքը չունի եւ փաստորեն կրել է» բառերը փոխարինել «եթե դատապարտյալը փաստացի կրել է» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 77-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Որոշակի ժամկետով ազատազրկման ձեւով պատիժ կրող անձի պատժի չկրած մասը դատարանը կարող է փոխարինել ավելի մեղմ պատժատեսակով` հաշվի առնելով պատիժը կրելու ժամանակահատվածում նրա դրսեւորած վարքագիծը, հանցագործությամբ պատճառված գույքային եւ բարոյական վնասը կամովին հատուցելը կամ վերացնելը, տուժողին պատճառված վնասը հարթելուն ուղղված այլ գործողությունները: Ընդ որում, անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել լրացուցիչ պատժից:

2. Պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, եթե դատապարտյալը փաստացի կրել է`

1/. ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը.

2/. ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան կեսը.

3/. առանձնապես ծանր հանցագործության, բացառությամբ սույն մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործությունների համար նշանակված պատժի ոչ պակաս, քան երկու երրորդը.

4/. սույն օրենսգրքի 104-րդ հոդվածի երկրորդ մասով, 132-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով , 132.2-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով, 138-րդ հոդվածի երրորդ մասով, 139-րդ հոդվածի երրորդ մասով, 175-րդ հոդվածի երրորդ մասով, 217-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով, 218-րդ հոդվածի երրորդ մասով, 221-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով, 222-րդ հոդվածի առաջին մասով, 266-րդ հոդվածի երրորդ մասով, 269-րդ հոդվածի երրորդ մասով, 299-րդ հոդվածի առաջին մասով, 305-րդ հոդվածով, 384-րդ հոդվածի երկրորդ մասով, 387-րդ հոդվածի երկրորդ մասով, 388-րդ հոդվածի երկրորդ մասով, 389-րդ հոդվածով, 390-րդ հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, 391-րդ հոդվածի հոդվածի երրորդ մասով, 392-րդ, 393-րդ եւ 394-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար նշանակված պատժի ոչ պակաս, քան երեք քառորդը:

3. Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելիս որոշակի ժամկետով ազատազրկման ձեւով պատժի փաստացի կրած ժամկետը չի կարող երեք ամսից պակաս լինել:

4. Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելիս դատարանը կարող է ընտրել սույն օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ կետով նախատեսված պատիժը` յուրաքանչյուր պատժատեսակի համար սույն օրենսգրքով նախատեսված սահմաններում: Ընդ որում` պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելիս ղեկավարվում են պատիժները փոխարինելու սույն օրենսգրքի 51-րդ, 68-րդ եւ 69-րդ հոդվածներով սահմանված կարգերով:

5. Սույն հոդվածով սահմանված կարգը չի գործում ներման ակտով պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու դեպքում: Ընդ որում, ներման ակտով պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելիս կարող է ընտրվել սույն օրենսգրքի 49-րդ հոդվածով նախատեսված ցանկացած ավելի մեղմ պատժատեսակ` յուրաքանչյուր պատժատեսակի համար սույն օրենսգրքով նախատեսված սահմաններում:»:

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենք ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: