Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի 6-րդ կետից հանել «(բացառությամբ հետբացթողումային հսկողության)» բառերը:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում.
1) 2-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «, առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացման» բառերը եւ ուժը կորցրած ճանաչել չորրորդ պարբերությունը,
2) 3-րդ մասից հանել «առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի, ապրանքների գրանցման, առանց պետական գրանցման,» բառերը:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում.
1) 3.1-րդ մասը 5-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 51 -րդ կետով.
«51 ). յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտի մոտ օրենքով սահմանված կարգով արձանագրվել է առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների փաստաթղթավորման եւ (կամ) ուղեկցող փաստաթղթերի գրանցման օրենքով սահմանված կարգի մեկից ավելի խախtումներ»:
2) 4-րդ մասը «թեմատիկ ստուգումից» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 3.1-րդ մասի 5-րդ կետով սահմանված ստուգումների)» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը. Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծից, ինչպես նաեւ գործող օրենսդրությամբ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող հարկային ծառայողների լիազորությունների շրջանակի հստակեցման անհրաժեշտությունից:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքով առաքվող, տրամադրվող եւ տեղափոխվող ապրանքների գրանցման կարգի նկատմամբ հսկողության իրականացմանն առնչվող դրույթները համապատասխանեցված են «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածին, որը օրենսդրական նախագծերի փաթեթով առաջարկվում է ամբողջությամբ վերախմբագրել:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է հարկային ծառայողների կողմից իրականացվող հսկողական գործառույթների արդյունավետության բարձրացմանը եւ ապօրինի ձեռնարկատիրության դեմ պայքարի գործուն միջոցների կիրառությանը:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը. Նախագծերի կարգավորման նպատակը հարկային ծառայողների կողմից իրականացվող հսկողական գործառույթների օրենսդրական հիմքի կատարելագործումն է:
5. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագծերը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից:
6. Ակնկալվող արդյունքը. Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է, սահմանել, որ`
ա) մաքսային մարմինների կողմից հետբացթողումային հսկողության շրջանակներում իրականացվող միջոցառումների «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով իրականացվող ստուգումներ չեն,եւ այն իրականացնել ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված կարգով:
բ) «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանված կարգի նկատմամբ իրականացվող հսկողական աշխատանքներն իրականացվելու են հարկային մարմնի կողմից միայն օպերատիվ-հետախուզական միջոցառումենրի շրջանակներում, որի արդյունքում կազմված արձանագրությունը հիմք է օրենքով սահմանված կարգի խախտումը պարզելու եւ միայն խախտման հիմք հանդիսացող գործարքի կամ գործողության մասով օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու, ինչպես նաեւ հարկային պարտավորություններ առաջադրելու համար,
դ) «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանված կարգի խախտման 1-ին դեպքերում հարկ վճարողները կընդգրկվել ռիսկայնության բարձր խմբում, իսկ մեկ օրացույցային տարվա ընթացքում վերոհիշյալ կարգի մեկից ավել խախտումների դեպքում կիրառելի չեն համարվում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթները, ինչը նշանակում է, որ տվյալ հարկ վճարողների մոտ կարող է իրականացվել բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներ: