ՀՈԴՎԱԾ 1. «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-474-Ն օրենքի /այսուհետեւ` օրենք/ 2-րդ հորդվածի 2-րդ կետում «վիրաբուժական միջամտություն» բառերը փոխարինել «բժշկական միջամտություն» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ հետը:
ՀՈԴՎԱԾ 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 15-րդ հոդվածի 13-րդ հետը:
ՀՈԴՎԱԾ 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նախապատրաստումը պայմանավորված է վերարտադրողական նոր տեխնոլոգիաների կիարառման հետեւանքով առաջացող խնդիրների օրենսդրական կարգավորման, ինչպես նաեւ գործող օրենքում առկա հակասությունների շտկման անհրաժեշտությամբ:
Այսպես, այսօր բժշկության ոլորտում կիրառվում է հղիության արհեստական ընդհատման ոչ միայն վիրաբուժական այլեւ դեղորայքային մեթոդը, որը սակայն արտացոլված չէ գործող օրենքում: Հաշվի առնելով այս հանգամանքը, առաջարկվում է համապատասխան հոդվածում հղիության արհեստական ընդհատումը կամ աբորտը սահմանել որպես բժշկական այլ ոչ միայն վիրաբուժական միջամտություն, որը կատարվում է հղիության ընդհատման նպատակով:
Նախագծի երկրորդ եւ երրորդ հոդվածներով նախատեսվում է վերացնել այն դրույթները, համաձայն որոնց գործող օրենքով փոխնակ մորը թույլատրվում էր միաժամանակ հանդես գալ նաեւ որպես ձվաբջջի դոնոր եւ կրել այդ ձվաբջջից ստացված սաղմով հղիությունը: Այս դրույթները ուժը կորցրած ճանաչելու հիմնական նպատակն այն է, որ սեփական ձվաբջջից ստացված սաղմով հղիություն կրելիս փոխնակ մայրը դառնում է ծնված երեխայի կենսաբանական ծնող/մայր` այսինք, ապագա երեխան կրում է նրա գենոտիպը, ինչը հակասում է գործող օրենքի 2-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված դրույթին, որտեղ հստակ նշվում է, որ փոխնակ (սուռոգատ) մայրը` դոնորական սաղմը իր արգանդում կրած կինն է, որից ծնված երեխան չի կրում նրա գենոտիպը: