Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-055-12.03.2019-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգերում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունները»,

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքով նախատեսված հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցակացումն ապահովում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունները (այսուհետ՝ Գլխավոր վարչություն):

Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող Գլխավոր վարչությունը ապահովում է միայն ոստիկանության օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների նախաձեռնությամբ, ինչպես նաեւ օրենքով սահմանված հիմքերով կամ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում այդ ստորաբաժանումներին տրված հանձնարարության կատարման նպատակով իրականացվող հեռախոսային խոսակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը:»,

3) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Գլխավոր վարչության անմիջական ղեկավարումն իրականացնում է Գլխավոր վարչության պետը, որին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ներկայացմամբ:

Գլխավոր վարչության ընդհանուր ղեկավարումն իրենց համակարգերում իրականացնում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:»:

Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասում «ոստիկանության կամ» բառերը հանել, իսկ «Գլխավոր վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Գլխավոր վարչության» բառերով:

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «, ներառյալ` ազգային անվտանգության մարմինները,» բառերը,

2) 2-րդ մասում «ահաբեկչության կատարման կամ Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությանն սպառնացող իրադարձությունների կամ գործողությունների» բառերը փոխարինել «ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների կատարման» բառերով,

3) 4-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը յուրաքանչյուրն իր համակարգի մասով հաջորդ տարվա հունվարի 31-ից ոչ ուշ Հայաստանի Հանրապետության վարչապետին տարեկան հաշվետվություն են ներկայացնում, որը պարունակում է նախորդ տարվա ընթացքում`»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետին նշանակելու օրվան հաջորդող օրը: Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետին նշանակելու օրը նշանակման մասին տեղեկատվությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայք էջում:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՏԵՂԵԿԱՆՔ

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի ընդունման կապակցությամբ այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի ընդունմամբ այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության
Ազգային Ժողովի նախագահ
Արարատ Միրզոյանին

Հարգելի պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն Օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1) Օրենքի նախագիծը

2) Օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը

3) Գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը

Խնդրում եմ վերը նշված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ: