Հոդված 1. Հայաuտանի Հանրապետության 1998 թվականի հունիuի 17-ի քաղաքացիական դատավարության oրենuգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Դատարանում ներկայացուցիչ կարող է լինել դատարանում գործը վարելու պատշաճ ձեւակերպված լիազորություն ունեցող ցանկացած գործունակ քաղաքացի, բացառությամբ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Փաստաբանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման անհրաժեշտության
«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսված է`
1. ընդլայնել իրավաբանական օգնության շրջանակները (անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու մասով սահմանել սոցիալական անապահով խմբերը, որոնք կարող են իրավաբանական օգնություն ստանալ նաեւ քաղաքացիական, սահմանադրական եւ վարչական գործերով).
2. հստակեցնել փաստաբանների պալատի ներկառուցվածքային խնդիրները.
3. հստակեցնել փաստաբանների իրավունքները եւ երաշխիքները.
4. ստեղծել Փաստաբանական դպրոց:
1. Փաստաբանների կողմից անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու մասով.
Ներկայումս ՀՀ փաստաբանների պալատին կից գործում է հանրային պաշտպանի գրասենյակը, որտեղ անվճար իրավաբանական օգնություն են ցուցաբերում քրեական գործերով, ալիմենտի գանձման վերաբերյալ գործերով, խեղման կամ առողջությանն այլ վնաս պատճառելու, ինչպես նաեւ կերակրողի մահվան հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ գործերով:
2006թ. ՀՀ-ում սկսեց գործել հանրային պաշտպանի ինստիտուտը, ընդ որում կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում անվճար իրավաբանական օգնություն տրամադրվում է ինչպես քրեական այնպես էլ որոշակի կատեգորիայի քաղաքացիական գործերով, մասնավորապես՝ ալիմենտի գանձման վերաբերյալ գործերով, խեղման կամ առողջությանն այլ վնասի փոխհատուցման վերաբերյալ գործերով։ Պետության կողմից ֆինանսավորվող անկախ փաստաբանների անվճար իրավաբանական օգնության տրամադրման տիրույթը նախատեսվում է ընդլայնել՝ հաշվի առնելով բնակչության՝ սոցիալապես խոցելի խավերի կարիքները։ Այսպիսով, եթե առաջին փուլում անվճար իրավաբանական օգնությունը նախատեսվեց որոշակի կատեգորիայի քաղաքացիական գործերով, ապա երկրորդ փուլում նախատեսվում է դրա ընդլայնումը որոշակի կատեգորիայի սուբյեկտների համար։
Անվճար իրավաբանական օգնության տրամադրման շրջանակը ընդլայնելիս պետք է հիմք ընդունել ոչ թե դատական գործի տեսակը, այլ օգնություն ստացողի սոցիալական դրությունը։
Ընդ որում, պետք է անվճար իրավաբանական օգնություն տրամադրվի թե՛ քրեական, թե՛ քաղաքացիական եւ վարչական գործերով, թե՛ անձի կողմից սահմանադրական դատարան դիմելիս:
Բացի այդ, որպես անվճար իրավաբանական օգնություն, պետք է նախատեսել ոչ միայն ներկայացուցչությունը դատարանում, այլեւ որակյալ իրավաբանական խորհրդատվության տրամադրումը։ Ընդ որում, քրեական գործերով անհրաժեշտության դեպքում անվճար իրավաբանական օգնություն պետք է տրամադրվի ոչ միայն կասկածյալին եւ մեղադրյալին, այլ նաեւ` տուժողին եւ վկային։
Անվճար իրավաբանական օգնության կառուցակարգերի բարելավման խնդիրը որպես առաջնայնություն է դիտվում նաեւ ԵՄ- Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրում, որտեղ մասնավորապես շեշտվում է, որ անհրաժեշտ է բարելավել իրավական եւ, մասնավորապես, անվճար իրավական օգնության համակարգը՝ կատարելագործելով եւ ամրապնդելով փաստաբանների համակարգը։
Անվճար իրավաբանական օգնության շրջանակների ընդլայնման համար «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու պահանջ նախատեսված է նաեւ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009թ. ապրիլի 21-ի «Դատաիրավական բարեփոխումների 2009-2011 թվականների ռազմավարական գործողությունների ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՆԿ-59-Ն կարգադրությամբ հաստատված միջոցառումների ցանկի 3.10-րդ, 3.12-րդ կետերով, 2009թ. մայիսի 6-ի ՆԿ-68-Ա կարգադրությամբ հաստատված միջոցառումների ցանկի 27-րդ եւ 32-րդ կետերով, ինչպես նաեւ ՀՀ կառավարության կողմից հաստատված կայուն զարգացման ծրագրի 488-րդ կետով: Բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջների կատարման նպատակով, սոցիալապես անապահով անձանց անվճար իրավաբանական օգնության տրամադրման պահանջ է նախատեսված նաեւ «Իրավաբանական օգնության եւ խորհրդատվության մասին» ԵԽ նախարարների կոմիտեի 1978 թվականի մարտի 2-ի թիվ (78)8 հանձնարարականով:
2. Փաստաբանների պալատի ներկառուցվածքային խնդիրների հստակեցվելու մասով.
Փաստաբանների թվաքանակի ավելացման պայմաններում էական դժվարություններ է առաջացնում նաեւ ՀՀ Փաստաբանների պալատում իրականացվելիք ժողովների, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի եւ խորհրդի անդամների ընտրության ընթացակարգի, ինչպես նաեւ մի շարք հրատապ հարցերի կազմակերպման եւ քննարկման հարցերում: Հետեւաբար, անհրաժեշտություն է ծագում օրենսդրական ոլորտում փոփոխությունների եւ լրացումների միջոցով ավելի հստակեցնել եւ օպտիմալացնել վերը թվարկված ընթացակարգերի կազմակերպման աշխատանքները` այն դարձնելով ավելի դյուրին, միաժամանակ, խնայելով ՀՀ Փաստաբանների պալատի եւ վերջինիս անդամների ժամանակն ու միջոցները:
Այսինքն, սույն օրենքի, ինչպես նաեւ ՀՀ Փաստաբանների պալատի կանոնադրության փոփոխությամբ, նախատեսվում է Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովներ գումարել առկա եւ/կամ հեռակա կարգով, որպիսի հանգամանքը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության մարզերում գործող փաստաբաններին, տարբեր պատճառներով մայրաքաղաքից բացակայող փաստաբաններին, ինչպես նաեւ զուտ զբաղվածության պատճառով ժողովների քննարկումներին բացակայող փաստաբաններին հեռակա կարգով մասնակցելու ժողովում առաջադրվող հրատապ հարցերի քննարկմանը, անհրաժեշտության դեպքում հայտնելու իրենց առաջարկություններն ու նկատառումները նշված հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ քվեարկելու առաջադրված հարցերի օգտին/դեմ:
Հիմք ընդունելով վերոգրյալը` սույն օրենքի փոփոխությամբ հնարավորություն է ընձեռնվում առավել մեծ քանակի փաստաբանների ներգրավելու ՀՀ Փաստաբանների պալատի կողմից իրականացված ժողովների քննարկումներին, շատ կարճ ժամանակում եւ առավել արդյունավետ լուծելու ՀՀ Փաստաբանների պալատի առջեւ ծառացած մի շարք հարցեր, որպիսի պարագայում էականորեն կբարձրանա փաստաբանության դերն ու նշանակությունը, ինչպես հասարակությունում, այնպես էլ` փաստաբանների շրջանակներում:
Նախագծով նախատեսվում է նաեւ վերացնել Կարգապահական հանձնաժողովը, քանի որ նրա լիազորությունները կրկնվում են փաստաբանների պալատի խորհրդի իրավասությունների հետ, եւ, հետեւաբար, փաստաբանների վերաբերյալ կարգապահական գործերը քննող երկու մարմին պահելը նպատակահարմար չէ:
3. Փաստաբանների իրավունքների եւ երաշխիքների սահմանվելու եւ հստակեցվելու մասով
Անհրաժեշտ է հստակեցնել փաստաբանների իրավունքների եւ պարտականությունների շրջանակները, որպեսզի վերջիններս իրենց իրավունքների եւ պարտականությունների կատարման ժամանակ լինեն ավելի զգոն, ուշադիր եւ համարձակ` համոզված լինելով, որ փաստաբանները օրենքով պաշտպանված են ՀՀ դատական եւ վարչական մարմինների կողմնակալությունից, եւ իրենց հերթին նաեւ ենթարկվելու են պատասխանատվության` իրենց իրավունքների եւ պարտականությունների շրջանակներից դուրս գալու դեպքում:
Բացի այդ հարկավոր է նաեւ, որ փաստաբաններին տրվեն հստակ երաշխիքներ, որ վերջիններս, իրենց վստահորդներին/պաշտպաններին փաստաբանական ծառայություն մատուցելիս, պաշտպանված են անօրինական ստուգումներից, խուզարկումներից եւ հարցաքննություններից, որ վերջիններս «փաստաբանական գաղտնիքի» շրջանակներում պարտավոր են պահպանել իրենց վստահորդների/պաշտպանների կողմից վստահված գաղտնիքները (փաստաթղթերի պարունակությունը), ինչպես նաեւ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության եւ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի եւ այլ հարակից օրենքների պահանջներով, երբեք չեն պարտադրվի, առանց վստահորդների/պաշտպանների թույլտվության, հայտնելու իրենց վստահված տեղեկությունները (փաստաբանական գաղտնիքը) երրորդ անձանց:
Այսինքն, սույն օրենքի փոփոխության նպատակն է բարձրացնել փաստաբանության դերը հասարակությունում, ապահովել փաստաբաններին որոշակի երաշխիքներով` իրենց իրավունքներն ու պարտականություններն իրականացնելիս, երաշխավորել արդար եւ անկողմնակալ դատաքննության անցկացումը, ինչպես նաեւ աջակցել փաստաբաններին առավել վստահ եւ ապահով պաշտպանել վստահորդների/պաշտպանների շահերը ՀՀ դատական եւ վարչական մարմիններում:
4. Փաստաբանական դպրոցի մասով.
Նախագիծը փաստաբանական դպրոցի կառուցվածքը, լիազորությունները եւ ուսուցման գործընթացը սահմանել է ՀՀ դատական օրենսգրքով նախատեսված դատական դպրոցին համանման:
Փաստաբանական դպրոցի ստեղծման նպատակն է ուսուցման մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության լավագույն դասախոսների, ինչպես նաեւ պրակտիկ փաստաբանների օգնությամբ կազմակերպելու հավակնորդների մասնագիտական պատրաստումը, հավակնորդների համար անցկացվող որակավորման ստուգումը, ինչպես նաեւ կազմակերպելու եւ անցկացնելու իրավական համակարգի, օրենսդրության եւ փաստաբանական գործունեության իրականացման կատարելագործմանն ուղղված սեմինարներ, գիտաժողովներ եւ հրատարակելու ուսումնական գրականություն եւ այլն:
Հաշվի առնելով հասարակությունում փաստաբանության դերի բարձրացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրությունում իրականացված փոփոխությունների հաճախականությունը, փաստաբանական դպրոցում նախատեսվում է նաեւ անցկացնել փաստաբանների շարունակական վերապատրաստման դասընթացներ` քաղաքացիական, քրեական, վարչական, սահմանադրական եւ Եվրոպական իրավունքների ուղղվածությամբ:
Այսինքն, ստեղծելով «Փաստաբանական դպրոց», այսուհետ, հասարակությունն ապահովված կլինի միմիայն բանիմաց, փորձառու, իրական մասնագետ-փաստաբաններով, որոնք կոչված են օրենքով չարգելված ցանկացած միջոցներով արդյունավետ պաշտպանելու անձի իրավունքներն ու ազատությունները եւ բարձրացնելու արդարադատության մակարդակը Հայաստանի Հանրապետությունում:
Ինչ վերաբերվում է փաստաբանական դպրոցի ֆինանսավորմանը, ապա այն կատարվելու է ՀՀ փաստաբանների պալատի ֆինանսական միջոցների հաշվին եւ ՀՀ պետական բյուջեի համար լրացուցիչ բեռ չի ստեղծելու:
Փաստաբանի նախանական կրթության ինստիտուտ գոյություն ունի գրեթե բոլոր եվրոպական երկրներում եւ ԱՄՆ-ում: Տարբերակված է միայն ում կողմից է իրականցվում փաստաբանների ունկնդիրների նախնական ուսուցումը եւ ինչ մեթոդով է այն իրականացվում: Օրինակ, ԱՄՆ փաստաբանների նախանական ուսուցումը իրականացնում են ուսումնական հաստատությունները, որոնց պատվիրակում է ԱՄՆ փաստաբանական միությունը (ABA), որը մշակում է ուսումնական դասընթացները, վերահսկողություն է իրականացնում, կազմակերպում եւ անցկացնում է ընդունելիության քննությունները, Եվրոպական
երկրներում փաստաբանների նախանական ուսուցումը որպես կանոն իրականացվում է Փաստաբանական միությունների կողմից: Հիմնականում երկու մոտեցում է գործում` երբ փաստաբանը արտոնագրվելուց հետո որոշակի ժամկետով անցնում է վերապատրաստում, նոր միայն թույլատրվում է ինքնուրույն աշխատելու եւ մյուս մոտեցումը, երբ մինչեւ արտոնագրումն է իրավաբանը անցնում է որոշակի ժամկետով ուսուցում, նոր միայն թույլատրվում է հանձնել քննություններ: Նշված վերջին տարբերակը, որը նախատեսված է նաեւ նշված նախագծով, ընդունված է Ֆրանսիայում, Անգլիայում, Բելգիայում եւ մի շարք այլ եվրոպական երկրներում: Այդ պետությունների օրենսդրությունը եւ փորձը ուսումնասիրելով` որպես մոդելային տարբերակ ընտրվել է Ֆրանսիական մոդելը:
Միաժամանկ, նախագծով սահմանվել է փաստաբանական դպրոցի ունկնդիր դառնալու համար նվազագույն պահանջները, այն է` փաստաբանական դպրոցի ունկնդիր կարող է լինել այն գործունակ ֆիզիկական անձը, որն ունի իրավաբանական կրթության բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան, բացառությամբ, երբ նա դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, եւ նրա դատվածությունը մարված կամ հանված չէ: Նշված դրույթը բացառում է փաստաբանի ունկնդիր դառնալը այն անձանց համար, ովքեր չեն ունենա առնվազն եռամյա իրավաբանական կրթություն (բակալավր):
Այսպիսով, նշված օրենքի լրացումների եւ փոփոխությունների շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը կունենա բարձր մակարդակի փաստաբաններ, հասարակության տարբեր սոցիալական խմբեր կունենան անվճար իրավաբանական օգնության հնարավորություն, ՀՀ փաստաբաններն կլինեն առավել պաշտպանված կողմնակի միջամտությունից եւ այլն, որոնց առկայության պարագայում կունենանք առավել առողջ եւ վստահելի արդարադատության համակարգ, որն անկասկած կհանդիսանա պետության ամենաակնառու ձեռքբերումներից մեկը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի առաջարկության հիման վրա եւ բխում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծից:
Մասնավորապես, Նախագծով կազմակերպություններին արգելվում է իրենց անվանման մեջ «փաստաբան» բառի դրա բոլոր հոլովաձեւերի կամ այդ բառը ներառող բառակապակցությունների, ինչպես նաեւ «փաստաբան» բառի օտարալեզու իմաստային թարգմանությունների օգտագործումը, բացառությամբ փաստաբանների պալատի, փաստաբանական դպրոցի եւ փաստաբանական գործունեություն իրականացնելու նպատակով փաստաբանի կողմից ստեղծվող կազմակերպությունների, ուստի նպատակահարմար կլինի ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանել նաեւ պատասխանատվության միջոց օրենքի պահանջը խախտելու համար` ինչպես օրինակ սահմանված է օրենսգրքի 169.14 հոդվածով առանց համապատաuխան լիցենզիա uտանալու` oրենքով uահմանված բառերը օգտագործելու համար:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը բխում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից:
Մասնավորապես, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասը պետք է փոփոխվի եւ շարադրվի հետեւյալ խմբագրությամբ.
«1. Դատարանում ներկայացուցիչ կարող է լինել դատարանում գործը վարելու պատշաճ ձեւակերպված լիազորություն ունեցող ցանկացած գործունակ քաղաքացի, բացառությամբ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:»: