Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-12662-02.11.2011-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հուլիսի 1998 թվականի ՀՕ-248) 56-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1) կետով.

«3.1) Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը` հրդեհներին եւ տեխնիկական անվտանգությանը վերաբերող գործերով.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` Նախարարություն) ստեղծմամբ Նախարարության կազմում ներառվեցին արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառների գործունեություն իրականացնող բոլոր մարմինները:

Նախարարության համակարգում կատարվում են բարեփոխումներ, օպտիմալացման, խնդիրների ու գործառույթների կրկնությունների բացառման, տեղեկատվության ստացման, ամփոփման, որոշումների կայացման եւ կառավարման գործընթացի արդյունավետության բարձրացման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով:

1.1. Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Նախարարության Հայաստանի  փրկարար ծառայության կառուցվածքում ներառված է Պետական հրդեհային տեսչությունը, կառավարմանն են հանձնված պետական ոչ առեւտրային կազմակերպություններ եւ փակ բաժնետիրական ընկերություններ։ Այդ վիճակը ստեղծում է խնդիրների եւ գործառույթների կրկնություններ, խաթարում է կառավարման հստակ բուրգի գործունեությունն ու արտակարգ իրավիճակների կանխմանն ուղղված գործառույթների կրկնությունը:

Պետական հրդեհային տեսչությունը հրդեհների գործերով իրականացնում է հետաքննություն, հանդիսանում է հետքննության մարմին:

Հայաստանի փրկարար ծառայությունում իրականացվում է պետական ծառայության հատուկ տեսակ` փրկարարական ծառայություն եւ մյուս հատուկ ծառայությունների համանման Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 3)-րդ կետի համաձայն Հայաստանի փրկարար ծառայության մարմինները հանդիսանում են հետաքննության մարմիններ` փրկարարական ծառայության հետ կապված գործերով:

ՀՀ կառավարություն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 10-ի N 383-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որի համաձայն Պետական հրդեհային տեսչությունն ընդգրկվելու է Նախարարության աշխատակազմի կառուցվածքում :

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Քանի որ հետաքննության մարմին հանդիսացող ՀՀ հրդեհային հսկողության մարմինը` Պետական հրդեհային տեսչությունը ընդգրկվում է Նախարարության աշխատակազմի կառուցվածքում, սույն Նախագծով առաջարկվում է նախարարությանը վերապահել հետաքննության մարմնի իրավասություն:

2. Կարգավորման առարկան.

Սույն նախագծով կարգավորվում է Արտակարգ իրավիճակի բնագավառի լիազոր հանրապետական գործադիր մարմնին հրդեհներին վերաբերող գործերով հետաքննչական իրավասությունների վերապահման հետ կապված հարաբերությունները:

3. Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կապահհովի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով սահմանված գործառույթների իրականացումը: