Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի (այսուհետ` օրենք) 16.1-րդ հոդվածի չորրորդ պարբերությունում`
1) «օրենքով սահմանված կարգով ներկայացվող գույքահարկի եւ հողի հարկի հաշվարկների» բառերը փոխարինել «ֆիզիկական անձանց կողմից օրենքով սահմանված կարգով ներկայացվող գույքահարկի հաշվարկների» բառերով.
2) «վերջին օրը ներկայացված» բառերը փոխարինել «վերջին օրը եւ դրանից հետո ներկայացված» բառերով:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի առաջին պարբերությունում «հարկային մարմին ներկայացվող» բառերը փոխարինել «հարկային մարմին կամ տեղական ինքնակառավարման մարմին ներկայացվող» բառերով:
Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 26. Օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող (չհաշվառված) կամ հարկային մարմիններում չհաշվառված անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ (ապօրինի գործունեություն) զբաղվելու դեպքում գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս երկու հարյուր հազար դրամից: Սույն պարբերությամբ նախատեսված խախտումն արձանագրելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում գանձվում է տուգանք՝ այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս հինգ հարյուր հազար դրամից: Սույն պարբերությամբ նախատեսված տուգանքն ապօրինի գործունեություն իրականացնողների համար ապօրինի գործունեության մասով վերջնական հարկային պարտավորություն է:
Օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպքերում կազմակերպություններից եւ անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք՝ լիցենզայի կամ թույլտվության տրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով, բայց ոչ պակաս հինգ հարյուր հազար դրամից: Սույն պարբերությամբ նախատեսված խախտումն արձանագրելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտումը (անկախ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակից) կրկնելու դեպքում կազմակերպություններից եւ անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք՝ լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի տրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի քսանապատիկի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից:
Սույն հոդվածի առաջին (եթե իրականացվող գործունեությունն օրենքով ենթակա է լիցենզավորման) եւ երկրորդ պարբերություներում նշված խախտումներ հայտնաբերելու դեպքերում խախտումներ կատարած անձանցից գանձվում է նաեւ լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվող անձանցից, բացի օրենքով սահմանված պատասխանատվության այլ միջոցների կիրառումից, գանձվում է նաեւ տուգանք՝ այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 100 տոկոսի չափով:
Uույն հոդվածով նախատեuված ապoրինի կամ արգելված գործունեության իրականացման համար տուգանքների կիրառման առումով ապօրինի կամ արգելված գործունեություն իրականացնողի իրացման շրջանառության (համախառն եկամտի) որոշման անհնարինության դեպքում իրացման շրջանառությունը (համախառն եկամուտը) եւ ակտիվների արժեքները որոշվում են հարկային մարմինների կողմից` կիրառելով uույն oրենքի 22-րդ հոդվածի դրույթները:
Հարկային օրենսդրության կիրառման առումով ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում քաղաքացիների անձնական գույքի (ներառյալ նաեւ անշարժ) եւ իրերի օտարումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Սույն հոդվածը չի կիրառվում`
ա) սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված եւ օրենքով նախատեսված գործունեության իրականացման համար արտոնագիր ստացած ֆիզիկական անձանց նկատմամբ` գործունեության այդ մասով, բացառությամբ օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության այն տեսակների, որոնց լիցենզիայի գործողությունը կասեցվել է լիցենզավորող մարմնի որոշմամբ,
բ) անմիջականորեն գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող ֆիզիկական անձանց նկատմամբ` գործունեության այդ մասով,
գ) այն անձանց նկատմամբ, որոնց լիցենզիայի գործողությունը կասեցված է եղել առանց լիցենզավորող մարմնի որոշման:»:
Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 28. Հարկ վճարողի կողմից սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող N4 հավելվածով սահմանված կարգի խախտման` անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքների (այսուհետ` ապրանքների) տեղափոխման կամ առաքման կամ առաքվող կամ տեղափոխվող ապրանքն ուղեկցող փաստաթուղթը սահմանված կարգով չգրանցելու դեպքում խախտման հիմք հանդիսացող գործարքի մասով գանձվում է տուգանք անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների գնի (արժեքի) 50 տոկոսի չափով:
Սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումը արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտման`
1) կրկնական փաuտ արձանագրելու դեպքում գանձվում է տուգանք` անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների գնի (արժեքի) 100 տոկոսի չափով,
2) երրորդ փաստ արձանագրելու դեպքում գանձվում է տուգանք` անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների գնի (արժեքի) 200 տոկոսի չափով:
Uույն հոդվածով նախատեuված տուգանքների կիրառումը հարկ վճարողին չի ազատում օրենքով uահմանված հարկային պարտավորությունների կատարումից: Հարկ վճարողի կողմից հարկային մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների գանգատարկումը չի կասեցնում սույն հոդվածով նախատեսված տուգանքների վճարումը:
Սույն հոդվածով նախատեսված տուգանքների կիրառման առումով ապրանքի գնի (արժեքի) որոշման անհնարինության դեպքում ապրանքի գին (արժեք) է համարվում խախտումը հայտնաբերելու եռամսյակում հարկ վճարողի մոտ երկկողմանի հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված նույն ապրանքի վաճառքի (իրացման) միջին գինը: Եթե խախտումը հարկային մարմնի կողմից հայտնաբերելու եռամսյակում հարկ վճարողի մոտ բացակայում են երկկողմանի հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված նույն ապրանքի վաճառքի (իրացման) գինը, ապա ապրանքի գինը (արժեքը) հաշվարկվում է հարկային մարմնի կողմից` կիրառելով սույն օրենքի 22-րդ հոդվածի դրույթները:
Անփաստաթուղթ ապրանքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքը ձեռքբերող հարկ վճարողի նկատմամբ չի կիրառվում, եթե օրենքով սահմանված կարգով խախտումն արձանագրելու ժամանակ հիմնավորվում է այլ հարկ վճարողից ձեռք բերվելու եւ ուղեկցող փաստաթուղթ չտրամադրվելու հանգամանքը: Սույն պարբերությունում նշված դեպքերում տուգանքը կիրառվում է անփաստաթուղթ ապրանք վաճառող հարկ վճարողի նկատմամբ:
Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հարկ վճարողները թաքցրած կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար հարկի գումարը, ինչպես նաեւ սույն օրենքի 23-27, 28.5--րդ եւ 31-րդ հոդվածների համաձայն հաշվարկված հարկային պարտավորությունները բյուջե են վճարում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացվելուց հետո 10-օրյա ժամկետում:
Սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով եւ 28-րդ հոդվածով նախատեսված խախտումներն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հայտնաբերվելու եւ արձանագրվելու դեպքում հարկային պարտավորությունները հաշվարկվում եւ գանձման են առաջադրվում հարկային մարմնի կողմից «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան հարուցված վարչական վարույթի շրջանակներում եւ նույն օրենքով սահմանված կարգով` վերադաս հարկային մարմնի ղեկավարի կամ նրա կողմից լիազորած պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտով: Ակտով առաջադրված գումարը վճարվում է այն ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում:»:
Հոդված 6. Օրենքի 33-րդ հոդվածի`
1) առաջին պարբերությունում «այլ հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով.
2) չորրորդ եւ հինգերորդ պարբերությունները ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի հավելված 1-ում`
1) 1-ին բաժնի`
ա. 1.1-րդ կետում «հարկերի գումարները» բառը փոխարինել «հարկերի եւ հարկային այլ տուգանքների գումարները» բառերով,
բ. 1.2-րդ կետում «հարկատեսակների մասով» բառերը փոխարինել «հարկատեսակների եւ հարկային այլ տուգանքների մասով» բառերով.
2) 2-րդ բաժնի 2.1-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«2.1. Սույն կարգում օգտագործված հասկացությունները կիրառվում են հետեւյալ իմաստներով`
հարկային այլ տուգանքներ ` որեւէ հարկատեսակին (կամ հաստատագրված վճարներին) չվերաբերող տուգանքեր («Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ, 28-րդ, 283 -րդ, 28.5-րդ եւ 31-րդ հոդվածներով սահմանված տուգանքները).
սոցիալական վճարներ ` «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր սոցիալական ապահովության վճարները.
այլ վճարներ ` «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բնապահպանական եւ բնօգտագործման վճարները, «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկելու համար ճանապարհային վճարը եւ «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգավորման պարտադիր վճարները.
հարկերին եւ վճարներին չվերաբերող տուգանքներ ` «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված տուգանքները.
այլ պարտավորություններ ` այլ հարկատեսակների (կամ հաստատագրված վճարների), հարկային այլ տուգանքների, սոցիալական եւ այլ վճարների, պետական տուրքերի, հարկերին եւ վճարներին չվերաբերող տուգանքների պարտավորությունները.
գերավճար ՝
- սահմանված կարգով հաշվարկվող որեւէ հարկային պարտավորության գումարից ավելի վճարված գումար, կամ`
- պարտավորության բացակայության պայմաններում (ներառյալ` օրենքով չնախատեսված դեպքերում)` տվյալ հարկային պարտավորության համապատասխան գանձապետական հաշվին հարկ վճարողի կամ հարկ վճարողի անունից այլ անձի կողմից փաստացի փոխանցված (վճարված) գումար, կամ`
- դատարանի վճռի կատարման արդյունքում կամ վերադաս հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի որոշումների հիման վրա հարկ վճարողի օգտին (այդ թվում` նախկինում կատարված պարտավորության հետ վերադարձին վերաբերվող) հաշվեգրված գումար, կամ`
- հարկային պարտավորությունները, սոցիալական վճարների պարտավորությունները կամ հարկերին եւ վճարներին չվերաբերող տուգանքների պարտավորությունները գերազանցող գումարով այլ հարկատեսակից (կամ հաստատագրված վճարներից), հարկային այլ տուգանքներից, սոցիալական վճարներից կամ հարկերին եւ վճարներին չվերաբերող տուգանքներից տվյալ հարկատեսակին (կամ հաստատագրված վճարին) կամ հարկային այլ տուգանքին հարկային մարմնի կողմից հաշվանցված գումար (այլ վճարների կամ պետական տուրքերի պարտավորությունները գերազանցող գումարով տվյալ հարկատեսակին (կամ հաստատագրված վճարներին) կամ հարկային այլ տուգանքին հաշվանցումներ չեն կատարվում).
գերավճարից տարբերվող գումար ՝ գերավճար չհանդիսացող գումար, որն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով կարող է հաշվանցվել հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց եւ (կամ) վերադարձվել հարկ վճարողին: Մասնավորապես՝ գերավճարից տարբերվող գումարներ են հանդիսանում սույն կարգի 1.4-րդ կետի «բ»-«զ» ենթակետերում նշվածները.
հաշվանցվող գումար ` պետական բյուջեի հանդեպ հարկային պարտավորությունից պակաuեցվող (դեբետագրվող) գումար, որը արդյունք է`
- փաuտացի վճարման, կամ`
- այլ հարկատեսակներից (կամ հաստատագրված վճարներից), հարկային այլ տուգանքներից, սոցիալական վճարներից կամ հարկերին եւ վճարներին չվերաբերող տուգանքներից տվյալ հարկային պարտավորության դիմաց հաշվանցման, կամ`
- հարկատեսակի (կամ հաստատագրված վճարի) հաշվետվության (հաշվարկի, հայտարարագրի, հայտարարության) ներկայացման, կամ`
- դատարանի վճռի կատարման կամ
- վերադաս հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի կողմից ընդունված որոշման.
հաշվանցում ` հարկ վճարողի պարտավորության պակասեցում կամ հարկ վճարողի հանդեպ պարտավորության ձեւակերպում (գրանցում): Ընդ որում` հարկային պարտավորության պակասեցման դեպքում վերջինս մարվում է հաշվանցվող գումարով, իսկ հարկ վճարողի հանդեպ հարկային պարտավորության գումարը ձեւակերպվելու դեպքում գրանցվում (արձանագրվում) է հաշվանցվող գումարի եւ հարկ վճարողի հարկային պարտավորության դրական տարբերության գումարը.
վերադարձ ՝ հարկ վճարողի բանկային հաշվին (ֆիզիկական անձը բանկային հաշիվ չունենալու դեպքում` նրա առաջարկած առեւտրային բանկի միջոցով` անձնագրային տվյալներով) պետական բյուջեից գումարի փոխանցում.
հաշվանցման եւ (կամ) վերադարձման ներկայացված գումար ՝ հարկային գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդի հաշվին հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձի համար հարկ վճարողի դիմումով պահանջված գումար.
հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա գումար ՝ հաշվանցման եւ (կամ) վերադարձման ներկայացված գումարի այն մասը, որը, սույն կարգին համապատասխան, հարկային մարմնի կողմից համարվել է հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա կամ առանց հարկ վճարողի դիմումի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը.
ապառք ՝ սահմանված ժամկետում չկատարված հարկի (կամ հաստատագրված վճարի) վճարման գումար.
գերավճարի (գերավճարից տարբերվող գումարի) մնացորդ ՝ հարկային գերավճարի (գերավճարից տարբերվող գումարի) այն մասը, որը, սույն կարգին համապատասխան, ժամանակագրական կարգով մարման արդյունքում, մնացորդի արձանագրման (որոշման) օրվա դրությամբ պակասեցված չէ հարկ վճարողի տվյալ հարկային եւ այլ պարտավորությունների հաշվին.
հարկի չհաշվանցվող մնացորդ ՝ հարկային դեբետային մնացորդի այն մասը, որը տվյալ օրվա դրությամբ ենթակա չէ հարկ վճարողի այլ պարտավորության դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման: Հարկային չհաշվանցվող գումարի մեջ ներառվում են՝
- հարկ վճարողի առաջիկա հարկային պարտավորություններից հաշվանցման ենթակա գումարը, որն առաջացել է որեւէ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների) որեւէ հարկային պարտավորության կատարման (այդ թվում` կանխավճարի, նվազագույն գումարների վճարման) կամ մատակարարներին, մաքսային մարմիններին վճարման արդյունքում,
- այն գումարները, որոնց հաշվանցումը եւ (կամ) վերադարձը ուսումնասիրություններով կամ ստուգումներով (այդ թվում՝ նախկինում անցկացված) մերժվել է կամ համարվել է չհիմնավորված,
- այն գումարները, որոնց հաշվանցման եւ (կամ) վերադարձի ժամկետի ընթացքը սույն կարգին համապատասխան, կասեցված է.
հարկային դեբետային մնացորդ ՝ տվյալ օրվա դրությամբ հարկի (կամ հաստատագրված վճարի) չհաշվանցվող մնացորդի, գերավճարի եւ գերավճարից տարբերվող գումարի մնացորդների հանրագումարը:».
3) 3-րդ բաժնի`
ա. 3.1-րդ կետում «հարկի դեբետային մնացորդում» բառերը փոխարինել «հարկային դեբետային մնացորդում» բառերով եւ կետից հանել «հաշվի առած գումարների մեծությունները`» բառերը,
բ. 3.3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«3.3. Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ, հարկ վճարողի կողմից պետական բյուջե կատարված փաuտացի վճարումների կամ հաշվանցումների հաշվին, եթե հարկ վճարողը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի եւ որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ) կամ հաշվանցումը կատարվում է առանց հարկ վճարողի դիմումի, առաջնահերթ մարվում են տվյալ հարկատեuակի (կամ հաստատագրված վճարների) գծով առկա հարկային պարտավորությունները հետեւյալ հերթականությամբ` հարկի (հաստատագրված վճարի) գումարները, տույժերը, տուգանքները, իսկ հարկային այլ տուգանքներից առաջնահերթ մարվում են կրկնապատկվող եւ դեռեւս չկրկնապատկված տուգանքների գումարները:».
4) 4-րդ բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«4. Տույժերի եւ տուգանքների հաշվարկն ու վերահաշվարկը
4.1. Անկախ հաշվանցվող գումարների առկայությունից, որեւէ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների) ապառքների նկատմամբ օրենքով սահմանված կարգով եւ չափերով հաշվարկվում են տույժեր եւ (կամ) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով սահմանված դեպքերում տուգանքներ, ինչպես նաեւ նույն օրենքի 28-րդ եւ 283 -րդ հոդվածներով սահմանված դեպքերում կրկնապատկվում են տուգանքները` մինչեւ այլ գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդի հաշվին սույն կարգին համապատասխան ապառքի կամ կրկնապտկվող տուգանքի մարման կամ պարտավորության փաստացի կատարման օրը:
4.2. Հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկային պարտավորություններից, սոցիալական վճարների պարտավորություններից կամ հարկերին եւ վճարներին չվերաբերվող տուգանքների պարտավորություններից որեւէ մեկի մասով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարն արձանագրվելու դեպքում՝ տվյալ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարի) ապառքների նկատմամբ, սույն բաժնի 4.1-րդ կետին համապատասխան, մինչ այդ հաշվարկված տույժերը եւ (կամ) տուգանքները, ինչպես նաեւ կրկնապատկված հարկային այլ տուգանքները վերահաշվարկվում են` հաշվի առնելով հաշվանցման ենթակա գումարի առաջացման ամսաթիվը եւ մեծությունը:
4.3. Հարկային մարմինների միջոցով պետական բյուջե չհավաքագրվող գումարների (վճարների, մաքսային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկերի, տեղական բյուջե հավաքագրվող հարկերի եւ այլն) հաշվին հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում կատարվելու դեպքում՝ տվյալ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարի) ապառքների նկատմամբ, սույն բաժնի 4.1-րդ կետին համապատասխան, մինչ այդ հաշվարկված տույժերը եւ (կամ) տուգանքները, ինչպես նաեւ կրկնապատկված հարկային այլ տուգանքները չեն վերահաշվարկվում: Տվյալ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարի) ապառքների նկատմամբ տույժերը եւ (կամ) տուգանքները հաշվարկվում են մինչեւ փաստացի հաշվանցման (համապատասխան գանձապետական հաշիվ գումարի մուտքագրման) օրը:
4.4. Եթե հարկային գերավճարների կամ գերավճարից տարբերվող գումարների հաշվին այլ պարտավորությունների դիմաց փաստացի հաշվանցված եւ (կամ) վերադարձված գումարների հաշվանցումը եւ (կամ) վերադարձը կատարելուց հետո հարկ վճարողի կողմից ներկայացվել են ճշտված հաշվարկներ (հաշվետվություններ, հայտարարագրեր), որի արդյունքում փոխվում է փաստացի հաշվանցման եւ (կամ) վերադարձման օրվա դրությամբ հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա գումարների մեծությունը, ապա հաշվանցման օրվա դրությամբ կատարվում է հարկ վճարողի այլ պարտավորությունների վերահաշվարկ (հաշվանցված այլ պարտավորության վերականգնում)` ավելի հաշվանցված գումարի չափով, իսկ վերադարձի դեպքում վերադարձի օրվա դրությամբ առաջադրվում է հարկի (հաստատագրված վճարի) կամ հարկային այլ տուգանքի գծով պարտավորություն` ավելի վերադարձված գումարի չափով: Այդ դեպքերում տվյալ ճշգրտված ապառքների մասով օրենքով սահմանված կարգով եւ չափերով հաշվարկվում (վերահաշվարկվում) են տույժեր (տուգանքներ), ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով հաշվարկվում (վերահաշվարկվում) են կրկնապատկվող տուգանքները:
4.5. Եթե հարկային գերավճարների կամ գերավճարից տարբերվող գումարների հաշվին այլ պարտավորությունների դիմաց փաստացի հաշվանցված եւ (կամ) վերադարձված գումարների հաշվանցումը եւ (կամ) վերադարձը հարկ վճարողի մոտ իրականացված ստուգմամբ (կամ վերստուգմամբ) համարվում են չհիմնավորված, ապա ստուգման արդյունքներով հաշվանցման օրվա դրությամբ կատարվում է հարկ վճարողի այլ պարտավորությունների վերահաշվարկ (հաշվանցված այլ պարտավորության վերականգնում)` ավելի հաշվանցված գումարի չափով, իսկ վերադարձի դեպքում վերադարձի օրվա դրությամբ առաջադրվում է հարկի (հաստատագրված վճարի) կամ հարկային այլ տուգանքի գծով պարտավորություն` ավելի վերադարձված գումարի չափով: Այդ դեպքերում տվյալ ճշգրտված ապառքների մասով օրենքով սահմանված կարգով եւ չափերով հաշվարկվում (վերահաշվարկվում) են տույժեր (տուգանքներ), ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով հաշվարկվում (վերահաշվարկվում) են կրկնապատկվող տուգանքները:».
5) 5-րդ բաժնի վերնագրում, 5.1-րդ եւ 5.4-րդ կետերում «այլ հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով.
6) 6-րդ բաժնի`
ա. 6.1-րդ եւ 6.3-րդ կետերում «այլ հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով,
բ. 6.1-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«բ) հաշվանցման եւ (կամ) վերադարձման նպատակով կամերալ ուսումնասիրություն.»,
գ. 6.2-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Սույն կետում նշված, ինչպես նաեւ հաշվանցման ենթակա այլ գումարների հաշվին հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման համար եզրակացությունների ձեւերը սահմանում է վերադաս հարկային մարմինը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:».
7) 7-րդ բաժնի 7.1-րդ կետում «այլ հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով.
8) 8-րդ բաժնի`
ա. վերնագրում, 8.3-րդ, 8.4-րդ, 8.5-րդ եւ 8.6-րդ կետերում «այլ հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով,
բ. 8.1-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերը վերջին բառից հետո լրացնել «, կամ`» բառով, իսկ «գ» ենթակետում «100,0 հազ. դրամը» բառերը փոխարինել «10,0 մլն. դրամը» բառերով.
9) 9-րդ բաժնի`
ա. 9.1-րդ կետում «այլ հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով,
բ. 9.2-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարների մնացորդը (բացառությամբ` 9.3-րդ կետում նշված դեպքերի) կարող է հաշվանցվել հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց առանց հարկ վճարողի դիմումի, եթե մնացորդն արձանագրվում է կամերալ ուսումնասիրությամբ կամ առանց ուսումնասիրության:»,
գ. 9.3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«9.3. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի գումարների հաշվանցումը (բացառությամբ` գերավճարի մնացորդի) եւ (կամ) դրանց վերադարձն իրականացվում են միայն հարկ վճարողի դիմումի հիման վրա:».
10) 10-րդ բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«10. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման կանոնները
10.1. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը հաշվանցվում է հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց` նախ մարելով տվյալ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների), վճարատեսակի, պետական տուրքի մասով հաշվարկված հարկի (կամ հաստատագրված վճարների), վճարի, պետական տուրքի բոլոր գումարները, ապա` ապառքների նկատմամբ հաշվարկված տույժերի բոլոր գումարները, այնուհետեւ` հաշվարկված տուգանքների բոլոր գումարները, իսկ հարկային այլ տուգանքներից ու հարկերին եւ վճարներին չվերաբերող տուգանքներից առաջնահերթ մարվում են կրկնապատկվող եւ դեռեւս չկրկնապատկված տուգանքների գումարները:
10.2. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը նախ ուղղվում է մեկ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների), վճարատեսակի, պետական տուրքի, բոլոր հարկային այլ տուգանքների կամ հարկերին եւ վճարներին չվերաբերող տուգանքների տեսակի մասով պարտավորությունների մարմանը, ապա՝ հաջորդ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների), վճարատեսակի, պետական տուրքի, դեռեւս չընտրված բոլոր հարկային այլ տուգանքների կամ հարկերին եւ վճարներին չվերաբերող տուգանքների տեսակի մասով պարտավորությունների մարմանը: Առանց հարկ վճարողի դիմումի հաշվանցումներ կատարելիս, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ հարկ վճարողը դիմումի մեջ չի նշել այլ պարտավորությունների մարման հերթականությունը, այլ պարտավորությունները մարվում են հետեւյալ հերթականությամբ՝
1) հարկային այլ տուգանքները` առաջնային մարելով կրկնապատկվող եւ դեռեւս չկրկնապատկված տուգանքների գումարները.
2) այն հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների) մասով բոլոր հարկային պարտավորությունները, որոնց ապառքն ավելի վաղ է առաջացել, ապա՝ ավելի ուշ առաջացածներինը (նույն օրը տարբեր հարկատեսակների կամ հաստատագրված վճարների մասով ամենավաղ առաջացած ապառքների դեպքում հարկատեսակի կամ հաստատագրված վճարների ընտրությունը կատարվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածում տրված թվարկման հերթականությանը համապատասխան).
3) այն վճարատեսակի մասով բոլոր պարտավորությունները, որոնց ապառքն ավելի վաղ է առաջացել, ապա՝ ավելի ուշ առաջացածներինը (նույն օրը տարբեր վճարատեսակների մասով ամենավաղ առաջացած ապառքների դեպքում վճարատեսակի ընտրությունը կատարվում է հետեւյալ հերթականությամբ` սոցիալական վճարներ, բնապահպանական եւ բնօգտագործման վճարներ, ճանապարհային վճար եւ կարգավորման պարտադիր վճարներ).
4) այն պետական տուրքի մասով պարտավորությունները, որոնց ապառքն ավելի վաղ է առաջացել, ապա՝ ավելի ուշ առաջացածներինը.
5) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» եւ «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված տուգանքները առաջնային մարելով կրկնապատկվող եւ դեռեւս չկրկնապատկված տուգանքների գումարները.
6) «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տուգանքները:
10.3. Հարկ վճարողի դիմումում համապատասխան ցուցում լինելու դեպքում հարկ վճարողի հարկային կամ այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը կարող է ուղղվել առաջիկայում առաջանալիք պարտավորությունների մարմանը (այսինքն` վճարման վերջնաժամկետը լրացած այն պարտավորությունների մարմանը, որոնց վերաբերյալ հաշվարկը (հաշվետվությունը, հայտարարագիրը) հարկային մարմիններին դեռեւս չեն ներկայացվել, կամ ապագա պարտավորությունների մարմանը):».
11) 11-րդ բաժնի 11.1-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«11.1. Գերավճարը կամ գերավճարից տարբերվող գումարը հարկ վճարողին վերադարձվում է հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկային եւ սոցիալական վճարների մասով բոլոր պարտավորություններն օրենքով սահմանված կարգով հաշվանցելուց հետո: Ընդ որում, եթե գումարը վերադարձնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու պահին ավարտվել է հերթական հաշվետու ժամանակաշրջանը, uակայն հարկ վճարողի կողմից չեն ներկայացվել (հարկային մարմինը չի uտացել) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հարկերի (հաստատագրված վճարների) եւ սոցիալական վճարների հաշվարկման համար հիմք հանդիuացող` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված հաշվարկները, հաշվետվությունները, հայտարարագրերը, ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների, հաuտատագրված վճարների հաշվարկման uահմանային չափերի վերաբերյալ հայտարարություններն ու տեղեկությունները, կամ եթե լրացել է նոր վճարում կատարելու ժամկետը, ապա գումարների վերադարձն իրականացվում է նոր պարտավորությունների մեծությունները որոշելուց (մաuնավորապեu` ներկայացվող հաշվարկների, հաշվետվությունների, հայտարարագրերի, տեղեկությունների հիման վրա) եւ նոր ծագած պարտավորությունները մարելուց հետո:»:
12) 12-րդ բաժնի 12.1-րդ եւ 12.2-րդ կետերում, 14-րդ բաժնի 14.1-րդ, 14.2-րդ եւ 14.4-րդ կետերում «այլ հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով.
13) 16-րդ բաժնի 16.2-րդ, 16.3-րդ եւ 16.6-րդ կետերից, 17-րդ բաժնի 17.1-րդ կետից հանել «եւ էկոնոմիկայի» բառերը:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
Այն հարկ վճարողները, որոնց համար օրենքի N4 հավելվածով սահմանված գրանցումը (հաշվառումը) պարտադիր չէ, մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգով վարվող գրանցումը (հաշվառումը) դադարեցնում են 2012 թվականի հունվարի 1-ից:
Այն հարկ վճարողները, որոնց համար պարտադիր է օրենքի N4 հավելվածով հաստատված կարգով գրանցումը (հաշվառումը), պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում օրենքի N4 հավելվածին համապատասխան առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքերը (այսուհետ` գրքերը) ներկայացնել իրենց հաշվառման հարկային մարմին հաշվառման եւ դրոշմակնքման: Սույն պարբերությունում նշված ժամկետում մինչեւ գրքերը հարկային մարմնի կողմից հաշվառելը, դրոշմակնքելը ու հարկ վճարողին տրամադրելը օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված` առաքվող կամ տեղափոխվող ապրանքները չգրանցելու սահմանված պատասխանատվության միջոցները չեն կիրառվում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՔՎՈՂ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ)
1. Uույն կարգով uահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվող կամ տեղափոխվող` շարժական, նյութական գույք հանդիսացող արտադրանքի, ապրանքների (այսուհետ` ապրանքներ) փաստաթղթավորման եւ ուղեկցող փաստաթղթերի գրանցման (հաշվառման) կարգը: Սույն կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրանք, ապրանքներ առաքող, տեղափոխող, վաճառող կազմակերպությունների (ոչ առեւտրային կազմակերպությունների համար` ձեռնարկատիրական գործունեության մասով) ու անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` հարկ վճարող) վրա, բացառությամբ բանկերի, ապահովագրական ընկերությունների, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, վճարահաշվարկային եւ վարկային կազմակերպությունների, «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով արտոնագրային վճար վճարողների, «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով հաստատագրված վճար վճարողների (անկախ օրենքով սահմանված սահմանային չափերը գերազանցելու հանգամանքից):
2. Սույն կարգում կիրառվող հասկացությունները.
առաքման վայր ` հարկ վճարողին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող` հասցե ունեցող կամ չհասցեավորված անշարժ գույքի միավոր, առեւտրի օբյեկտ, առեւտրի իրականացման վայրի վաճառատեղ, անշարժ գույքի միավորներից որպես միասնություն կազմված անշարժ գույքի օբյեկտ, ընդերքի տեղամաս, ներբնակավայրային եւ բնակավայրերի սահմանագծերից դուրս աշխարհագրական օբյեկտ, որտեղից առաքվում, տեղափոխվում կամ որտեղ վաճառվում է ապրանքը,
առաքման կետ ` տրանսպորտային միջոցմ որն օգտագործվում է նախապես անհայտ գնորդներին հարկ վճարողի կողմից իր ապրանքներն առաքելու համար
առաքվող ապրանք ` հարկ վճարողի կողմից իր առաքման վայրերից կամ կետերից առուվաճառքի, մատակարարման, փոխանակության, կոմիսիայի, գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի հիման վրա կամ առանց դրանց գնորդին (ստացողին) կամ նրա նշած անձին հանձնվող (այդ թվում` տեղ հասցնելու կամ փոխադրողին հանձնելու պայմանով)` իրացվող, հատկացվող, բացթողնվող, տրամադրվող կամ ցանկացած այլ ձեւով oտարվող (այդ թվում` անհատույց) ապրանք,
տեղափոխվող ապրանք ` հարկ վճարողի կողմից իր առաքման վայրերի եւ (կամ) կետերի միջեւ տեղափոխվող, իր առաքման վայրերից մաքuատուն կամ մաքuակետ տեղափոխվող կամ պահատվության, հանձնարարության, պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերով հանձնվող կամ հետ վերադարձվող կամ որեւէ առաքման վայրից կամ կետից ձեռքբերված եւ տեղափոխվող (այդ թվում` փոխադրողի միջոցով) ապրանք,
ուղեկցող փաստաթուղթ ՝ առաքվող կամ տեղափոխվող ապրանքն ուղեկցող` սույն կարգին համապատասխանող հաշվարկային փաստաթուղթ:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքի առաքումը կամ տեղափոխումը պարտադիր կարգով իրականացվում է հետեւյալ ուղեկցող փաստաթղթերով՝
1) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հարկային հաշիվ դուրս գրելու պարտավորության դեպքում առաքվող (ձեռքբերողի կողմից տեղափոխվվելու դեպքում տեղափոխվող) ապրանքն ուղեկցվում է օրենքով սահմանված կարգով մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշիվներով, իսկ օրենքով սահմանված դեպքերում կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկներով կատարված ձեռքբերումների մասով` հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններով,
2) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հարկային հաշվի փոխարեն այլ հաշվարկային փաստաթուղթ լրացնելու (կազմելու) պարտավորության դեպքում, ինչպես նաեւ ավելացված արժեքի հարկ վճարող չհամարվողների կողմից ապրանքներ առաքելու դեպքում առաքվող (ձեռքբերողի կողմից տեղափոխվելու դեպքում տեղափոխվող) ապրանքն ուղեկցվում է սահմանված կարգով մատակարարի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով (այսուհետ` հաշիվ-ապրանքագիր), իսկ օրենքով սահմանված դեպքերում կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկներով կատարված ձեռքբերումների մասով` հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններով,
3) հարկ վճարողի կողմից ապրանքը(բացառությամբ ձեռքբերված եւ տեղափոխվող ապրանքի) ուղեկցվում է ապրանքի տեղափոխումը հավաստող սահմանված կարգով դուրս գրված համապատասխան ապրանքագրերով, բեռնագրերով եւ բեռնառաքման փաստաթղթերով, իսկ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար մաքսազերծման վայրերից դեպի առաջին նշանակման կետ մաքսային համապատասխան (փոխադրման ամփոփագիր եւ (կամ) մաքսային հայտարարագիր) փաստաթղթերով (այսուհետ՝ ապրանքագիր),
4. Սույն կարգի իմաստով ուղեկցող փաստաթղթին (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերում կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկներով կատարված գործարքների մասով հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններին) ներկայացվող պահանջները համարվում են բավարարված, եթե ուղեկցող փաստաթղթում առկա են հետեւյալ վավերապայմանները.
1) ուղեկցող փաստաթղթի հերթական համարը, դուրսգրման ամսաթիվը,
2) առաքման կամ տեղափոխման ամսաթիվը,
3) առաքման վայրի հասցեն կամ առաքման կետի տվյալները (տրանսպորտային միջոցի անվանումը, մակնիշը եւ պետական համարանիշը), որտեղից առաքվում կամ տեղափոխվում է ապրանքը,
4) առաքվող կամ տեղափոխվող ապրանքների նշանակման վայրի հասցեն,
5) առաքվող (ձեռքբերողի կողմից տեղափոխվելու դեպքում տեղափոխվող) ապրանքների գինը (արժեքը) հանրագումարով,
6) առաքվող կամ տեղափոխվող ապրանքի գնորդի (ստացողի)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող տվյալները, ֆիզիկական անձանց համար անունը ազգանունը:
7) գրանցման գրքի, էջի եւ տողի համարների գրառումը (բացառությամբ հարկային հաշիվների):
5. Սույն կարգի իմաստով անփաստաթուղթ ապրանք է հանդիսանում առաքվող կամ տեղափոխվող այն ապրանքը, որը`
1) փաստացի առաքվում կամ տեղափոխվում է առանց համապատասխան , ուղեկցող փաստաթղթի,
2) փաստացի առաքման կամ տեղափոխման ժամանակ օրենքով սահմանված կարգով հայտնաբերված՝ ուղեկցող (կամ էլեկտրոնային եղանակով դուրս գրված) փաստաթղթերի համեմատությամբ փաստացի առաքվող կամ տեղափոխվող ապրանքի քանակական ավելցուկը,
3) փաստացի առաքվում կամ տեղափոխվում է սույն կարգի 4-րդ կետի պահանջներին չբավարարող ուղեկցող փաստաթղթով: Սույն ենթակետի կիրառման իմաստով ուղեկցող փաստաթղթին ներկայացվող պահանջները համարվում են բավարարված նաեւ այն դեպքերում, երբ ուղեկցող փաստաթղթերի վավերապայմաններում առկա են ոչ էական թերություններ (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ եւ բացթողումներ), պայմանով, եթե առկա վավերապայմաններն ըստ էության հիմնավորում են սույն կարգի 4-րդ կետի պահանջների կատարված լինելը:
4) օրենքով սահմանված կարգով հայտնաբերված փաստացի առաքվող (ձեռքբերողի կողմից տեղափոխելու դեպքում տեղափոխվող) ապրանքը, որն ուղեկցվում է սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված ուղեկցող փաստաթղթով
Անփաստաթուղթ ապրանքի մասով սույն կարգի դրույթները չեն տարածվում հարկ վճարողի կողմից օրենքով սահմանված դեպքերում կանխիկ դրամական հաշվարկներով վաճառված ապրանքների վրա, երբ պարտադիր է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը: Անփաստաթուղթ ապրանքի մասով սույն կարգի դրույթները տարածվում են ապրանքներ ձեռքբերող հարկ վճարողների կողմից տեղափոխվելու դեպքում տեղափոխվող ապրանքների վրա, անկախ ապրանքներ վաճառող հարկ վճարողի համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու հանգամանքից:
6. Հարկ վճարողն իր առաքման վայրից կամ կետից ապրանքի առաքում կամ տեղափոխում իրականացնելու դեպքում (բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների մաքսազերծման վայրերից դեպի առաջին նշանակման կետ տեղափոխման) պարտավոր է`
1) սույն կարգին համապատասխան վարել առաքվող կամ տեղափոխվող ապրանքների փաստաթղթավորում եւ ուղեկցող փաստաթղթերի հաշվառում` կատարելով գրանցումներ սույն կարգին կից սահմանված ձեւով էջերից կազմված, համարակալված, թելակարված եւ իր հաշվառման հարկային մարմնի կողմից հաշվառված ու դրոշմակնքված` առաքվող կամ տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) գրքերում (այսուհետ` գիրք), կամ
2) 2013 թվականի հունվարի 1-ից սկսած՝ սույն կարգին համապատասխան` առաքվող կամ տեղափոխվող ապրանքների ուղեկցող փաստաթղթերի հաշվառումը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վարել էլեկտրոնային եղանակով:
7. Հարկ վճարողն իր յուրաքանչյուր առաքման վայրի համար (ապրանքների առաքում կամ տեղափոխում իրականացնելու դեպքում) պարտավոր է վարել առանձին գիրք, որը սույն կարգին համապատասխան ներկայացվում է հարկային մարմին հաշվառման եւ դրոշմակնքման: Հարկ վճարողը պարտավոր է ապրանքների առաքման կամ տեղափոխման ընթացքում գիրքը պահել համապատասխան առաքման վայրում, գրքերում գրանցումները կատարել գրիչով: Սույն կետի պահանջների խախտումը համարվում է առաքվող կամ տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) կարգի խախտում:
8. Հարկային մարմնում հաշվառված եւ դրոշմակնքված գիրքը խիստ հաշվառման փաստաթուղթ է, որը հերթական համարով հաշվառվում է հարկային մարմնում վարվող` հարկային մարմնում կնքված գրքերի հաշվառման գրանցամատյանում (այսուհետ` գրանցամատյան):
9. Հարկ վճարողը (հարկ վճարող կազմակերպության պաշտոնատար կամ լիազորված անձը) իր հաշվառման հարկային մարմին է ներկայացնում վերադաս հարկային մարմնի սահմանած ձեւով հայտ ու հարկային մարմնում հաշվառման եւ դրոշմակնքման համար գիրքը, իսկ նախկինում հարկային մարմնի կողմից հաշվառված եւ դրոշմակնքված գրքի լրանալ-ավարտվելուց հետո նոր գիրք ներկայացնելու դեպքում` նաեւ նախկինում կնքված եւ համարակալված գիրքը: Հայտը հարկային մարմին մուտքագրվելուց հետո ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինը ապահովում է գրքերի կնքումը, հաշվառումը եւ տրամադրումը հարկ վճարողին, որը ներառում է`
1) գրանցամատյանում պահանջվող տեղեկատվության լրացումը,
2) գրքի համարակալումը գրանցամատյանում գրանցման եւ տվյալ հարկ վճարողի` հարկային մարմնում կնքված գրքերի հերթական համարներով,
3) գրքի կազմի վրա հարկ վճարողի անվանման, կազմակերպական-իրավական ձեւի, հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ), գտնվելու (հաշվառման) վայրի, գտնվելու (հաշվառման) վայրից տարբերվող` առաքման վայրի, առաքման կետի դեպքում` տրանսպորտային միջոցի անվանումը, մակնիշը եւ պետական համարանիշը, ըստ հարկային մարմնում վարվող գրանցամատյանի` գրքի հերթական համարի նշումը,
4) գրքի վերջին էջի թելակարված մասի կնքումը եւ ստորագրումը հարկային մարմնի ղեկավարի կողմից, դրան կից գրքի կնքման եւ համարակալման ամսաթվի մասին գրառումը,
5) գրքի վրա հարկային մարմնի տարբերանշանի պատկերով ինքնաuոuնձվող դրոշմանիշի փակցնումը,
6) հարկ վճարողի նախկինում կնքված գիրքը լրացված-ավարտված լինելու դեպքում վերջին գրառումից անմիջապեu հետո «Գիրքն ավարտված է» նշումը կատարելը եւ կնքելը,
7) հաշվառված եւ դրոշմակնքված գրքի տրամադրումը հարկ վճարողին, հարկ վճարողի պաշտոնատար կամ լիազորված անձի կողմից դրա համար գրանցամատյանում ստորագրելը:
10. Առաքման վայրի կամ կետի գրքի լրանալուց-ավարտվելուց հետո կամ մինչեւ դրա լրանալ-ավարտվելը հարկ վճարողը սույն կարգին համապատասխան նոր գիրք է ներկայացնում հարկային մարմին` հաշվառման եւ դրոշմակնքման: Նոր գրքում գրանցումները կարող են կատարվել միայն հարկային մարմին ներկայացված` լրացված-ավարտված գրքի վերջին գրառումից անմիջապեu հետո հարկային մարմնի կողմից «Գիրքն ավարտված է» գրառումը կատարվելուց եւ կնքվելուց հետո: Եթե հարկ վճարողը հարկային մարմին հաշվառման եւ դրոշմակնքման համար տվյալ առաքման վայրի կամ կետի նոր գիրքը ներկայացրել է մինչեւ նախկինում հարկային մարմնի կողմից կնքված եւ հաշվառված գրքի լրանալ-ավարտվելը, ապա նոր գիրքը ստանալուց հետո պարտավոր է նախկինում հաշվառված եւ դրոշմակնքված գիրքը լրանալ-ավարտվելուց հետո ներկայացնել հարկային մարմին: Սույն կետում նշված դեպքում հարկային մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրքի վերջին գրառումից անմիջապեu հետո կատարում է «Գիրքն ավարտված է» գրառումը, կնքում եւ հարկ վճարողին է տրամադրում լրացված-ավարտված գիրքը:
11. Հարկ վճարողի (պատաuխանատու անձի) կողմից մինչեւ ապրանքների փաստացի առաքումը կամ տեղափոխումըուղեկվող յուրաքանչյուր փաստաթղթի համար առանձին, ըuտ առաքման կամ տեղափոխման հաջորդականության, գրքում կատարվում են հետեւյալ գրանցումները`
1) գրքում գրանցման հերթական համարը,
2) ապրանքներն ուղեկցող փաստաթղթի հերթական համարը , դուրս գրման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,
3) ապրանքների առաքման կամ տեղափոխման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,
4) ապրանքների առաքման փաստաթղթի ընդհանուր գումարը,
5) գնորդը (ստացողը) եւ նշանակման վայրի հասցեն:
12. Գրքում գրանցում կատարելուց հետո գնորդին (uտացողին) կամ նրա կողմից նշած անձին կամ փոխադրողին տրվող ուղեկցող փաստաթղթի վերեւի աջ անկյունում «Գրանցման գիրք N______ Էջ______տող______» գրառման մեջ (նախապես նման գրառման բացակայության դեպքում կատարվում է նաեւ գրառում) լրացվում են գրքի, տվյալ փաuտաթղթի գրանցման էջի եւ տողի հերթական համարները:
13. Հարկ վճարողի կողմից գրքում չեն գրանցվում`
1) առաքման վայրի տարածքում ապրանքների տեղափոխումը,
2) խողովակաշարերով, էլեկտրահաղորդման, էլեկտրակապի գծերով առաքումը,
3) տարածման նպատակով մամուլի տեղափոխումը,
4) վերանորոգման եւ համանման այլ ծառայությունների մատուցման ու աշխատանքների կատարման ժամանակ պահեuտամաuերի կամ երաշխիքային ժամկետ ունեցող տեխնիկայի տեղափոխումը,
5) հարկ վճարողի հիմնական միջոցների եւ արագամաշ առարկաների տեղափոխումը,
6) օրենքով սահմանված կարգով հարկային հաշիվներով առաքումը,
7) օրենքով սահմանված դեպքերում կանխիկ դրամական հաշվարկներով կատարված գործարքները, որոնց համար պարտադիր է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը:
14. Գրանցման գրքում uխալ գրառում կատարելու դեպքում տողի վրա գրիչով գիծ է քաշվում այնպեu, որ հնարավոր լինի կարդալ նախկին գրառումը եւ կատարվում է ճիշտ գրառում (սխալ գրառումից հետո գրքում տողեր լրացված լինելու դեպքում` վերջին գրառման տողից հետո), ջնջված տողի կողքին կատարելով նշագրում uխալ գրառման մաuին` նշելով սխալի ուղղման, ամսաթիվը ամիսը, տարեթիվը, ճիշտ գրառման տողի համարը, հաստատելով գրառում կատարողի ստորագրությամբ:
15. Սույն կարգի 12-րդ կետում նշված գրանցման ժամկետների բացթողնման եւ գրքում հետագա տողեր լրացված լինելու դեպքում առաքման կամ տեղափոխման փաստաթղթերը գրանցվում են վերջին գրառման տողից հետո, այդ տողի կողքին նշելով գրանցման փաստացի կատարման ամսաթիվը ամիսը, տարեթիվը, հաստատելով գրառում կատարողի ստորագրությամբ:
16. Հարկային մարմնի կողմից ստուգմամբ հայտնաբերված` սույն կարգին համապատասխան չգրանցված առաքման կամ տեղափոխման փաստաթղթերը հարկ վճարողները պարտավոր են սույն կարգի 12-րդ կետով նախատեսված կարգով գրանցել գրքում ստուգման ակտը սահմանված կարգով իրենց ներկայացվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:
ը/կ |
ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
(դրամ) |
եւ նշանակման վայրի հասցեն |
|
Հիմնավորում
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը. Նախագծի անհրաժեշտությունը բխում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպքերի համար սահմանված պատասխանատվության խստացման, ձեռնարկատիրական գործունեության առարկանների գրանցման ընթացակարգերի հստակեցման եւ պարզեցման քաղաքականությունից, ինչպես նաեւ անձնական հաշվի քարտերի վարման էլեկտրոնային համակարգի ներդրման անհրաժեշտությունից:
2.Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. Ներկայումս «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված կամ հարկային մարմիններում օրենսդրությամբ սահմանված կարգով չհաշվառված կամ առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դեպքերում հարկ վճարողից գանձվում է տուգանք այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 50 տոկոսի չափով, իսկ մեկ տարվա ընթացքում իրավախախտման երկրոդ դեպքի համար` իրացման շրջանառության (համախառն եկամտի) 100 տոկոսի չափով:
Բացի այդ, անցած տարիներին օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել վերանայել ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման կարգի գործող մեխանիզմները:
Խնդիրը կայանում է նրանում, որ`
ա) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերոհիշյալ հոդվածով սահմանված տուգանքի համար նվազագույն շեմ սահմանված չէ, ինչի արդյունքում ապօրինի ձեռնարկատիրության համար գանձվող տուգանքները շատ դեպքերում ավելի քիչ են լինում քան դրանց արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը,
բ) ձեռնարակատիրական գործունեության առարկաների գրանցման ներկայիս գործող կարգը գործնականում հարկային մարմնին հնարավորություն չի ընձեռում արդյունավետ հսկողություն իրականացնելու ապրանքների առաքման, տրամադրման եւ տեղափոխման գործարքների գրանցման գործընթացի նկատմամբ: Միաժամանակ, ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման ներկայիս գործող կարգը պարունակում է մեծ թվով անհստակություններ, որոնք, ինչպես հարկ վճարողի, այնպես էլ հարկային մարմնի համար դժվարեցնում են ձեռնարակատիրական գործունեության առարկաների եւ դրանց գների գրանցման գրքերի վարումը եւ դրա նկատմամբ իրականացվող հսկողությունը,
գ) ներկայումս գործող օրենքների խմբագրությամբ փաստացի վճարումների հաշվին պարտավորությունների մարումները կատարվում են հետեւյալ հերթականությամբ` հարկի (վճարի, պետական տուրքի) գումարներ, տույժեր, տուգանքներ, իսկ հաշվանցումների դեպքում` տույժեր, տուգանքներ, հարկի (վճարի, պետական տուրքի) գումարներ: Նշված տարբեր մեխանիզմները բարդություններ են առաջացնում անձնական հաշվի քարտերում պարտավորությունների հաշվառման համար:
Բացի այդ, հաշվի առնելով, որ հարկային մարմիններում վարվող տարբեր անձնական հաշվի քարտերում պարտավորությունների հաշվառումը կատարվում է տարբեր եղանակներով եւ յուրաքանչյուր վճարատեսակները հավաքագրվում են կոնկրետ նպատակների համար, ապա հաշվանցումների ժամանակ կարեւոր է նաեւ հերթական անձնական հաշվի քարտի ընտրության հերթականությունը եւ թույլատրվող հաշվանցումների հստակեցումը:
Օրենքում կիրառվող հասկացությունները հստակ չեն եւ բարդություններ են առաջացնում դրանց կիրառման ընթացքում (առավել եւս` էլեկտրոնային եղանակով անձնական հաշվի քարտերի վարման դեպքում):
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու համար սահմանված պատասխանատվության խստացմանը, ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման գործող կարգի հնարավորինս հստակեցմանը եւ պարզեցմանը, ինչպես նաեւ անձնական հաշվի քարտերի վարումը (նաեւ` դրանց միջեւ հաշվանցումները) էլեկտրոնային եղանակով իրականացնելու համակարգի ներդրմանը` հնարավորինս հրաժարվելով թղթային տարբերակով գործող ընթացակարգերից:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը. Նախագծի կարգավորման նպատակը ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու համար սահմանված պատասխանատվության խստացումն է, ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման գործող ընթացակարգերի հնարավորին հստակեցումը եւ պարզեցումը, ինչպես նաեւ անձնական հաշվի քարտերի վարման (նաեւ` դրանց միջեւ հաշվանցումների) էլեկտրոնային եղանակով իրականացնելու համակարգի ներդրումը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից:
6. Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է`
ա) հարկային օրենսդրությամբ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու համար հստակեցնել պատասխանատվության կիրառման մեխանիզմները եւ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու համար սահմանել տուգանքի նվազագույն չափ,
բ) վերացնել ձեռնարկատիրական գործունեության առարկաների գների գրանցման գրքերի (հասույթի գրքերի) վարման պահանջը:
գ) ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման կարգի փոխարեն սահմանել առաքվող կամ տեղափոխվող ապրանքի ուղեկցող փաստաթուղթ պարտադիր գրանցման կարգ,
դ) հստակեցնել ու պարզեցնել առաքվող կամ տեղափոխվող ապրանքի ուղեկցող փաստաթղթի գրանցման կարգը` միաժամանակ հստակ սահմանելով ուղեկցող փաստաթղթերին ներկայացվող պահանջները,
դ) կատարելագործել եւ պարզեցնել հարկային մարմինների կողմից վերահսկվող պարտավորությունները հաշվառող անձնական հաշվի քարտերի վարման ընթացակարգերը: