Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1268-07.11.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (հետայսու` օրենք)` լրացնել 13.2 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ. «Երիտասարդության տոն` նշվում է մայիսի 7-ին, ոչ աշխատանքային օր»:

Հոդված 2. Օրենքը լրացնել 13.3 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ. «Ձկնաբույծի օր` նշվում է հոկտեմբերի 21-ին»:

Հոդված 3. Օրենքը լրացնել 19.1 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ. «Հայաստանի հանրապետության ոչ աշխատանքային օր հանդիսացող հիշատակի եւ տոն օրերի` շաբաթվա ոչ աշխատանքային օրերի հետ համընկնելու դեպքում (շաբաթ եւ (կամ) կիրակի), ոչ աշխատանքային համարել հիշատակի կամ տոն օրվան հաջորդող աշխատանքային օրը»:

Հոդված 4. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման  պահից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկում ենք մայիսի 7-ին Հայաստանում նշել Երիտասարդության տոնը: Մայիս ամիսը համարվում է հայ ժողովրդի Մեծ հաղթանակների ամիսը: Շուշիի ազատագրման, Հայրենական պատերազմում տարած Մեծ հաղթանակի, Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի հերոսամարտերում, ինչպես նաեւ Առաջին Հանրապետության անկախության նվաճման գործում մեծ է եղել հայ երիտասարդության դերակատարությունը: Հետեւաբար կարծում ենք Հաղթական տոներից առաջ` մայիսի 7-ին, պետք է նշել երիտասարդության օրը: Մայիսը, եւ ընդհանրապես գարունը մեզանում խորհրդանշում է հավերժություն, զարթոնք, վերածնունդ եւ երիտասարդություն, իսկ 7 թիվը երիտասարդության ամենասիրելի թվերից մեկն է: Դա ապացուցում է երիտասարդության շրջանում անցկացված հարցումներն ու հետազոտությունները: Երիտասարդության տոնը Մայիսի 7-ին նշելու առաջարկությունը քննարկվել եւ հավանության է արժանացել Երեւանի Պետական Համալսարանի Պատմության ֆակուլտետի պատմաբանների, ազգագրագետների եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների կողմից: Երիտասարդության տոնր` որպես պետական տոն օր, նշվում է մասնավորապես` Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելոռուսում, Տաջիկստանում եւ աշխարհի բազմաթիվ այլ երկրներում: Ողջ աշխարհում նշվում է նաեւ «Երիտասարդության միջազգային օրը»` օգոստոսի 12-ին: Իսկ նախկին ԽՍՀՄ-ում նշվում էր «Սովետական երիտասարդի օրը»:

Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում հոկտեմբերի 21-ը համարել որպես ձկնաբույծի օր: «Հայ Ձկնաբույծների Միավորում» հասարակական կազմակերպության եւ «Հայ Ձկնաբույծների» 2011թ. հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած տարեկան համագումարի ընդունած կարեւոր որոշումներից է եղել դիմել «Օրինաց երկիր» խմբակցությանը հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ` լրացում կատարելով «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում` հոկտեմբերի 21-ը հայտարարելով «Ձկնաբույծի օր»: Օրը համընկնում է նաեւ «Հայ Ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադրման օրվա հետ:

Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է լրացում կատարել «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում: Նախագծով առաջարկվող լրացումը խնդիր ունի մեր քաղաքացիներին  հնարավորություն ընձեռնել օրենքով նախատեսված ՀՀ ոչ աշխատանքային օր հանդիսացող  հիշատակի եւ տոն օրերի` շաբաթվա ոչ աշխատանքային օրերի հետ համընկման դեպքում օգտվել  այդ իրավունքից` հիշատակի կամ տոն օրվա հետ համընկած շաբաթվա ոչ աշխատանքային օրվա հաջորդ  աշխատանքային օրը: