Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-12761-09.11.2011-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ՀՕ-491-Ն օրենքի (այսուհետ օրենք) 15-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել նոր` 8-րդ ենթակետով.

8).  Հայաստանի Հանրապետության սահմանամերձ (Ադրբեջանի Հանրապետության հետ)  բնակավայրերը, որոնց ցանկը հաստատում է ՀՀ Կառավարությունը»:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հողի հարկի արտոնությունների մասին» եւ «Գույքահարկի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքներում  լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման անհրաժեշտության մասին:

«Հողի հարկի արտոնությունների մասին» եւ «Գույքահարկի մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Ադրբեջանի հետ սահմանակից բնակավայրերը, չնայած պետության կողմից ցուցաբերվող ուշադրությանը, դեռեւս ունեն բազմաթիվ չլուծված խնդիրներ` անկատար  ենթակառուցվածքներ, բնակարանային ու սոցիալական դժվարություններ, ժողովրդագրական ու գյուղատնտեսական խնդիրներ, որոնց լուծումը, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հնարավոր ոտնձգությունների հավանականությունը, ուղղակիորեն կապված է մեր երկրի անվտանգության հետ: Նշված փաստարկները հաշվի առնելով, օրինագծով առաջարկվում է փոքր-ինչ թեթեւացնել սահմանամերձ համայնքների բնակիչների հոգսը` ազատելով նրանց հողի հարկից եւ գույքահարկից:

Միեւնույն ժամանակ անհրաժեշտ ենք համարում նշել, որ ըստ Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 102-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ կետերի, գյուղատնտեսական նշանակության հողերը 3 տարվա ընթացքում չօգտագործելը եւ հողի հարկը 3 տարվա ընթացքում չվճարելը եւ 4-րդ տարվա ընթացքում պարտքը չմարելը հիմք կարող է հանդիսանալ սեփականաշնորհված հողամասի նկատմամբ իրավունքների հարկադիր դադարեցման համար: այս հիմքերով, ճիշտ է իրականում որեւէ գործընթաց դեռեւս չի իրականացվել, սակայն միեւնույն է, դրա վտանգը պահպանվում է:

Ընդհանուր վերլուծությունը ցույց է տալիս, որ չնայած Ազգային Ժողովի կողմից արդեն տրամադրված արտոնություններին, սահմանամերձ շատ գյուղերի բնակիչներ` ներկա դրությամբ, պետությանը պարտք են մի  քանի  տարիների հողի հարկ եւ  գույքահարկ, որոնց վճարումը առաջիկայում եւս կապված է լինելու մեծ դժվարությունների հետ` դրանից բխող բացասական հետեւանքներով:

Օրինագծով սահմանվում է, որ արտոնություններ ստացող համայնքների ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը: Այս դրույթը հնարավորություն կտա կառավարությանը յուրաքանչյուր տարի արտոնություններ սահմանել համապատասխան համայնքներին` ելնելով տվյալ տարվա բյուջեի հնարավորություններից:
 

Առաջարկվող լուծումները եւ ակնկալվող արդյունքները

Վերոհիշյալ խնդիրները կարգավորելու նպատակով առաջարկվում է սահմանամերձ (Ադրբեջանի Հանրապետության հետ) բնակավայրերի վարչական տարածքներում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ կիրառել արտոնություններ, այն է` ֆիզիկական անձանց ազատել գյուղատնտեսական հողատարածքների հողի հարկից եւ գույքահարկից: Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ  պետական եւ համայնքային բյուջեները մեծ կորուստներ չեն կրելու, դրա փոխարեն կամրացվեն մեր սահմանային համայնքները, գյուղացուն հնարավորություն կտրվի մնալ իր հողի վրա եւ մշակել այն: