Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1269-07.11.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի օգոստոսի 6-ի թիվ ՀՕ-200 օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ  հոդվածը «ապրիլի 7-ին» բառերից հետո լրացնել հետեւյալ բառերով`

«, ոչ աշխատանքային օր»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության

Նման օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքով. ապրիլի 7-ին Հայ առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնը:

Դարերի ընթացքում Տիրամայր Մարիամ Աստվածածինը ժողովրդի կողմից մեծարվել է ու դիտվել որպես մայրության կերպար եւ կատարյալ օրինակ, որի համար էլ ապրիլի 7-ը հռչակվել է Մայրության տոն: Հայ Եկեղեցում այս տոնը նշվում է սկսած 6-րդ դարից: Այն հայ Եկեղեցու տոնի տոնակարգի անշարժ տոներից մեկն է` կապված Հիսուս Քրիստոսի Ծննդյան տոնի /հունվար 6/ անշարժականության հետ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ ապրիլի 7-ը` Ավետման տոնը, հռչակվել է Մայրության օրհնության տոն: 2001թ. օգոստոսի 6-ին ՀՀ Ազգային ժողովը «ՀՀ Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում ապրիլի 7-ը սահմանել է որպես մայրության եւ գեղեցկության տոն:

Ճանաչելով Հայ առաքելական սուրբ եկեղեցու սահմանադրական բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում` առաջարկում ենք տոնը սահմանել ոչ աշխատանքային` այդպիսով հնարավորություն տալով ժողովրդին մասնակցելու եկեղեցու կողմից կատարվող արարողություններին: